«Արտահանձնման պահանջ չկա»․ Փաշինյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասին և ոչ միայն
Փաշինյանը ադրբեջանցի զինծառայողի արտահանձնման մասին
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հնարավոր արտահանձնման քննարկում չկա, Բաքուն նման պահանջ չի ներկայացրել։ Այսօր այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ ինչ արտահանձնման թեմա է, նման թեմա չկա, մենք չենք քննարկում։ Պահանջ չկա Ադրբեջանից»,- վստահեցրել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նկատել է՝ եթե Մուսաևը հանցանք գործած չլիներ, հայկական կողմը նրան կվերադարձներ հենց նույն օրը։
Փաշինյանի գնահատմամբ՝ ՀՀ սահմանն ապօրինի հատած և Շաքի գյուղի բնակչուհուն հրազենային վնասվածք հասցրած ադրբեջանցին կատարել է «սովորական կրիմինալ հանցագործություն»։
Վարչապետը զուգահեռներ է անցկացրել անդրսահմանային հանցագործության այլ տեսակների հետ։
«Մենք անդրսահմանային հանցագործությունների ուրիշ դեպքեր էլ ունենք՝ թմրանյութեր են անընդհատ Հայաստան արտահանվում, Հայաստանով տարանցվում։ Այդ ամենից ապոկալիպսիս սարքել պետք չէ»,- հայտարարել է նա։
Վարչապետը չի կարծում, թե Շաքի գյուղում տեղի ունեցած դեպքը կարող է ինչ-որ կերպ վտանգել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։
Ասում է՝ հաստատված խաղաղությունը նվաճում է, որի մասին պետք է հոգ տանել։ Վստահ է՝ գործնականում մեկ օրում հնարավոր է փլուզել խաղաղությունը, սակայն այսօրվա իրավիճակին հասնելու համար պետք կգա ևս 30 տարի։
«Մենք չենք անելու հայտարարություններ և գործողություններ, որոնք կասկածի տակ կդնեն խաղաղությունը»,- շեշտել է Փաշինյանը։
Ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է նաև մի շարք այլ թեմաների, այդ թվում՝ երկաթուղու առանձին հատվածների վերականգնմանը, «նոր Ուկրաինայի» վերածվելու մասին Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ալիևի հետ հնարավոր հանդիպմանն ու անհետ կորածների խնդրի լուծմանը։
2026 թ․-ի հոկտեմբերի 1-ին Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը ապօրինի մուտք էր գործել Հայաստանի Սյունիքի մարզի Շաքի գյուղ, կրակել նույն գյուղի 39-ամյա բնակչուհու ձախ ձեռքին և ոտքին։ Միջադեպը տեղի էր ունեցել կնոջ երեք երեխաների ներկայությամբ, նրանցից երկուսը մարմնական վնասվածքներ էին ստացել՝ աջ դաստակի կոտրվածք և փափուկ հյուսվածքների սալջարդ։ Մուսաևը դիմել էր փախուստի, այնուհետև հայտնաբերվել նույն գյուղի մեկ այլ հասցեում և ձերբակալվել։
Մուսաևը ՀՀ-ում 2 ամիս ժամկետով կալանավորվել է հոկտեմբերի 2-ին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել սահմանն ապօրինի հատելու, հրազենի մաքսանենգության, ապօրինի կերպով հրազեն կրելու, զենքով առողջությանը ծանր վնաս պատճառելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «Բաքուն մեծացնում է ՀՀ հանդեպ ճնշումը՝ օգտագործելով լրացուցիչ գործիքներ»․ կարծիք
- «Ոտնձգություն ՀՀ քաղաքացու կյանքի նկատմամբ»․ ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ կնոջ ոտքին
- «Կան չլուծված հարցեր, կոնֆլիկտային խոսույթներ»․ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին
«Պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն»․ Պուտինի և Ալիևի հետ շփումների մասին
Հոկտեմբերի 8-9-ին Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցելու է ԱՊՀ գագաթնաժողովին։ Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հնարավոր հանդիպումների մասին՝ Հայաստանի վարչապետը նախ հիշեցրել է՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպումներ եղել են նախորդ ամիս՝ Բիշքեկում, իսկ երեկ կայացել է իր և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը։
«Այդ ձևաչափն այնպիսին է, որ վստահաբար, շփումներ կլինեն և՛ ՌԴ նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Այսօր, վաղը միասին նույն տարածքում ենք լինելու։ Պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ։ Եթե հանկարծ հընթացս պարզվի, որ կա անհրաժեշտություն, գուցե դա էլ հնարավոր կլինի»,- արձագանքել է նա։
Փաշինյանի խոսքով՝ շփումներ, զրույցներ լինելու են։ Ասում է՝ նախկինում էլ եղել է, որ տեղում պայմանավորվել, խոսել են, երբ «փոխադարձ արձանագրել են՝ կա կոնկրետ հարցի քննարկման անհրաժեշտություն»։
