«Ո՛չ ԵՄ-ն է, ո՛չ էլ ԱՄՆ-ն»․ Կոբախիձեն՝ «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին
Կոբախիձեն՝ «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին
Դուբլինում՝ Միջազգային և Եվրոպական հարաբերությունների ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին խոսել է, այսպես կոչված, «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին՝ հայտարարելով, որ այդ եզրույթի հետևում կանգնած են իրական մարդիկ, որոնց մասին բացահայտ հայտարարելը «վտանգավոր» կլիներ։
Իրակլի Կոբախիձեն գտնվում է Դուբլինում, որտեղ մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 9-րդ գագաթնաժողովին: Նա կմասնակցի բացման լիագումար նիստին և ժողովրդավարական Եվրոպայի անվտանգության և պաշտպանության ապահովման վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանը:
Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ և ծառայում է որպես եվրոպական պետությունների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության հարթակ։ Վրաստանն ավանդաբար մասնակցում է այս ձևաչափի հանդիպումներին, չնայած այն հանգամանքին, որ վերջին ժամանակներում Եվրամիության և Վրաստանի կառավարության միջև քաղաքական շփումները նվազագույնի են հասցվել։
Կոբախիձեի խոսքով՝ «գլոբալ պատերազմի կուսակցությունը» պետք չէ նույնացնել ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ Միացյալ Նահանգների հետ, չնայած դրա հետևում կանգնած ուժերը կարող են ազդել այս երկու քաղաքական կառույցների պաշտոնական ինստիտուտների վրա։
«Մենք երբեք չենք նշել, թե ում նկատի ունենք «գլոբալ պատերազմի կուսակցություն» ասելով, բայց այս եզրույթի հետևում կանգնած են շատ կոնկրետ մարդիկ։ Մենք հստակ նշում ենք, որ «գլոբալ պատերազմի կուսակցությունը» նույնը չէ, ինչ Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգները, չնայած այս մարդիկ օգտագործում են պաշտոնական գործիքներ Վրաստանի վրա ազդելու համար»,- նշել է Կոբախիձեն։
Վարչապետը պատմել է մի հանդիպման մասին, որին մասնակցել է իր նախորդի՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Կոբախիձեի խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ մի անձ Վրաստանին կոչ է արել «երկրորդ ճակատ» բացել։ Նա չի նշել այդ անձի կամ պաշտոնական կառույցի անունը, որի հետ նա ենթադրաբար կապ ունի։
Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը խորապես համոզված է, որ այդ մարդը «գլոբալ պատերազմի կուսակցության» ներկայացուցիչ է, միաժամանակ պարզաբանելով, որ միջադեպի հետևում կանգնած չեն ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ ԱՄՆ նախկին վարչակազմը։
Նա հիշատակել է «խորը պետություն» (deep state) եզրույթը, որն օգտագործվում է ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից, և բացատրել, որ Վրաստանի կառավարությունը դրանով նկատի ունի նմանատիպ ուժեր, չնայած պարտադիր չէ, որ դա նույն իմաստն ունենա։
Վարչապետը նշել է, որ կառավարությունը չի բացահայտում այդ անձանց անունները՝ ելնելով երկրի շահերից, քանի որ հարցի հրապարակային քննարկումը «վտանգավոր» կլինի: Նա նաև ասել է, որ նման ուժերը պաշտոնական մեխանիզմներ են օգտագործում այլ պետությունների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքականության վրա ազդելու համար: Քննարկման ընթացքում Կոբախիձեն անդրադարձել է նաև 2008 թ․-ի ռուս-վրացական պատերազմին՝ նշելով, որ այն կարելի էր կանխել: Զուգահեռ անցկացնելով Ուկրաինայի հետ՝ նա նշել է, որ Ուկրաինայի դեպքում կարելի էր կանխել ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ պատերազմը:
«Իհարկե, Ռուսաստանն է սկսել այդ պատերազմները, ինչպես որ սկսեց պատերազմը Վրաստանում, պատերազմ, որը հրահրվեց Վրաստանի կառավարությունում պաշտոններ զբաղեցնող օտարերկրյա գործակալների կողմից։ Միևնույն ժամանակ, ես համոզված եմ, որ այս երեք պատերազմներն էլ՝ 2008 թ.-ի ռուս-վրացական պատերազմը և Ուկրաինայի երկու պատերազմները, կարելի էր կանխել։ Դժբախտաբար, որոշ ազդեցիկ անձինք չէին ուզում, որ դրանք կանխվեն»,- հայտարարել է նա։
Կոբախիձեին հարցրել են, թե ինչո՞ւ է Վրաստանը ձգտում ԵՄ անդամակցության, եթե, ինչպես պնդում է կառավարությունը, եվրոպական ինստիտուտների որոշ ներկայացուցիչներ փորձել են երկիրը ներքաշել պատերազմի մեջ կամ միջամտել ժողովրդավարական ընտրություններին։
