Զարգացո՞ւմ, թե՞ աղետ․ ՀՀ-ում ազդարարվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը
Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը
Հայաստանում ազդարարվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը։ Օրերս՝ հոկտեմբերի 10-ին, կայացել է առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ պետական բյուջեն տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր և եկամուտներ կունենա։
Բնապահպանները, որոնք տարիներ շարունակ ահազանգում էին առկա ռիսկերի մասին, դատապարտել են կառավարության այս որոշումը։ Ավելի քան վեց տասնյակ կազմակերպություններ ու քաղաքացիներ հայտարարություն են տարածել և պնդել՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով գործ ենք ունենալու «անդառնալի էկոլոգիական աղետի», ինչպես նաև առողջարանային Ջերմուկ քաղաքի վտանգման հետ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնապահպանական մտահոգությունները փարատված է համարում։ Ասում է՝ բարձրացված բոլոր հարցերը ստացել են իրենց պատասխանները։
«Ընդհուպ Սևանա լճի թունավորման և այլնի ահազանգեր, մտահոգություններ էին հնչում: Եվ մենք այսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ այդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն»,- վստահեցրել է Փաշինյանը։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Ամուլսարի հանքավայրի շահագործման արդյունքում տնտեսական և սոցիալական օգուտներ է ակնկալում։
Բացի այդ, կարծում է՝ նման նախագծեր իրականացնելով Հայաստանը կարող է ներդրողներին ազդակ փոխանցել, որ երկիրը շարունակում է աշխատել միջազգային կանոններով և պատրաստ է իրականացնել նոր նախագծեր:
Այս պահին հայտնի տեղեկությունները, կարծիքներ
- Հայ արտադրողների արձագանքը ռուսաստանյան սահմանափակումներին․ կարծիքներ, թվեր
- Աղտոտվա՞ծ սնունդ․ հայկական արտադրանքում թունաքիմիկատներ կան
- Հայաստանի արտահանման նոր քարտեզը․ ԵՄ սահմանած արտոնյալ ռեժիմի մասին
Ծրագրում ներդրվել է շուրջ 750 մլն դոլար
Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացվում է «Լիդիան Արմենիա» ընկերության և ՀՀ կառավարության միջև ռազմավարական համագործակցության շրջանակում։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ «Լիդիան Արմենիա»-ն Հայաստան է բերել ժամանակակից և պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային լավագույն փորձն ու չափանիշները՝ Ամուլսարում ներդնելով՝
- աշխատանքային անվտանգության,
- բնապահպանական կառավարման, սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ,
- ժամանակակից տեխնոլոգիաներ։
«Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսարի ծրագրում ներդրել է ընդհանուր առմամբ շուրջ 750 մլն դոլար, որից 150 մլն դոլարը` ՀՀ կառավարության տրամադրած պետական երաշխիքի հիման վրա։
Ամուլսարի հանքավայրում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210,000 ունցիա (մոտ 6.5 տոննա) ոսկի։
«Ըստ մասնագիտական հաշվարկների՝ հանքի շահագործման արդյունքում «Լիդիան Արմենիայի» կողմից պետական բյուջե տարեկան վճարվող հարկերն ու ռոյալթիները կկազմեն շուրջ 130 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանի ՀՆԱ-ի վրա կլինի 1.5–2% դրական ազդեցություն»,— հայտնել է գործադիրը։
Հաղորդվում է, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի քան 4,000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ։ Բացի այդ, կառավարության, «Լիդիան Արմենիայի» և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև կնքված Համայնքների զարգացման համաձայնագրով Ամուլսարի հանքավայրի շահագործման ողջ ընթացքում նախատեսվում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին տարեկան ուղղել 7-9 մլն դոլար:
Փաշինյան․ «Մեր երկիրը զարգացման մի նոր փուլ է թևակոխում»
Իր ելույթում ՀՀ վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը բնորոշել է որպես ոչ միայն հաջող ներդրումային ծրագիր, այլև «երկրի զարգացման մի նոր փուլ, մեծ քայլ ՀՀ հանքարդյունաբերության, ներդրումային և տնտեսության զարգացման պատմության մեջ»:
«Հայաստանի պատմության առումով սա բավականին մեծ քայլ է, բայց ես հույս ունեմ եմ և համոզված եմ, որ առաջիկայում նման քայլերը մեզ համար կդառնան սովորական և առօրյա: Եվ մեծ քայլ ասելով՝ մենք առաջիկայում ավելի մեծ նախագծեր նկատի կունենանք»,- հայտարարել է նա։
Փաշինյանի խոսքով՝ նախագծի իրականացման արդյունքում Հայաստանը ստանում է սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության համար միջոցներ ներդնելու ավելի մեծ հնարավորություն:
Շեշտում է ՝ ընդերքը Հայաստանի ժողովրդի սեփականությունն է, ուստի կառավարության մեծագույն խնդիրն է եղել ի ցույց դնել, որ ընդերքի հարստությունը «ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը»․
«Այս ներդրումային ծրագրի ճակատագիրը շատ էական նշանակություն է ունենալու նոր այսպիսի ներդրումային ծրագրեր բերելու համար»:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է հանքավայրի շահագործման համար ստեղծված պայմաններին, լուսանկարները՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի
Ըստ նրա՝ հանքավայրի շահագործման համար ներկրվել է ժամանակակից տեխնիկա, ստեղծվելու են բարձր որակավորման նոր աշխատատեղեր։
Վարչապետի գնահատմամբ՝ նոր որակի հանքարդյունաբերությունն այսօրվա ՀՀ-ում իրականություն է։
«Ցանկացած զարգացած երկրի համար այս որակի հանքարդյունաբերությունը, որը բնապահպանական և բոլոր սոցիալական առումով պատասխանատու է, երկրի զարգացման կարևորագույն լոկոմոտիվ է»,- նկատել է նա։
«Ռիսկերի անտեսումն անընդունելի է»․ բնապահպանական ՀԿ-ների հայտարարությունը
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների գնահատմամբ՝ տարիներ շարունակ բարձրաձայնված բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ որևէ իրատեսական և փաստարկված հակադարձում չի ներկայացվել։
Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի համաժողովից՝ COP17-ից օրեր առաջ Ամուլսարի հանքավայրի բացման մասին հայտարարությունն ու հանդիսավոր արարողությունը որակել են «խիստ հանդուգն և անպատասխանատու քայլ»․
«Որպես COP17 նախագահող երկիր՝ Հայաստանը միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ երկրի ներսում տրվում է էկոլոգիական աղետի մեկնարկը»։
ՀԿ-ներն ու անհատ փորձագետներն արձանագրել են՝ ՀՀ կառավարությունը գնալով կորցնում է կապը հանրության և հանրային շահի գիտակցման հետ։
«Հայաստանի բնությունը, ջրային պաշարները և համայնքների ապագան չեն կարող վտանգվել առանց հանրային հաշվետվողականության և անվտանգության պատշաճ հիմնավորման։ Մենք անընդունելի ենք համարում հանրային նշանակության այս ռիսկերի անտեսումը»,- ասված է հայտարարության մեջ։
Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերի շարքում մատնանշել են ինչպես իրավական, այնպես էլ էկոլոգիական ռիսկեր, մասնավորապես՝
