Թուրքական ճգնաժամի անդրադարձը Վրաստանում
Հպանցիկ հայացքը բավարար է հասկանալու համար, որ մերձավոր արտասահմանն աննախադեպ չափի քաղաքական ճգնաժամում է:
Տարածաշրջանի երկու կարևոր երկրների՝ Սիրիայի և Իրաքի մեծ մասը հայտնվել է ահաբեկչական կազմակերպության ղեկավարման ներքո, ինչը Երկրորդ աշխարհամարտի տարիներից ի վեր ամենամեծ միգրացիոն ճգնաժամն է առաջացրել Եվրոպայում:
Դրան գումարվում են քաղաքացիական պատերազմները Եմենում և Լիբիայում, ոչ այնքան հեռավոր անցյալում Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջումն ու իսլամիստական կազմակերպությունների ուժեղացումը ողջ տարածաշրջանում:
Վերջին ժամանակաշրջանում տագնապալի չափերի է հասել ահաբեկչական վտանգի մակարդակն ամբողջ աշխարհում:
Սա մեր տարածաշրջանն է:
Նման պայմաններում կայունության յուրաքանչյուր կղզի առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում, որոնցից միշտ աչքի էր ընկկնում Թուրքիան:
Այս երկիրն անմիջականորեն սահմանակից է Սիրիային, Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի միակ անդամն է՝ ամենաբազմաքանակ և լավ պատրաստված բանակով ու ժողովրդավարական ստանդարտներին համապատասխան ընտրված իշխանությամբ: Հենց Թուրքիայի տարածքից ՆԱՏՕ ուժերը գրոհեցին Իսլամական պետությունը և հենց այս երկիրն ընդունեց Սիրիայից փախստականների ամենամեծաթիվ ալիքը (նրանց թիվն այսօր գերազանցում է 2 միլիոնը):
Դրանից ելնելով՝ կայունության և աշխարհիկ ժողովրդավարական համակարգի պահպանումը Թուրքիայում կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանի երկրների փխրուն անվտանգության համար: Այդ թվում նաև՝ Վրաստանի:
Անկախության նվաճումից ի վեր Վրաստանի իշխանություններն ի դեմս Թուրքիայի ունեցել են կայուն, քաղաքականապես և տնտեսապես հավատարիմ գործընկեր, որի հետ իրականացվել են բազմաթիվ հաջող նախագծեր (չնայած բավական է հիշել միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի նախագիծը):
Այս տարվա հունվար-մայիս ամիսների տվյալներով Թուրքիան 16% ներմուծման և 11% արտահանման չափաբաժնով դարձավ Վրաստանի գլխավոր և խոշորագույն գործընկերն արտաքին առևտրում: 2015թ-ի տվյալներով Թուրքիայից Վրաստան է այցելել 1,39 մլն զբոսաշրջիկ:
Շահավետ տնտեսական հարաբերություններից զատ Թուրքիան Վրաստանի համար կարևորագույն երկիր է անվտանգության տեսանկյունից: Վրաստանի համար վտանգավոր է ցանկացած երկարատև դիմակայություն ու քաոս, որն այսօր սպառնում է Թուրքիային: Անկայուն Թուրքիան ահաբեկչական կազմակերպությունների ձեռքերն ավելի շատ կարձակի:
Վրաստանը վնասներ կկրի այն դեպքում, եթե Թուրքիան շեղվի զարգացման ժողովրդավարական ուղուց:
Վտանգ կա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական ապստամբությունը խեղդելու պատրվակով գրոհ կսկսի իր քաղաքական ախոյանների դեմ, ինչն արդեն բավականին ցայտուն է արտահայտվում. ձերբակալվել են հազարավոր մարդիկ, խոսվում է 2004թ-ին արգելված մահապատժի վերականգնման մասին, Էրդողանն ԱՄՆ-ից պահանջում է իր գլխավոր քաղաքական ախոյան Ֆեթուլլահ Գյուլենի էքստրադիցիան: Այդ ամենը զգալիորեն կբարդացնի Թուրքիայի հարաբերությունները ԵՄ և ԱՄՆ հետ, և շատերն են խոսում Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցման վտանգի մասին, ինչը բացարձակապես չի համապատասխանում Վրաստանի եվրատլանտյան շահերին:
Հնչեց ենթադրություն այն մասին, որ եթե Թուրքիան հեռանա Արևմուտքից, Վրաստանի իշխանությունները հնարավորություն կստանան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և ԵՄ միակ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակն առավելագույնս օգտագործելու և, որպես հետևանք, եվրատլանտյան կառույցների հետ ավելի ակտիվ մերձեցում պահանջելու: Հնարավոր է՝ դրանում որոշակի տրամաբանություն կա, չնայած որ իրականում ի դեմս Թուրքիայի մենք ավելի շատ կկորցնենք, եթե կորցնենք, մեր կարևոր դաշնակցին ալյանսի ներսում և Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու անվիճելի կողմնակցին:
Հաշվի ոռնելով այն, որ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները Վրաստանի համար կենսական կարևորություն ունեն, վրացական իշխանությունների առաջին արձագանքը, որը վկայում էր շփոթվածության մասին, որոշակի տպավորություն գործեց:
Առաջին իսկ ժամերին իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին Թուրքիայի հետ սահմանի հնարավոր փակման մասին: Բարեբախտաբար, սահմանը չփակեցին, սակայն այդ հայտարարությունը շատերի մտահոգությունն առաջացրեց. Սարփիի անցակետում հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայի քաղաքացիների կուտակումներ եղան, ովքեր ցանկանում էին հասցնել վերադառնալ հայրենիք:
Այդ հապճեպ հայտարարությունը վնաս հասցրեց վրացական բիզնեսին. Աջարիայում դատարկվեց հյուրանոցների և խաղատների մեծ մասը: Բիզնեսի այս հատվածի եկամտի մեծ մասն ապահովվում է Թուրքիայի հետ լավ հարաբերությունների հաշվին:
Հրապարակվել է՝ 20.07.2016