«Ապագայում կքննարկենք «ամուսնության» հարցը»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին
«Ապագայում կքննարկենք «ամուսնության» հարցը»․ ՀՀ ԱԳՄԱ նախարարը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին
«Ապագայում կքննարկենք «ամուսնության» հարցը»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին
Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումում
Թեև 2025 թ․-ի գարնանը ՀՀ խորհրդարանն ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք, սակայն, երկրում նոր են մեկնարկել անդամակցության վերաբերյալ «լուրջ, խորքային» քննարկումներ։ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նման արձանագրում է արել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
«Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով պանելային քննարկման ժամանակ Միրզոյանից հետաքրքրվել են՝ ո՞րն է Երևանի վերջնակետը, երբ նստում է «Եվրոպա ընթացող գնացքը»։ Նախարարը պատասխանել է՝ ոչ ոք չգիտի, ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ անդամ պետությունները։
Նրա բնորոշմամբ՝ լավ նորությունն այն է, որ Հայաստանն ու Եվրամիությունը հաճույք ենք ստանում այս գործընթացից։
«Ուստի եկեք վայելենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորություններ և համագործակցության նոր շերտեր, իսկ ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ արդյո՞ք պետք է «ամուսնանանք», թե՞՝ ոչ»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Պանելային քննարկման ժամանակ նախարարն անդրադարձել է նաև մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։
Շեշտել է՝ հարևանների հետ հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ՀՀ եվրոպական ձգտումներով, դա շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից։
«Մյուս կողմից՝ պետք է ընդունենք, որ եթե մեր ձգտումը Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալն է, ապա հարևանների հետ խնդիրների կամ հակամարտությունների առկայությունը, հավանաբար, կխոչընդոտի այդ գործընթացին»,- նկատել է նա։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- Հայ արտադրողների արձագանքը ռուսաստանյան սահմանափակումներին․ կարծիքներ, թվեր
- Հայաստանի արտահանման նոր քարտեզը․ ԵՄ սահմանած արտոնյալ ռեժիմի մասին
- «Մոսկվայի գլխավոր վախն այն է, որ Հայաստանը կընտրի ԵՄ-ն»․ կարծիք
Խոսքը միայն ԵՄ հետ քաղաքական երկխոսության մասին չէ
«Եվրոպական միության հետ մեր հարաբերություններն աննախադեպ խորն ու սերտ են և ընդգրկում են ոլորտների ու ուղղությունների աննախադեպ լայն շրջանակ։ Մենք ունենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն։ Մենք ունեցել ենք և շարունակում ենք ունենալ ԵՄ դիտորդական առաքելությունը, որը դիտարկում է Հայաստան–Ադրբեջան սահմանին իրավիճակը։ Վերջերս մենք ընդունել ենք նաև երկրորդ առաքելությունը, որը ժամանակավոր բնույթ է կրում, սակայն գործում է մշտական հիմունքներով և աջակցում է մեզ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում։
Չլինելով ԵՄ անդամակցության թեկնածու երկիր՝ մենք ստացել ենք ինքնավար առևտրային միջոցներ։
Սա ամենաթարմ նորությունն է. ԵՄ-ն ընդունել է ինքնավար առևտրային միջոցներ՝ աջակցելու Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։
Մենք նաև Եվրոպական միության հետ ստորագրել ենք համաձայնագիր, որը մեզ հնարավորություն կտա մասնակցելու աշխարհի տարբեր հատվածներում իրականացվող ԵՄ տարբեր առաքելություններին։
Կրկին, չլինելով անդամակցության թեկնածու երկիր, մենք ստացել ենք Աճի և դիմակայունության ծրագիր և ԵՄ աջակցություն։
Մենք աջակցություն ենք ստացել նաև Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում։
Այսպիսով, խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսության կամ առևտրի ոլորտում աջակցության մասին չէ։ Խոսքը նաև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտների մասին է։
Եվրոպական միության հետ միասին մենք գտնվում ենք շարունակաբար նոր հորիզոններ բացահայտելու գործընթացում՝ ԵՄ-ն և Հայաստանը միմյանց ավելի ու ավելի մերձեցնելու նպատակով»։
Ապաշրջափակման հարցում բազմաթիվ ուժային կենտրոնների շահեր համընկնում են
«Իմ երկրում և, հավանաբար, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում նրանց [ԱՄՆ և ԵՄ] շահերը չեն հակասում միմյանց, և նրանք հիանալի համագործակցում են։
Միացյալ Նահանգները մեծապես ներգրավված է Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման և ապաշրջափակման գործընթացում։
Սա կարևորագույն կապող օղակ է լինելու հաղորդակցության և փոխադրումների համար, օրինակ՝ Պորտուգալիայի և Չինաստանի, Արևմուտքի և Արևելքի միջև։
Կարծում եմ՝ Եվրոպական միությունը և նրա անդամ պետությունները նույնպես այս գործընթացի շահառուներից են։
Այսպիսով, Հարավային Կովկասի ապաշրջափակման հարցում համընկնում են աշխարհի բազմաթիվ երկրների և ուժային կենտրոնների շահերը»։
ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը միանգամայն հնարավոր է
«Մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է։
Միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է»։
Ադրբեջանի հետ խաղաղության և հարևան երկրների մասին
«Մեր դեպքում չափազանց կարևոր է Հայաստանի հարևանությունը։ Եկեք թվարկենք մեր հարևաններին։
Ադրբեջան. մենք նոր ենք հաստատել խաղաղություն և սկսել երկկողմ առևտուրը։ Մենք բացում ենք միմյանց տարածքները փոխադրումների և տարանցման համար, ապաշրջափակում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները։ Սակայն դեռևս կան մի շարք զգայուն հարցեր, որոնք պետք է լուծվեն։
Արևմուտքում Թուրքիան է, որի հետ մենք շատ ինտենսիվ երկխոսություն ենք վարում։ Մենք կարգավորում ենք հարաբերությունները, սակայն սահմանը դեռևս փակ է։
Հարավում Իրանն է՝ իր բարդ տարածաշրջանային միջավայրով, հանգամանքներով և խնդիրներով։
Հյուսիսում Վրաստանն ու Ռուսաստանն են [․․․]:
Ինչ վերաբերում է Վրաստանին, պատկերացրեք, թե որքան ավելի հեշտ կլիներ իրավիճակը, եթե Վրաստանը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Դա էական փոփոխություն կբերեր»։
Մոսկվայի արձագանքը պետք է պատշաճ ձևով կառավարել
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարող եք պատկերացնել հնարավոր արձագանքը [ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության] և այդ երկրի հետ հարաբերությունների առանձնահատկությունները։
Պատմականորեն մենք շատ սերտ հարաբերություններ ենք ունեցել և այսօր էլ պահպանում ենք ամուր կապեր, սակայն հնարավոր արձագանքը պետք է պատշաճ կերպով կառավարել։
Ոչ ոք չի ցանկանում նոր թշնամիներ ձեռք բերել, և մենք որևէ երրորդ կողմի վնաս հասցնելու շահագրգռվածություն չունենք»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումում