Ամենայն հայոց կաթողիկոսը՝ դատարանի առաջ․ մեկնարկել է Գարեգին Բ-ի գործի քննությունը
Ամենայն հայոց կաթողիկոսը՝ դատարանի առաջ
Հայաստանի Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների հանդեպ հարուցված քրեական գործի քննությունը։ Գարեգին Բ-ն նույնպես ներկա էր նիստին։
Դատարանի դիմաց էին հավաքվել ինչպես հոգևորականներ, այնպես էլ քաղաքական գործիչներ։ ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն օրվա երկրորդ կեսին լքել էին խորհրդարանն ու եկել Էջմիածին՝ իրենց աջակցությունը հայտնելու կաթողիկոսին։ Այստեղ էին նաև տասնյակ հավատացյալներ, որոնք պարբերաբար վանկարկում էին «Վեհափառ» և կատարում հոգևոր երգեր։
Գարեգին Բ-ն պաշտոնանկ էր արել վարչապետի հռչակած «եկեղեցու բարենորոգման» շարժմանը միացած հոգևորականներից մեկին` Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին: Բարձրաստիճան հոգևորականը դատական կարգով բողոքարկել էր որոշումը։ Եվ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել նրան իր պաշտոնում մինչև վերջնական որոշման կայացումը: Սակայն Մայր Աթոռը չէր վերականգնել Սարոյանի` թեմակալ առաջնորդի պաշտոնը` պնդելով, որ նման հարցերը դատարանի տիրույթում չեն։ Ավելին, կաթողիկոսի տնօրինությամբ և Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Սարոյանը կարգալույծ էր հռչակվել:
Փաստաբան Արա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ կաթողիկոսը ենթարկվում է քրեական հետապնդման իր «եկեղեցական և կանոնական պարտականությունը» կատարելու համար։
Ըստ Զոհրաբյանի՝ կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը եկեղեցու ինքնավարության, պետություն–եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է։
«Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,- արձանագրել է փաստաբանը։
Հատկանշական է, որ դատական գործընթացը հաջորդում է Հայաստանում եկեղեցի-իշխանություն լարվածությանը։ Մեկ տարուց ավելի է, ինչ վարչապետ Փաշինյանը կաթողիկոսին հեռացնելու թեման օրակարգում է պահում: Սկզբում նա պնդում էր, որ Գարեգին Բ-ն պետք է հեռանա, քանի որ խախտել է կուսակրոնության ուխտը, դուստր ունի: Ավելի ուշ այդ մեղադրանքին միացավ մեկ ուրիշը, թե, իբր, կաթողիկոսն ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին: Երկրի ղեկավարը, ըստ էության, հոգևոր առաջնորդին մեղադրում է օտարերկրյա ազդեցության գործակալ լինելու մեջ:
Իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են՝ եկեղեցին խառնվում է ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին: Խորհրդարանական ընդդիմությունը չի կիսում այդ տեսակետը, հայտարարում է՝ իշխանությունն է միջամտում եկեղեցու գործերին, ինչի «իրավունքը չունի»։
Նիստի մանրամասները, փաստաբանի դիրքորոշումը, իշխող ուժի և ընդդիմության տեսակետները, մեկնաբանություններ
- Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը՝ առանց կաթողիկոսի. կարևոր դրվագներ
- «Սերժ Սարգսյանն էլ մտադիր չէր հեռանալ, բայց ստիպված եղավ»․ Փաշինյանը՝ կաթողիկոսի մասին
- Գարեգին Բ-ի հեռացման պահանջը հասավ Մայր Աթոռ, Փաշինյանը չմասնակցեց հավաքին
Առաջին նիստն ավարտվեց 30 րոպե անց, դատավորն ինքնաբացարկ հայտնեց
Դատավոր Հակոբ Մանուկյանը նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց հայտարարեց, որ այս փուլում նիստը պետք է անցկացվի դռնփակ, քանի որ հրապարակվելու են «մասնավոր կյանքին վերաբերող տվյալներ» իր և փաստաբան Արա Զոհրաբյանի վերաբերյալ։
«Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց»,- րոպեներ անց լրագրողներին ասաց Զոհրաբյանը։
Նրա փոխանցմամբ՝ Մանուկյանն իր ինքնաբացարկը հիմնավորել է՝ նշելով, որ իր փաստաբանական արտոնագիրը հենց Զոհրաբյանն է հանձնել, ինչը կարող է «կասկած առաջացնել»։
Ինքը՝ Զոհրաբյանը, կարծում է՝ դա բացարկի հիմք չէր, որևէ կերպ չէր խանգարում ծառայողական լիազորությունների կատարմանը։
«Նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի»,- եզրակացրել է փաստաբանն ու հավելել, որ կաթողիկոսին դատելն ինքնին կաշկանդող հանգամանք է։
Արա Զոհրաբյանի խոսքով՝ գործը պետք է մակագրվի մեկ այլ դատավորի, հրավիրվի նոր նիստ։
Նիստի ավարտից հետո Ամենայն հայոց կաթողիկոսն ու աջակիցները երթով շարժվել են դեպի Մայր տաճար՝ մասնակցելու ժամերգության և միասնական աղոթելու։
«Իշխանության քայլերն ուղղված են եկեղեցին իր կամքին հպատակեցնելուն»․ Գարեգին Բ
