«Բաքվին օգնում են արդարացնել էթնիկ զտումը»․ կարծիքներ Երևանից դիվանագետների՝ ԼՂ այցի մասին
Կարծիք եվրոպացի դիվանագետների՝ ԼՂ այցի մասին
Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների այցը Լեռնային Ղարաբաղ։ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այցին մասնակցել է 58 երկիր և 9 միջազգային կազմակերպություն ներկայացնող 150 անձ։
Ներկա է եղել նաև Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Ի դեպ, նա այսօր ժամանելու է Երևան։
Դիվանագետներն այցելել են Արցախի հայաթափված շրջաններ, պատմամշակութային վայրեր։ Նրանց ուղեկցել է Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա դիվանագետներին ներկայացրել է Գանձասարն ու Դադիվանքը՝ հերթական անգամ պնդելով, թե դրանք «հին Կովկասյան Աղվանքի» ժառանգության անբաժանելի մասն են։
«Այդ հայտարարությունները չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,- այսօր հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է նաև, որ Հաջիևը «հին ձեռագրերի նմուշներ» է ներկայացրել՝ քմծիծաղով թերթելով դրանց դատարկ էջերը։ Ներկա դիվանագետների արձագանքը եղել է մեկը՝ ծիծաղ։ Այս ամենը զայրույթ է առաջացրել հայ հանրության շրջանում։ Հայ փորձագետների շրջանում էլ տարակուսանք է առաջացել` մի՞թե Բաքվում չգիտեն, որ ընդունված պրակտիկա է բնօրինակները պահել պահոցներում, այլ ոչ թե եկեղեցիներում, արդյո՞ք պարզ չէ, որ հայերը դրանք չէին թողնելու Ադրբեջանի տիրապետության տակ անցած վանքերում։
Փորձագետները քննադատել են Ադրբեջանի՝ պատմական փաստերի կեղծմամբ զբաղվելն ու ԼՂ այցելած դիվանագետների կողմից դա անարձագանք թողնելը։
Քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը մինչև անգամ պահանջել է դիվանագիտական նոտա հղել եվրոպացի գործընկերներին ու համապատասխան եվրոպական կառույցներին։
«Անթույլատրելի եմ համարում, որ միջազգային տարբեր կառույցներ և պետություններ ներկայացնող դիվանագետներն այցելում են էթնիկ զտման հետևանքով հայաթափված Արցախ, որի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մինչ օրս ադրբեջանական բանտերում պահվում են պատանդի կարգավիճակում, և այդ հարցերը բարձրացնելու փոխարեն մեծ ուշադրությամբ լսում են Հաջիևի հնչեցրած կեղծիքներն ու ծիծաղում նրա էժանագին կատակների վրա»,- գրել է նա։
Վերլուծաբանների դիտարկմամբ՝ վերջին տարիներին Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ վստահությունն աճել է, սակայն նման այցերը «վտանգում են ոչ միայն Եվրոպայի համբավը, այլև այն վստահությունը, որի վրա պետք է կառուցվի տևական խաղաղությունը»։ Գրոնոյին ուղղված բաց նամակում նման արձանագրում է արել պատմաբան, լրագրող Կարեն Հարությունյանը։
Դիվանագետների այցը Լեռնային Ղարաբաղ, ԵՄ հատուկ ներկայացուցչի գրառումը, մեկնաբանություններ
- ՀՀ-ից Ադրբեջան արտահանում կարող է մեկնարկել. առկա խոչընդոտների մասին
- «Նույնիսկ ատոմակայանի փակման դեպքում ՀՀ-ն լուրջ խնդիրների չի բախվի»․ արձագանք Ալիևին
- «Գլխավոր արդյունքն անվտանգային իրավիճակի բարելավումն է»․ վաշինգտոնյան գագաթնաժողովից 1 տարի անց
Գրոնոյի գրառումը Երևանի և Բաքվի «տարբերվող տեսակետների» մասին
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղ կատարած այցի մասին։
«Խորապես տարբերվող տեսակետներ և նարատիվներ շարունակում են գոյություն ունենալ, օրինակ՝ որոշ oբյեկտների ծագման վերաբերյալ, և դրանք պետք է լուծվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որպեսզի հաղթահարվի նաև անցյալի հակամարտությունների այս ասպեկտը՝ որպես հաշտեցման ուղղությամբ ավելի լայն ջանքերի մաս»,- X-ում գրել է Գրոնոն։
Թե որ օբյեկտների ծագումը նկատի ունի՝ Գրոնոն չի մատնանշել։ Ամենայն հավանականությամբ, խոսքը հենց Գանձասարի և Դադիվանքի մասին է, որոնք Բաքուն ներկայացրել է որպես «աղվանական»։
Գրոնոն նաև ընդգծել է, որ անցյալի հակամարտությունների ժառանգության և երկու կողմերի տառապանքների ճանաչումն ունի առաջնային նշանակություն։
Պատմաբան, լրագրող Կարեն Հարությունյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի գրառումը տարակուսելի է որակել։
Պնդել է՝ սա ոչ թե տարբեր տեսակետների, այլ գիտական հետազոտության և պետական մակարդակով տարածվող քարոզչական կեղծիքի տարբերության հարց է։
«Եթե Ձեզ իսկապես հետաքրքրում է Կովկասյան Աղվանքի պատմությունը, դրա մասին կարող եք կարդալ ոչ թե հայ կամ ադրբեջանցի հեղինակների, այլ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների աշխատություններում»,- հորդորել է նա։
