Թաքցնե՞լ կորոնավիրուսը, թե՞ անտեսել։ Թե մեկը, թե մյուսը։ Պատմություն Բաքվից
Նարգիզը (անունը փոխված է) աշխատում է Բաքվի HR-ընկերություններից մեկի գրասենյակում։ Կարանտինի ժամանակ ապրիլին գրասենյակը փակ էր։ Մեկ ու կես ամիս անց իշխանությունները մեղմեցին կարանտինն, ու գրասենյակը կրկին բացվեց։
Նարգիզը բողոքում է, որ աշխատանքը քիչ է, և իրենց աշխատակիցների մեծ մասը կարող է աշխատել տնից և գրասենյակ գալ հազվադեպ այն դեպքում, երբ ընթացիկ խնդիրը պահանջում է ակտիվ ներկայություն։ Սակայն պետը պահանջում է, որ բոլորը ներկա լինեն։
«Երեկ չէ առաջին օրը, երբ աշխատավայրում էի, աշխատակիցներից մեկն ասաց, որ COVID–ի թեստ է հանձնել այն բանից հետո, երբ իր ու կնոջ մոտ ախտանիշներ են եղել՝ ջերմություն և հազ։ Երեկ նա ամեն դեպքում աշխատանքի չէր եկել, իսկ այսօր նրանց զանգահարել և ասել են, որ նրանց արդյունքը դրական է։ Նա տնօրենից հարցրել է, թե արդյոք նշի ընկերության անվանումը, որտեղ աշխատում է, և տնօրենը խնդրել է նման բան չանել՝ վախենալով, որ ընկերությունը կփակեն»։
Նա մնացած աշխատակիցներին էլ է խնդրել ոչ ոքի չպատմել կատարվածի մասին։
«Աշխատակիցներից մեկը հարցրեց․ «Իսկ ինչո՞ւ ես պետք է լռեմ»։ Տնօրենը պատասխանեց․ «Չէ՞ որ չես ուզում, որ մեզ փակեն։ Մեր գործընկերները նույնպես չպետք է այդ մասին իմանան»»։
Նարգիզը փորձել է տնօրենին բացատրել, որ չի ուզում վարակվել և վարակել իր հարազատներին, ինչին ի պատասխան նա նշել է․ «Սրտիդ մոտ մի ընդունիր, նստիր և աշխատիր»։ Նարգիզի խոսքով՝ տնօրենը վարակին թերահավատորեն է վերաբերվում, ինչպես և մնացած աշխատակիցները։
«Իմ գրեթե բոլոր գործընկերները կորոնավիրուսին վերաբերվում են որպես սեզոնային գրիպի, այդ պատճառով էլ ոչ ոք չառարկեց։ Ոմանք ասում են, որ այդ ամենը քաղաքականություն է, ոմանք՝ որ մենք պարզապես կհիվանդանանք–կապաքինվենք, և ամեն ինչ նորմալ կլինի։ Դժգոհ էր միայն մի կին, որը տարեց մայր ունի և վախենում է վարակել նրան, սակայն տնօրենի դեմ դուրս գալ չհամարձակվեց։
Նրանց կարծիքն «ամրապնդվում է» նաև նրանով, որ TƏBİB–ը [պետական կառույց, որը պատասխանատու է կորոնավիրուսի դեմ պայքարի համար — JAMnews] դրական թեստի մասին տեղեկանք չի տալիս։
Մեր աշխատակցին պարզապես հեռախոսով ասել են այդ մասին, իսկ երբ նա խնդրել է իրեն տրամադրել թեստի արդյունքը, պատասխանել են, որ այն չեն տրամադրելու, և դա նախագահի հրամանն է»։
Այնուամենայնիվ, ոչ բոլորն են այդպես մտածում։ Նարգիզն ասում է, որ իր ծանոթի պետը, իմանալով, որ իրենք հանդիպել են և շփվել, միանգաից նրան տուն է ուղարկել մինչև հաջորդ շաբաթվա վերջ։
«Բացի այդ, այսօր տնօրենը եկավ մեր կաբինետ, ԿԱՏԱԿՈՎ հազաց և ասաց․ «Վերջ, այժմ դուք բոլորդ վարակված եք»։
Ես որոշել եմ վաղը զանգահարել տնօրենին և ասել, որ աշխատանքի չեմ գալու, այլապես բոլորին կպատմեմ, թե ինչ է կատարվել։ Իսկ առավոտյան շտապօգնություն կկանչեմ և կխնդրեմ թեստ անել։ Թեև լսել եմ, որ նրանք չեն գալիս, եթե չկա ջերմություն։ Մեր աշխատակցին և նրա կնոջը նույնիսկ բուժման չեն տարել, որովհետև նրանց մոտ «թեթև ընթացք է»։
Արդյունքում՝ Նարգիզն աշխատանքի չի գնացել՝ ասելով, որ հիվանդ է։ Նա 37 աստիճան ջերմություն է ունեցել, սակայն շտապօգնությունում ասել են, որ կգան, «եթե ամեն ինչ շատ վատ լինի»։