Ժամերգության ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նրա փոխանցմամբ՝ իշխանությունները քայլեր են ձեռնարկում եկեղեցու հեղինակությանը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու ուղղությամբ։
«Եկեղեցին ու հոգևորականներն իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի, ազգանվեր այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել է նա։
Կաթողիկոսն անհիմն է որակել իրեն և 6 հոգևորականներին առաջադրված մեղադրանքը։
«Լի ենք հավատով և վճռականությամբ՝ պաշտպանելու մեր իրավունքները՝ երաշխավորված ինչպես մեր պետության Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով»,- ընդգծել է նա։
Փաստաբան Արա Զոհրաբյանի կարծիքը․
«Ամենայն հայոց կաթողիկոսը մեղադրվում է այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրև խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը:
Այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին [նույն ինքը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան] կարգալույծ հռչակելու վերաբերյալ կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:
Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար:
Սա պատմական ամոթալի իրադարձություն է։ Վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն հայոց կաթողիկոսին։
Առաջին նման դեպքը կապված էր Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի հետ: Նա խորհրդային հակաեկեղեցական բռնաճնշումների տարիներին գործել է աննախադեպ ճնշումների պայմաններում, իսկ 1938 թ․-ի ապրիլի 6-ին Պետանվտանգության գործակալները Խորեն Ա Մուրադբեկյանին խեղդամահ են արել»։
Ընդդիմադիրներն «ամոթի օր» են հայտարարել
ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է՝ այսօր «ամոթի օր» է․
«Էջմիածնում դատում են Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մեր հոգևոր հորը, մեր եկեղեցու առաջնորդին: Սա խայտառակություն է ու չլսված բան: Սա ոտնձգություն է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու անկախության, այլև Հայաստանի Սահմանադրության նկատմամբ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ քաղաքական իշխանությունն իրավունք չունի միջամտել հոգևոր իշխանության գործերին, ՀՀ-ում եկեղեցին պետությունից անջատ է»։
«Ո՞վ է պաշտպանում եկեղեցին՝ մե՞նք, թե՞ դուք»․ իշխանական պատգամավոր
Արձագանքելով ի պաշտպանություն եկեղեցու հանդես եկող ընդդիմադիր պատգամավորներին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը նկատել է․
«Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին»։
Հիշեցրել է նաև կուսակրոնության ուխտը խախտելու մասին մեղադրանքները․
«Մենք կանգնած ենք եկեղեցու կողքին, մենք պաշտպանում ենք եկեղեցին, իսկ դուք պաշտպանում ենք կուսակրոնության ուխտը խախտած, քաղաքականության մեջ խառնված եկեղեցականներին, որոնք օգտագործելով կրոնը և եկեղեցին, պաշտպանվում են, պաշտպանում են իրենց ուխտը խախտելը, քաղաքականության մեջ ներգրավվելը»։
Հովհաննիսյանը հարցրել է՝ «ո՞վ է պաշտպանում եկեղեցին՝ մե՞նք, թե՞ դուք, ով պաշտպանում է կուսակրոնության ուխտը խախտելը»։ Շեշտել է՝ նա, ով կուսակրոնության ուխտը խախտել է, պետք է հեռանա եկեղեցուց։
«Ո՞վ է էստեղ եկեղեցու կողքին կանգնած: Մեր ժողովուրդը իր գնահատականը տվել է ամեն դեպքում»,- նշել է իշխանական պատգամավորը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած նախընտրական ծրագրում ևս անդրադարձ է արվում եկեղեցու բարենորոգման օրակարգին։ Նշվում է, որ իշխող ուժը որդեգրում է ճանապարհային քարտեզ, ըստ որի՝ «եկեղեցու փաստացի պետը»՝ Գարեգին Բ կաթողիկոսը պետք է հեռացվի, ընտրվի կաթողիկոսական տեղապահ, ընդունվի եկեղեցու նոր կանոնադրություն, այնուհետև տեղի ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Reuters-ի հետ զրույցում նկատել է․
«Փաշինյանը սկսել է եկեղեցին դիտարկել որպես քաղաքական սպառնալիք, որպես ինստիտուտ, որը կարող է աջակցել ընդդիմությանն ու տարբեր քաղաքական կուսակցություններին իշխանության գալու համար։
Հոգևորականների դեմ գործը տեղավորվում է Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող ընտրողական արդարադատության ավելի լայն մոդելի մեջ, որի արդյունքում ձերբակալվել են ընդդիմադիր առաջատար գործիչներ, իսկ պետության կողմից բռնագրավվել են նրանց որոշ ակտիվներ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ամենայն հայոց կաթողիկոսը՝ դատարանի առաջ