Մեկնաբանություններ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը շեշտել է․
«Այն փաստը, որ Ադրբեջանի պաշտոնյաները կեղծում են պատմությունը և փորձում ջնջել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դարավոր ներկայությունը, ինձ չի զարմացնում։ Ես չափազանց լավ եմ ծանոթ հակահայկական պետական քաղաքականությանը, որպեսզի ամեն անգամ նորովի զարմանամ։
Սակայն իմ հարցն ուղղված է բոլոր այսպես կոչված դիվանագետներին, հատկապես՝ Արևմտյան երկրների դիվանագետներին, որոնք ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա և օգնում բռնապետական ռեժիմին արդարացնել ագրեսիվ պատերազմն ու էթնիկ զտումները։
Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին և մյուս բռնապետություններին։ Ի՞նչ եք ասում նրանց։ Որ կարելի է պատերազմ սանձազերծել, մի ամբողջ տարածաշրջանի բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել, իսկ հետո կեղծե՞լ ակնհայտ փաստերը:
Աշխարհակարգն այսպե՞ս եք պատկերացնում։ Արժե վերադիտարկել, թե ինչու եք ընտրել դիվանագետի մասնագիտությունն առհասարակ։
Սա քաղաքական հարց չէ, սա քաղաքակրթական մասշտաբի հարց է, իսկ ձեր քաղաքականության հետևանքները հենց ձեր դեմ էլ ուղղվելու են վաղ թե ուշ»։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նկատել է․
«Վաղուց ավելի ամոթալի ու անպարկեշտ բան չէի տեսել։ Ու խնդիրը ոչ միայն ինքնին այցն էր, այլև այն, թե ինչպես էին իրենց պահում դրա ընթացքում մասնակիցները։
Քանդված թաղամասերի, եկեղեցիների ու գերեզմանոցների հարևանությամբ անթաքույց հրճվանքն ու պարերը գրոտեսկային էին ու ապշեցուցիչ։ Բայց այս այցն ու պահվածքը նույնիսկ պրագմատիկ տեսանկյունից են խայտառակ վատ դիվանագիտության օրինակներ։
Նախ, եթե հայտարարված նպատակը խաղաղության հաստատումն է, ապա տեղահանված մարդկանց տրավմայի ու հույզերի հետ խաղալը, ավելի լայն հասարակության վերքերի վրա աղ լցնելը հաստատ չի նպաստում այդ նպատակին հասնելուն։
Սա հատկապես վերաբերում է այն դիվանագետներին, որոնք հավակնում են միջնորդական դերակատարություն ունենալ։
Այցը լուրջ ռեպուտացիոն հարված էր նաև այդ երկրների և կառույցների վարկանիշին Հայաստանում, ինչ արդեն իսկ նկատելի է սոցցանցերում»։
Պատմաբան, լրագրող Կարեն Հարությունյանն իր՝ «Հաշտեցումը չի կարող հիմնվել կեղծիքի վրա» վերնագրված բաց նամակում գրել է․
«Հաշտեցումը չի կարող սկսվել այն բանից, որ փաստագրված պատմական ժառանգությունն ու դրա քաղաքական ժխտումը ներկայացվում են որպես հավասարազոր տեսակետներ […]։ Խնդիրը, սակայն, պատմությունից անդին է։
Դուք քայլել եք այն վայրերով, որոնց բնակիչներն այսօր այլևս այնտեղ չեն։ Երեք տարի առաջ այս օրերին Ղարաբաղի հայերից շատերը ստիպված էին իրենց զոհված որդիների թարմ աճյունները գերեզմաններից հանել և բերել Հայաստան։ Նրանցից շատերն այսօր դեռ չունեն տուն, աշխատանք կամ վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Իսկ Բաքվի բանտերում դեռ 19 հայ պատանդ կա։ Նրանց միակ «մեղքը» հայ լինելն ու սեփական ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարելը։
Ռազմական հաղթանակը խորհրդանշող վայրեր այցելելը, տեղահանման հետևանքների մասին չխոսելը և հայկական մշակութային ժառանգության վերագրման փորձերի դեմ հրապարակային դիրքորոշում չարտահայտելը չի նպաստում խաղաղությանը։ Ընդհակառակը, այն խորացնում է անարդարության և նվաստացման զգացումը։
Ես չեմ ասում, որ ԵՄ-ն չպետք է շփվի Ադրբեջանի հետ կամ չպետք է աշխատի խաղաղության ուղղությամբ։ Բայց նման շփումները պետք է հենվեն բարոյական հստակ չափանիշների վրա։
Հաշտեցումը չի կառուցվում այն ենթադրության վրա, թե տեղահանված մարդիկ պետք է մոռանան իրենց տները, իսկ նրանց եկեղեցիները՝ ստանան նոր ինքնություն։ Այն կառուցվում է ճշմարտության, զոհերի արժանապատվության և պատասխանատվության վրա։
Հայաստանն այսօր թուլացած է և չի կարող լիարժեք ապահովել իր անվտանգությունը։ Բայց հայ ժողովրդի շարունակական նվաստացումն ու ցավի անտեսումը չեն կարող խաղաղություն բերել. դրանք միայն խորացնում են անարդարությունը, ինչն ավելի է խարխլում հնարավոր հաշտությունը։ Վստահ եմ՝ Եվրոպան կարող է և պետք է ընտրի ճիշտ ճանապարհը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կարծիք եվրոպացի դիվանագետների՝ ԼՂ այցի մասին