«Հայաստանն արդեն եղել է նման վտանգի առջև»․ արձագանք Մեդվեդևին
Օրերս ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե Հայաստանի ներկայիս ղեկավարությունը որոշել է փոխել երկրի զարգացման ուղղությունը և համոզմունք հայտնել, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։
«Հայաստանի համար ամենավատը, ինչ կարող է տեղի ունենալ, նոր Ուկրաինայի վերածվելն է»,- պնդել էր Մեդվեդևը։
Լրագրողները Փաշինյանից հետաքրքրվել են՝ ՀՀ-ն կարո՞ղ է կանգնել նման վտանգի առջև։ Ի պատասխան վարչապետը շեշտել է․
«Հայաստանն արդեն եղել է նման վտանգի առջև և նման իրավիճակում, երբ 2022 թ․-ի սեպտեմբերին [ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակման ժամանակ] ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չկատարեց»։
Վարչապետի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է Մեդվեդևը նման արտահայտություն անում, ինչի՞ համար են այդ կսմիթները, սպառնալիքները․
«Այդ նույն տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել՝ ցանկանում ենք, որ Հայաստանը «նոր Ռուսաստանի» չվերածվի՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում․․․ Դա լավ ժանր չէ»։
Վստահեցրել է՝ Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու է, վերածվելու է ավելի ու ավելի ինքնիշխան պետության։
«Տարբեր հարցեր կան, կքննարկենք»․ երկաթուղու վերականգնման մասին
Երկաթուղու առանձին հատվածների վերականգնման և այդ աշխատանքներում ՌԴ հնարավոր ներգրավվածության մասին հարցին Փաշինյանը հստակ պատասխան չի տվել։ Միայն տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում կայացած նախորդ նիստի ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն․
«Այդ պայմանավորվածության արդյունքում՝ մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը կժամանի Հայաստան։ Աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք։ Հանդիպումից հետո, թե ինչ կլինի՝ չեմ կարող կանխատեսել»։
Վարչապետն անդրադարձել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, թե ուժի մեջ է Երասխի ու Գյումրիից Կարս հատվածը վերականգնելու՝ Երևանին արված առաջարկը։
«Ես գիտեմ, որ Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման հարցով նաև ղազախական ընկերություն է հետաքրքրություն ցուցաբերել։ Տարբեր հարցեր կան, կքննարկենք»,- նկատել է Փաշինյանը։
«Ադրբեջանի որոշ շրջանակներ հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով»․ անհետ կորածների մասին
Ադրբեջանը պարբերաբար հրապարակային կերպով ՀՀ-ից պահանջում է տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև նրանց հուղարկավորման վայրերի վերաբերյալ ունեցած տեղեկատվությունը։ Բաքվում անհետ կորածների հարցով միջազգային համաժողովին այդ պահանջը կրկնել է նախագահ Իլհամ Ալիևը։
ՀՀ վարչապետի փոխանցմամբ՝ անհետո կորածների ճակատագրերը պարզելու հարցը հնարավոր է լուծել համագործակցության միջոցով, քանի որ երկու կողմն էլ ունեն գտնվելու վայրը անհայտ անձինք․
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցության։ Այլ բան, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որ հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով, այսինքն՝ թշնամական խոսույթներ գեներացնելու և այլ նպատակներով»։
Վարչապետի ներկայացրած տվյալների համաձայն՝ 1990-ական թվականներից մինչև օրս Հայաստանն ունի պատերազմների հետևանքով գտնվելու վայրն անհայտ մոտ 1000 քաղաքացի։
Ասում է՝ «գտնվելու վայրն անհայտ» ձևակերպումն ինքնին հուշում է, որ նշված անձանց վերաբերյալ սակավ տեղեկություններ կան․
«Ադրբեջանի որոշ շրջանակներ երբեմն փորձում են տպավորություն ստեղծել, թե մենք գիտենք՝ որտեղ ենք այդ մարդիկ և զլանում ենք տեղեկատվությունը կիսել։ Բայց դա այդպես չէ»։
Փաշինյանն ընդգծել է՝ համագործակցելու արդյունքում պետք է լուծել խնդիրն ու, ի վերջո, փակել այդ էջը։ Տեղեկացրել է՝ ի թիվս այլ հարցերի Ադրբեջանի նախագահի հետ Բիշքեկում քննարկել են նաև երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքները սերտացնելու հարցը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը ադրբեջանցի զինծառայողի արտահանձնման մասին