Վրաստանում վարչապետի պաշտոնում առաջադրվել է Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը, որն ավելի վաղ զբաղեցրել է այդ պաշտոնը
«Վրացական երազանք» իշխող կուսակցության քաղխորհրդի որոշմամբ՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը, որը վարչապետի պաշտոնն արդեն զբաղեցրել է 2013-2015 թթ-ին։
Վրաստանի վարչապետի պաշտոնը թափուր է մնացել այսօր այն բանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Գիորգի Գախարիան հրաժարական է տվել։
Ինչպես նշել է Գախարիան, իր հրաժարականի հիմնական պատճառներից մեկն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կալանքի մասին որոշման հետ անհամաձայնությունն է, որի պատճառով «տարաձայնություններ են առաջացել թիմի հետ»։
Ո՞վ է Իրակլի Ղարիբաշվիլին
Իրակլի Ղարիբաշվիլին արդեն մեկ անգամ զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը 2013 թ-ի նոյեմբերի 20-ից մինչև 2015 թ-ի դեկտեմբերի 23-ը։
Վրաստանի վարչապետի պաշտոնում երկու տարի անցկացնելուց հետո նա հրաժարական էր տվել 2015 թ-ի դեկտեմբերի 23-ին։
Ղարիբաշվիլին ժողովրդին իր հրաժարականի մասին հաղորդել էր նախապես ձայնագրված հինգրոպեանոց հեռուստաուղերձի միջոցով։ Դրանում նա պատմել էր ձեռք բերված «պատմական արդյունքների» մասին, սակայն ոչինչ չէր ասել իր որոշման պատճառների մասին։
«Պաշտոնները ժամանակավոր են։ Աստված և հայրենիքը՝ հավերժ են։ Այդ պատճառով էլ ես այսօր որոշել եմ լքել վարչապետի պաշտոնը», — այն ժամանակ հայտարարել էր Ղարիբաշվիլին։
Ավելի ուշ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խոստովանել էր, որ հրաժարականի որոշումն իր հետ խորհրդակցությունների արդյունք էր։
Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնն էր զբաղեցրել 2013 թ-ի նոյեմբերին՝ փոխարինելով Բիձինա Իվանիշվիլիին։ Դրանից առաջ նա ՆԳՆ ղեկավարն էր։
Ղարիբաշվիլին քաղաքականությամբ էր սկսել զբաղվել Իվանիշվիլիի հետ միասին, 2011 թ-ի վերջին՝ դրանից առաջ ութ տարի աշխատելով Իվանիշվիլիի բիզնես-կառույցներում։
Ղարիբաշվիլին միակ բարձրաստիճան պաշտոնաթող պաշտոնյան է, որին Իվանիշվիլին դրական է գնահատել հրաժարական տալուց հետո (ի տարբերություն նախկին վարչապետ Կվիրիկաշվիլիի և նախկին նախագահ Մարգվելաշվիլիի, որոնց Իվանիշվիլին կտրուկ քննադատել է)։
2019 թ-ի մարտին Իրակլի Ղարիբաշվիլին անսպասելիորեն վերադարձել էր «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղարի պաշտոնին, այնուհետև՝ զբաղեցրել պաշտպանության նախարարի պաշտոնը։
Իրակլի Ղարիբաշվիլին