Ադրբեջանի արտգործնախարարն ազատվել է պաշտոնից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Էլմար Մամեդյարովին ազատել է երկրի արտգործնախարարի պաշտոնից և գրեթե անմիջապես այդ պաշտոնում նշանակել Ջեյխուն Բայրամովին, որը մինչ այս կրթության նախարարն է եղել։
Տեղի լրագրողներն ու փորձագետներն իրադարձությունների այս զարգացումն անսպասելի են անվանում։
«Ինչպե՞ս է արտաքին քաղաքականությամբ զբաղվելու մեկն, ով դիվանագիտական աշխատանք չի կատարել ոչ մի օր», — հռետորական հարց է տալիս «Թուրան» լրատվական գործակալությունը։
Նախօրեին՝ հուլիսի 15–ի երեկոյան, նախարարների կաբինետի նիստին Իլհամ Ալիևը կտրուկ քննադատել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Վերջինս նիստին չէր մասնակցում։
Նախագահն ասել է, որ հուլիսի 12–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերի ժամանակ բոլորն աշխատանքի էին՝ բացառությամբ արտգործնախարարի։
«…Ամսի 12-ի իրադարձություններից հետո մենք բոլորս աշխատանքի էինք․․․ Ինչո՞վ էր զբաղվում արտգործնախարարությունը։ Որտե՞ղ էր», — հարցրել է նախագահը։
Վարչապետ Ալի Ասադովն ի պատասխան ասել է, որ Էլմար Մամեդյարովը տնից է աշխատում․
«Պարոն նախագահ, ես նրանից հարցրի, նա ասաց, որ տնից է աշխատում»։
Այս հարցով Էլմար Մամեդյարովին զանգահարած լրագրողին նախարարն ասել է․
«Հերիք է, հանուն Ալլահի։ Այլ թեմա չկա՞։ Այդ ի՞նչ հարցեր են։ Այս ժամին մարդուն հարցե՞ր են տալիս։ Վաղը զանգահարիր Լեյլա Աբդուլաևային, նա կպատասխանի»։
Էլմար Մամեդյարովն Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցնում 2004 թ–ից։
Հուլիսի 3–ին արտգործնախարարության շենքում Անվտանգության պետական ծառայության անցկացրած հատուկ գործողության ընթացքում կոռուպցիայի փաստով ձերբակալվել էր նախարարության երեք աշխատակից։
ԱԳՆ Տենդերային հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլլազադեն, Գործերի կառավարման տնտեսական բաժնի վարիչ Սալիմ Ալիզադեն և Հյուպատոսական վարչության հյուպատոսական–իրավական բաժնի պետ Նուրուփաշա Աբդուլաևն, ըստ պաշտոնական տեղեկությունների, կալանավորվել են կաշառք ստանալու համար։