Վրաստան, կորոնավիրուս․ Covid-19–ը՝ հագուստի տոնավաճառում, բռնկում Գարդաբանիի շրջանում
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր Վրաստանում։ Վերջերս ամեն օր 15 և ավելի դեպք է գրանցվում այն դեպքում, երբ վերջին ամիսներին օրական 3-5 դեպքից ոչ ավելին է եղել։
Էպիկենտրոնը Գարդաբանիի շրջանի երեք գյուղերն են, սակայն համաճարակաբաններն այնտեղ բախվել են տեղի բնակիչների դիմադրությանը, որոնք հրաժարվում են թեստավորվել։
Վարակման դեպքեր են հայտնաբերվել նաև Թբիլիսիի ծայրամասում գտնվող Լիլո հագուստի խոշորագույն տոնավաճառում։
Կարանտին՝ Գարդաբանիի շրջանի երեք գուղերում
Մի քանի օրում 37 մարդ է վարակվել Գարդաբանիի շրջանի երեք գյուղերում։
Քարաջալարն ամբողջությամբ փակ է մուտքի և ելքի համար հուլիսի 24–ից, Քարաթաքլիսա և Ախթաքլիա գյուղերում հատուկ ռեժիմ է․ գյուղերի մուտքի մոտ ոստիկանական պահակակետեր են, բոլոր մուտք գործողները և դուրս եկողները ջերմային սքրինինգ են անցնում։
Գյուղերում համաճարակաբանների վեց խումբ է աշխատում։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Թբիլիսիում անցկացրած ասուլիսին հայտարարել է, որ տեղի բնակիչները մեծ խնդիրներ են առաջացնում, քանի որ հրաժարվում են թեստավորվել և պնդում են, որ բացարձակ առողջ են։
Կորոնավիրուսով վարակման դեպքեր հագուստի խոշորագույն տոնավաճառում
Հունիսի 24–ին Վրաստանում գրանցված 19 նոր դեպքերից ութը Լիլոյի վաճառողներ են, որտեղ միշտ մարդաշատ է։
Առավոտից հագուստի տոնավաճառի տարածքում համաճարակաբանների մի քանի խումբ է աշխատում, աշխատակիցների համընդհանուր թեստավորում է կատարվում։
Ենթադրվում է, որ վարակը տոնավաճառ է հասել Գարդաբանիի շրջանի նույն էպիկենտրոնից․ վաճառողներից մի քանիսն այդ շրջանի բնակիչներ են։
Համաճարակի մեկնարկից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 1 073 մարդ։ Նրանցից 911–ն ապաքինվել է, 16–ը՝ մահացել։