«Անդառնալի էկոլոգիական աղետը․
Հայաստանյան և օտարերկրյա բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ Ամուլսարում ոսկու կորզման համար օգտագործվող ցիանային եղանակը ամենավտանգավոր քիմիական գործընթացներից մեկն է, իսկ վթարի կամ որևէ այլ պատճառով արտահոսքի դեպքում վտանգվելու է Արփա գետի էկոլոգիան։ Նրանք նաև համոզված են, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում առաջանալու է ապարների թթվային դրենաժի չափազանց բարձր և երկարաժամկետ ռիսկ՝ սպառնալով Արփա ու Որոտան գետերին, Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով՝ Սևանա լճի ողջ էկոհամակարգին, ինչպես նաև Ջերմուկի հանքային ջրերին և տարածաշրջանի այլ ստորերկրյա ջրերին։
Ջերմուկ առողջարանային քաղաքի վտանգումը․
Ջերմուկը կայուն զարգացող առողջարանային կենտրոնից վերածվելու է հանքարդյունաբերական ժամանակավոր բանավանի։ Քաղաքի էկոլոգիան արդեն իսկ վատթարանում է հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող շինարարական ու պայթեցման աշխատանքների պատճառով։ Հանքի պաշարների սպառումից հետո, կարճաժամկետ շահույթների դադարեցմամբ, մեզ սպառնում է հերթական լքված ու դատարկված բնակավայրն (ինչպես Դաստակերտն ու Սոթքը) ունենալու ճակատագիրը»։
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ Ամուլսարը Հայաստանի նորագույն պատմության խոշորագույն ներդրումային նախագիծն է։
«Արմենպրեսի» հետ զրույցում նա նշել է, որ Ամուլսարն առնվազն 20-25 տարվա հանքային պաշարներ ունի, ուստի դրա շահագործումը բավական լուրջ տնտեսական ազդեցություն է ունենալու ոչ միայն տեղական, այլև հանրապետական մակարդակով։
Պարսյանի փոխանցմամբ՝ շրջանառությունը կամ արտահանումը կազմելու է մոտ 930 միլիոն դոլար, ինչը վկայում է այն մասին, որ գործ ենք ունենալու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նման «արդյունաբերական հսկայի» հետ․
«Մեր տնտեսության մեջ ունենք երկրորդ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը, որը տնտեսության վրա կունենա մոտ 2% ուղղակի ազդեցություն, իսկ անուղղակի ազդեցությունը կարող է լինել ևս 1.5-2%»։
Շեշտում է՝ այն ավելի քան 200 փոքր և միջին կազմակերպությունների համար պատվիրատու է լինելու և արձանագրում՝ «դառնալու է «լոկոմոտիվ ողջ ոլորտի և տարածաշրջանային բիզնեսի համար»։
Տնտեսագետի գնահատմամբ՝ հանքավայրի շահագործումը կունենա նաև բավականին լուրջ սոցիալական ազդեցություն։
Ասում է՝ ստեղծվելու է մոտ 1000 աշխատատեղ, իսկ անուղղակի աշխատատեղերի քանակը հասնելու է 4000-6000-ի:
«Այստեղի աշխատավարձերը բավականին բարձր են՝ միջինում 900 հազար դրամ և ավելին: Սա բավականին բարձր ցուցանիշ է, նույնիսկ գերազանցում է Հայաստանի մյուս հանքարդյունաբերական ձեռնարկություններում միջին աշխատավարձի չափը»,- մանրամասնել է նա։
Սուրեն Պարսյանը հիշեցրել է՝ Վայոց ձորը Հայաստանի աղքատ մարզերից է։ Աղքատությունն այստեղ մոտ 25 տոկոս է՝ երկրի միջին ցուցանիշից բարձր։
Ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ստեղծվող աշխատատեղերից բացի նախագիծն ունի նաև մեկ այլ սոցիալական բաղադրիչ՝ ազդակիր համայնքներին տրամադրվելիք աջակցությունը։
«Աղքատության մակարդակը կարող է նվազել էականորեն՝ մոտ 2-3 անգամ։ Վայոց ձորի պարագայում, որտեղ բնակչությունը քիչ է և զբաղվածության մասով բավականին լուրջ հարցեր կան, դա կարող է լուրջ խնդիր լուծել երկարաժամկետ կտրվածքով»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը