Մեկ քայլով ավելի մոտ ԵՄ-ին. ՀՀ-ում գործարկվել է կենսաչափական անձնագրերի համակարգը
Կենսաչափական անձնագրերի ներդրում ՀՀ-ում
Հայաստանում նոյեմբերի 1-ից գործարկվել է կենսաչափական անձնագրերի նոր համակարգը: Այսպիսով, հայկական փաստաթղթերի համակարգը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին:
Պաշտոնական Երևանի գնահատմամբ՝ այս համակարգի ներդրումը ամենածավալուն բարեփոխումն է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նախօրեին ֆեյսբուքյան էջում գրել է՝ նոր անձնագրերը կհեշտացնեն սահմանային անցումն ու ճանապարհորդությունները։ Բացի այդ, շեշտել է, որ այս քայլով Հայաստանի քաղաքացիներն ավելի են մոտեցել առանց վիզայի դեպի Եվրամիություն մեկնելու հնարավորությանը։
«Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հաստատումը, իսկ մենք աշխատում ենք, որպեսզի այդ ընտրությունը շոշափելի արդյունքներ բերի երկրի քաղաքացիներին»,- նշել է Կոսը:
Նոր ծառայությունները մատուցելու է «ՀայՓաս» մասնավոր ընկերությունը: Հայ պաշտոնյաները վստահեցնում են, որ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում ՀՀ քաղաքացիները կստանան բարձրորակ ծառայություններ և կունենան անվտանգ փաստաթղթեր։
Նոր համակարգի ներդրմամբ թղթային գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է: Փաստաթղթերի ներկայացման և նախագրանցման աշխատանքը քաղաքացին կարող է կատարել առցանց՝ էլեկտրոնային փոստով ստանալով հաստատման QR կոդ: Ամրագրված օրն ու ժամին քաղաքացին պետք է իր QR կոդով ներկայանա սպասարկման կենտրոն, որտեղ կստուգվեն նրա փաստաթղթերն ու տվյալները: Բացի այդ, տեղում կլուսանկարահանվի, կթողնի մատնահետքեր և ստորագրության նմուշներ։
Տվյալները հանձնելուց և հաստատման կտրոնը ստանալուց 14 օր անց քաղաքացին նույն գրասենյակից կստանա իր անձնագիրը:
Կենսաչափական անձնագիրը տրամադրվելու է 10 տարի ժամկետով, ձեռքբերման արժեքը 28.650 դրամ է: Սոցիալական որոշ խմբերի համար նախատեսվում են արտոնություններ: Դեռևս հստակ չէ, թե նրանց ծախսերի որ մասն է պետությունն իր վրա վերցնելու:
Գործող անձնագրերը նոր՝ կենսաչափական փաստաթղթերով փոխարինելու պարտադիր ժամկետ սահմանված չէ: Ուստի քաղաքացիները կարող են շարունակել օգտվել իրենց անձնագրերից մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։
Այս պահին հայտնի մանրամասները՝ հակիրճ
- Հայաստանի արտահանման նոր քարտեզը․ ԵՄ սահմանած արտոնյալ ռեժիմի մասին
- «Մոսկվայի գլխավոր վախն այն է, որ Հայաստանը կընտրի ԵՄ-ն»․ կարծիք
- ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից և մոտենում ԵՄ-ին. գործընթացը սկսվել է, բայց հեռու է վերջնակետից
Էլ ո՞ր փաստաթղթերն են դառնալու կենսաչափական
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ անձնագրերից բացի կենսաչափական են դառնալու նաև մի շարք այլ փաստաթղթեր, մասնավորապես՝
- դիվանագիտական անձնագիրը,
- կացության քարտը,
- քաղաքացիություն չունեցող անձի նույնականացման քարտը և անձնագիրը,
- փախստականի նույնականացման քարտն ու կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:
Փաստաթղթերի կեղծման հնարավորությունը հասցված է նվազագույնի
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը լուծում է միանգամից մի քանի խնդիր, մասնավորապես՝
- ավելի հուսալի է դարձնում անձի նույնականացումը,
- նվազեցնում է փաստաթղթերի կեղծման կամ այլ անձի տվյալների օգտագործման ռիսկերը:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի փոխանցմամբ՝ տվյալների կենտրոնից մինչև արտադրություն կեղծման հնարավորությունները հասցվել են նվազագույնի.
«Նախկին համակարգն ամբողջությամբ հիմնված էր մարդկային գործոնի վրա, ինչի պատճառով նախապատրաստական փուլում բնակչության պետական ռեգիստրում բազմաթիվ ոչ ճշգրիտ տվյալներ ենք հայտնաբերել»:
Դավթյանի գնահատմամբ՝ կենսաչափական անձնագիրը ոչ միայն անձը հաստատող փաստաթուղթ է, այլև անձի իրավական պաշտպանության կարևոր երաշխիք․
«Նոր համակարգի կարևորագույն արժեքն այն է, որ անձի իրավական ինքնության հաստատումը, նույնականացումն ու փոխճանաչելիությունը ողջ աշխարհում երաշխավորվում են միջազգային ստանդարտներով։ Սա մեր գնահատականը չէ, ամեն ինչ արված է ստանդարտներին համապատասխան»:
Որոշ անձնագրեր կվաճառվեն աճուրդով
Հայաստանում նախատեսվում է ներդնել նաև կենսաչափական անձնագրերի օրինաչափ (այսպես կոչված՝ գոլդ) համարների տրամադրման ծրագիր, որի շրջանակում որոշ համարներ կվաճառվեն աճուրդով։
«Հաջորդ տարի այն կհանրայնացնենք և կունենանք երկու մոտեցում։ Որոշ թվերի կրկնության դեպքում անձնագիրն ավելի բարձր գին կունենա, իսկ շատ ավելի օրինաչափ համարները կվաճառվեն աճուրդի սկզբունքով»,- տեղեկացրել է Նելլի Դավթյանը:
3-5 րոպե՝ նախկին 25-ի փոխարեն. ավելի արագ սպասարկում
Հաշված օրերի ընթացքում «ՀայՓաս» ընկերությունն արդեն իսկ ստացել է 7700 դիմում: Նրանցից 2700-ը հանձնել են իրենց կենսաչափական տվյալները։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ եթե նախկինում անչափահասի փաստաթղթավորման դիմումի ընդունումը տևում էր 25 րոպե, ապա նոր համակարգով գրանցումը կատարվում է 3-5 րոպեում։
«Արդեն սպասարկված 2700 քաղաքացիներից որևէ մեկի սպասարկման տևողությունը չի գերազանցել 5 րոպեն»,- նշել է նա:
Դավթյանի փոխանցմամբ՝ շրջայց են կատարել նաև մարզային գրասենյակներում։ Ասում է՝ հերթեր չկային, սպասարկումն ընթանում էր բնականոն հունով։
«Սա չի նշանակում, թե սպասարկման ծավալը փոքր է։ Սա նշանակում է, որ մենք կարողանում ենք ապահովել շատ ավելի մեծ թողունակություն»,- ընդգծել է նա:
20 մլն եվրոյի ներդրում համակարգի ներդրման համար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ մասնավոր գործընկերը՝ «ՀայՓաս» ընկերությունը, համակարգի ներդրման համար կատարել է 20 միլիոն եվրոյի ներդրում և շարունակում է ներդրումները։
Շեշտել է՝ կենսաչափական անձնագրի համար սահմանված 28.650 դրամը և նույնականացման քարտի համար նախատեսված 5950 դրամը վճարվում են մասնավոր ընկերությանը՝ ծառայությունների մատուցման համար։
Սարգսյանի փոխանցմամբ՝ պետությունը որևէ շահույթ չունի:
Նախարարը նաև հերքել է այն պնդումները, թե նույն ծառայության համար ընկերությունը վճարվում է և՛ պետական բյուջեից, և՛ քաղաքացուց։
«Մենք որևէ այլ վճար չենք տալիս կոնկրետ «ՀայՓաս»-ին։ Որևէ բան չի վճարվել պետբյուջեից»,- վստահեցրել է նա:
Արդեն իսկ բացվել է «ՀայՓաս»-ի 14 գրասենյակ
Կենսաչափական տվյալների հավաքագրման գործընթացի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 1-ին, Երևանի երկու առևտրի կենտրոններում՝ Երևան մոլում և Մեգա մոլում բացվել են «ՀայՓաս» ընկերության սպասարկման գրասենյակներ։ Հաջորդ օրը բացվել են նաև 12 մարզային գրասենյակները։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ մինչև 2027 թ.-ի մարտ ամիսը նախատեսվում է սպասարկման գրասենյակների թիվը հասցնել 23-ի։
«Որպես կանոն՝ յուրաքանչյուր մարզում կունենանք երկուական գրասենյակ»,- ասել է նախարարը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կենսաչափական անձնագրերի ներդրում ՀՀ-ում