Ի պատասխան՝ վարչապետը հայտարարել է, որ Վրաստանի համար Եվրամիության արժեքը կայանում է հենց ԵՄ-ի մեջ, այլ ոչ թե այն կոնկրետ քաղաքական գործիչների կամ բյուրոկրատների, որոնք ներկա պահին ներկայացնում են դրա ինստիտուտները։
Վարչապետն անդրադարձել է նաև Վրաստանի և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ու տնտեսական նշանակությանը։ Նա նշել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին Եվրոպան Արևելքի հետ կապող տրանսպորտային և տնտեսական ուղիները ձեռք են բերել հատուկ նշանակություն։
Կոբախիձեի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Եվրամիությունը կորցրել է կապը ռուսական շուկայի հետ, որը նախկինում զգալի տեղ էր զբաղեցնում եվրոպական տնտեսության մեջ, ինչպես նաև բախվել համեմատաբար ավելի էժան բնական պաշարների սահմանափակ հասանելիության խնդրին։
Բացի այդ, նա նշել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում Արևելքի հետ կապերը պահպանելու համար։ «Ստեղծված իրավիճակում Վրաստանն ու Հարավային Կովկասը մնում են Եվրոպան Արևելքի հետ կապող միակ ճանապարհը, ուստի սերտ համագործակցության և ամուր կապերի պահպանումը չափազանց կարևոր նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև հենց Եվրոպայի համար»,— հայտարարել է Կոբախիձեն:
Ինչպե՞ս է առաջացել «գլոբալ պատերազմի կուսակցություն» եզրույթը, ինչո՞ւ է «Վրացական երազանքն» այն վերածել քաղաքական ուղերձի
Այսպես կոչված, «գլոբալ պատերազմի կուսակցության» հայեցակարգը «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական հռետորաբանության մեջ ի հայտ եկավ 2022 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո: Սկզբում իշխող կուսակցության ներկայացուցիչները «պատերազմի կուսակցություն» եզրույթն օգտագործում էին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանն անդրադառնալու համար, սակայն հետագայում դրա իմաստը ընդլայնվեց. իշխանությունները սկսեցին պնդել, թե դրա հետևում կանգնած են ազդեցիկ ոչ ֆորմալ արևմտյան քաղաքական խմբեր:
«Վրացական երազանքի» կարծիքով՝ այդ ուժերի նպատակն է Վրաստանը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ՝ փաստացի բացելով «երկրորդ ճակատ» Ուկրաինայի հակամարտությանը զուգահեռ: Իշխանության ներկայացուցիչներն այս պնդումը կապեցին ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունների, Վրաստանին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու կոչերի և Արևմուտքի կողմից Թբիլիսիի վրա քաղաքական ճնշման հետ:
«Գլոբալ պատերազմի կուսակցություն» եզրույթը հատկապես արդիական դարձավ 2024 թվականի ապրիլին, երբ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց միջազգային ուժի գոյության մասին, որը ձգտում է փոխել Վրաստանի կառավարությունն ու երկիրը ներքաշել պատերազմի մեջ: Իվանիշվիլին ավելի ուշ բացատրեց, որ ինքն է հորինել այս եզրույթը՝ Վրաստանում գործող «պատերազմի կուսակցությունը» (ինչպես նա բնութագրում էր ընդդիմությանը) և դրա հետևում կանգնած միջազգային ուժերին տարբերակելու համար:
Չնայած իշխանությունները «գլոբալ պատերազմի կուսակցությունը» չեն նույնացնում Եվրամիության կամ Միացյալ Նահանգների հետ, այս համատեքստում տարբեր ժամանակներում հիշատակվել են արևմտյան քաղաքական ինստիտուտների ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի անդամներ, ամերիկացի քաղաքական գործիչներ և միջազգային կազմակերպություններ: Այնուամենայնիվ, «Վրացական երազանքը» դեռևս չի մատնանշել որևէ անհատի կամ կազմակերպության կամ չի ներկայացրել ապացույցներ նման համակարգված խմբի գոյությունը հաստատելու համար:
«Գլոբալ պատերազմի կուսակցության» նարատիվը դարձել է «Վրացական երազանքի» քաղաքական հռետորաբանության առանցքային տարրերից մեկը։ 2024 թ․-ի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավը կառուցել է պատերազմի և խաղաղության միջև ընտրության շուրջ՝ հաճախ ընդդիմությանն ու կառավարության քննադատներին ներկայացնելով որպես ի շահ «պատերազմամետ» միջազգային ուժերի գործող գործակալների։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կոբախիձեն՝ «գլոբալ պատերազմի կուսակցության» մասին