Արցախի նախագահը խոստացել է վերադարձնել առանց բացառության բոլոր գերիներին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անհետ կորած զինվորականների հարազատների հետ հանդիպմանը խոստացել է, որ բոլոր նրանք, ովքեր ադրբեջանական գերության մեջ են հայտնվել, կվերադարձվեն։
Դեռևս Ադրբեջանից վերադարձել է ընդհանուր առմամբ 53 գերի։ Գերիների վերջին փոխանակումը տեղի է ունեցել դեկտեմբերի կեսերին։ Այն ժամանակ հայրենիք վերադարձան գերեվարված 45 հայ և 14 ադրբեջանցի։
Գերիների փոխանակումը տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Փոխանակումն անցկացվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն Արցախի օմբուդսմենի գրասենյակը հայտարարում է, որ հաստատված փաստեր ունի տասնյակ հայ գերիների մասին, որոնք Ադրբեջանը չի հաստատում։
Հայաստանի մարդու իրավունքներ պաշտպան Արման Թաթոյանը մեկնել է Մոսկվա։ Այցի նպատակն է նպաստել Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձին։ Ընդ որում, օմբուդսմենի Facebook-յան էջում ասվում է, որ նրա հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու՝ «հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը»։
- Գերիներ էլ չկա՞ն։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ փոխանակել են «բոլորին բոլորի դիմաց»
- Կարծիք․ արդյո՞ք հայերն ու ադրբեջանցիները կարող են միասին ապրել․ հետպատերազմյան իրավիճակի վերլուծություն
Արցախի նախագահի խոստումը
Անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումը կայացել է Հայաստանի Արմավիր քաղաքում։
«Բոլոր գերիներին հետ ենք բերելու, բոլորին անխտիր», — վստահեցրել է նախագահը, սակայն չի կարողացել ժամկետներ նշել։
Հարությունյանը հաղորդել է նաև, որ հայկական կողմն Ադրբեջանին է դիմել զոհերի մարմինները գտնելու, որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերված զինվորականների մարմինները դուրս բերելու հարցում օգնելու խնդրանքով։ Եվ մոտ ապագայում այս գործընթացն արագացնելու համար քայլեր կձեռնարկվեն։
Նոյեմբերի 13-ից մինչ օրս մարտական գործողությունների վայրում հայտնաբերվել է հայ զինվորների և խաղաղ բնակիչների 1073 մարմին։
Դեկտեմբերի սկզբին, երբ Հայաստան էր վերադարձել 45 հայ գերի, իրավապաշտպան, Հայաստանի արդարադատության նախկին ղեկավար Արտակ Զեյնալյանը հաղորդել էր, որ վերադարձածների կեսը նրանք են, ում վերաբերյալ դիմում էր ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա հայտարարել էր նաև, որ աշխատանք է տարվում դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձման ուղղությամբ։ Սակայն դրանից հետո ոչ ոք չի վերադարձել։
«Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվը»
Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն Ադրբեջանին մեղադրել էր, որ այն թաքցնում է ռազմագերիների և գերեվարված խաղաղ բնակիչների իրական թիվը։
Նա հաղորդել է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ապացուցված փաստեր ունի տասնյակ հայ գերիների մասին, որոնք Ադրբեջանը չի հաստատում։
«Չեմ ուզում հստակ թվեր նշել, բայց տեսաապացույցներ կան», — հայտարարել է Արտակ Բեգլարյանը։
Նա պատմել է նաև, որ գերությունից հետ վերադարձածները, որոնց թվում կան նաև կանայք, անմարդկային վերաբերմունքի և կտտանքների են ենթարկվել ադրբեջանական բանտերում․
«Հայրենիք վերադարձած գերիների մի մասն այժմ հիվանդանոցներում բուժում է ստանում։ Երկու քաղաքացիական գերի մահացել է Ադրբեջանում, մեկի մարմինը փոխանցվել է մեզ, մյուսինը՝ դեռևս ոչ։ Երկուսի պարագայում էլ բավարար ապացույցներ կան, որ բանտում սպանվել են»։