Սև շուկան Ադրբեջան է մտել
Մանաթի արժեզրկումից որոշ ժամանակ անց պարզ է դարձել, թե մարդկանց համար ինչ նոր խնդիրների շղթա է այն բերել:
Նույնիսկ թանկ դոլար կարող եք չգտնել
Պաշտոնապես մեկ դոլարի դիմաց Ադրբեջանում այժմ 1 մանաթ 55 գյափիկ են տալիս, ինչը կրկնակի ավել է, քան մի տարի առաջ: Սակայն, այնուամենայնիվ, արժեզրկումից հետո նույնիսկ այդ փոխարժեքով դժվար է մանաթ փոխանակելը:
80-ամյա Թամարան երկար տարիների ընթացքում չլսված գումար է կուտակել՝ 5000 մանաթ՝ թաղման համար: Նա վախենում է, որ արժեզրկման ևս մեկ ալիքը գերեզմանոցում տեղից նույնիսկ կզրկի նրան, այդ պատճառով էլ ձգտում է գումարն ավելի կայուն արտարժույթով պահել:
Փակ դռներ
Սա այսպես կոչված «Անդրկայարանային» թաղամասն է, այն հայտնի է արտարժույթի փախանակման բազմաթիվ կետերով: Այստեղ միշտ առաջարկում էին քաղաքի ամենաձեռնտու արժեքը: Արժեզրկման առաջին օրը դրանք փակվեցին, հետո «կիսաբացվեցին»: Կախված նրանից, թե ինչ արտարժույթ եք ուզում գնել, դրանք կամ բաց են, կամ փակ ձեզ համար:
Սև շուկա
Որպեսզի այդ պահանջարկը բավարարվի, միանգամից սև շուկա հայտնվեց, որտեղ մանաթով կարելի է դոլար գնել երկուսը մեկին հարաբերակցությամբ՝ 2 մանաթ մեկ դոլարի դիմաց: Թոշակառու Վալիդան պատմում է, որ երկուշաբթի օրը երկու մանաթ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով գործարք է կատարել մետրոյի «Մայիսի 28» կայարանի մոտ: «Հիմա արդեն փոշմանել եմ, իսկ այն ժամանակ խուճապի մատնվեցի», — ասում է նա: Պատմում է նաև, որ իր ընկերուհին նույն փոխարժեքով դոլար է գնել Մոլոկանների այգու մոտ:
Այդ ընթացքում ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը շահարկումներն ու արտարժույթի ապօրինի առքուվաճառքը կանխելու մասին հանձնարարական է ստորագրել: Եվ դեկտեմբերի 28-ին, ըստ պաշտոնական տվյալների, սև շուկայի 3 վաճառող է ձերբակալվել:
Բանկերը հազիվ են հասցնում բարեկամներին սպասարկել
Քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի խոշոր բանկեր սահմանափակ գումար են փոխանակում՝ որոշները մինչև 500 դոլար, մյուսները՝ 1000:
Շատերն օգտվում են բանկի աշխատակիցների հետ ունեցած կապերից: «Ինձ արդեն մի քանի օր է զանգահարում են ընկերներս ու բարեկամներս խնդրանքով, որ օգնեմ պաշտոնական փոխարժեքով արտարժույթ փոխանակել, — պատմում է բանկերից մեկի աշխատակից Ֆարհադը: — Ես և մնացած աշխատակիցներն աշխատելու փոխարեն բարեկամներին ենք օգնում փող փոխանակել: Ընդ որում, հայտարարգրված փոխարժեքով իրավունք ունենք դոլարի խիստ սահմանափակ քանակ փոխանակել, սակայն այն չի հերիքում նույնիսկ բարեկամներին»:
Ոչ պաշտոնական փոխարժեքը
Այդ ընթացքում քաղաքում այնուամենայնիվ սկսեցին աշխատել արտարժույթի փոխանակման որոշ կետեր: Ընդ որում և՛ առքի, և՛ վաճառքի փոխարժեքը պաշտոնականից բարձր է:
Իսկ Կենտրոնական բանկը հայտարարեց, որ հետագա արժեզրկման մասին խոսակցություններն անհիմն են, ինչը, դատելով փորձից, նշանակում է, որ դժվարությունները դեռ առջևում են: