ԱՄՆ-ն և երկրի առանձին կառույցներ Վրաստանում պիտակավորվել են որպես «թշնամական ուժեր»
«Սաբոտաժի գործ» վրացի ընդդիմադիր գործիչների դեմ
Թբիլիսիի քաղաքային դատարանում նախօրեին կայացել է ևս մեկ դատական նիստ 8 ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ: Խոսքն, այսպես կոչված, «սաբոտաժի գործի» մասին է։ Որպես վկաներ հարցաքննվել են «Միացյալ չեզոք Վրաստան» կուսակցության անդամները: Այս ուժն ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցության արբանյակի համբավ։
Դատավարությունից հետո մեղադրյալներից մեկը՝ «Գիրչի. ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, սոցցանցերում գրել է. «Վկաները դատարանում ցուցմունք են տվել, որ 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերը ֆինանսավորվել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և եղել են պետական հեղաշրջման փորձ»։
Այսպես կոչված, «սաբոտաժի գործը» Վրաստանի դատախազությունը հարուցել է 2025 թվականին՝ ընդդեմ 8 ութ ընդդիմադիր քաղաքական գործիչների։
Դատախազության տվյալներով՝ նրանք «օտարերկրյա պետություններին տեղեկատվություն են տրամադրել երկրի անվտանգության, նավթամթերքի ներմուծման և այլ հարցերի վերաբերյալ՝ ի վնաս Վրաստանի պետական շահերի»։
Մեղադրյալների թվում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, «Աղմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն, «Կոալիցիա հանուն փոփոխությունների» առաջնորդներ Նիկա Գվարամիան, Նիկա Մելիան, Զուրաբ Ջափարիձեն և Էլենե Խոշտարիան, «Լելո-Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն։ Դատախազությունը պնդում է, որ նրանց գործողությունները հանգեցրել են տարբեր երկրների կողմից մոտ 300 վրացի քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների և գործարարների նկատմամբ անձնական պատժամիջոցների կիրառմանը։
Մեղադրյալներն ու նրանց պաշտպանները հերքում են մեղադրանքներն ու նշում, որ գործն ունի քաղաքական դրդապատճառներ։ Փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ գործի նյութերը թույլ չեն տալիս հստակ որոշել, թե որ ապացույցները որ մեղադրյալին են վերաբերում։ Նրանց դիտարկմամբ՝ այդ հանգամանքը բարդացնում է արդյունավետ պաշտպանությունը։
Ջափարիձեի խոսքով` այդ գնահատականը բազմիցս հնչել է դատարանում, մասնավորապես՝ վկաների ցուցմունքներում։
Ըստ Ջափարիձեի՝ վկաներից մեկը USAID-ը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ և նշել, որ կազմակերպության խորհրդանիշների հեռացումը նրա ներկայացուցչական շենքերից նման է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստական խորհրդանիշների հեռացմանը։
Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով՝ լսումների ժամանակ ելույթ ունեցողները նաև պնդել են, որ Վրաստանում գործող ընդդիմադիր կուսակցությունները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, քաղհասարակությունն ու եվրոպամետ բողոքի շարժման մասնակիցները Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող «լրտեսական ցանցի» մաս են կազմում։
Ջափարիձեն պատմել է, որ դատարանը լսել է կարծիքներ այն մասին, որ Ուկրաինայի Մայդանում տեղի ունեցած իրադարձությունները նույնպես կազմակերպվել են ամերիկացի պաշտոնյաների կողմից։
Նաև նշվել է, որ Վրաստանում հեղաշրջում կազմակերպելու փորձերը «Ամերիկյան Մաքքեյնի ինստիտուտի» ծրագրի մաս են կազմել։
Վկաները ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Ժողովրդավարության ազգային հիմնադրամն (NED) ու Կենտրոնական հետախուզական վարչությունն անվանել են «թշնամական կազմակերպություններ»:
Իսկ Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին կոչել են «ամերիկյան գործակալ»:
Քաղաքական գործիչն ասում է՝ վկաները հայտարարել են, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից մղվող պատերազմում չեն աջակցում կողմերից որևէ մեկին։
Նրանք նաև նշել են, որ վրացական դատական համակարգի քննադատությունը դեռ չի նշանակում, թե համակարգին, ընդհանուր առմամբ, չի կարելի վստահել։
Ջափարիձեն սոցիալական ցանցերում գրել է, որ իր համար անհասկանալի է նման ցուցմունքներ լսելու նպատակը և հարց բարձրացրել, թե արդյոք դատախազությունը կիսում է այդ դիրքորոշումները։
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրուցել է մեղադրյալներից մեկի փաստաբան Օմար Պուրցելաձեն։ Նա նաև ասել է, որ վկաների ցուցմունքներում ԱՄՆ-ն ներկայացված է որպես «թշնամական ուժ»։
Փաստաբանի խոսքով՝ «Միացյալ չեզոք Վրաստան» կուսակցության առաջնորդ Լևան Նիկոլեիշվիլին հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և եվրահանձնակատար Մարթա Կոսը «լրտեսական ցանցի կողմնակիցներ և համախոհներ» են։
- Ինչպե՞ս «Z» սերունդը հայտնվեց Վրաստանի ցույցերի առաջնագծում. ռեպորտաժ Թբիլիսիից
- «Ֆրանկլինի ակումբը»․ ինչո՞ւ չի գոհացնում Վրաստանի իշխանություններին
«Միացյալ չեզոք Վրաստան» կուսակցությունն ու դրա դիրքորոշումը
«Միացյալ չեզոք Վրաստանը» կառավարամետ քաղաքական կուսակցություն է, որը հիմնադրվել է 2024 թվականին: Կուսակցությունն ստեղծվել է կառավարության նախկին կողմնակիցների և պետական ծառայողների, այդ թվում՝ Վատո Շաքարիշվիլիի, Նանա Կակաբաձեի, Լևան Նիկոլեիշվիլիի և այլոց կողմից:
Կուսակցությունը հայտարարում է Վրաստանի «չեզոք» արտաքին քաղաքականությանն աջակցելու մասին: Նրա հրապարակային հայտարարությունները հաճախ համընկնում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության և Կրեմլի պաշտոնական հայտարարությունների հետ:
«Միացյալ չեզոք Վրաստանը» պարբերաբար քննադատում է արևմտյան երկրներին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին, USAID-ին և արևմտյան հիմնադրամներին՝ պնդելով, որ նրանք փորձում են աջակցել Վրաստանում հեղափոխական գործընթացներին:
Ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչները հաճախ կուսակցությունը բնութագրում են որպես «Վրացական երազանքի» արբանյակ կամ ռուսամետ քաղաքական ուժ: Ինքը՝ կուսակցությունը, հերքում է այս գնահատականները և պնդում, որ ծառայում է Վրաստանի ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությանը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Սաբոտաժի գործ» վրացի ընդդիմադիր գործիչների դեմ