Թուրքիան գործնական քայլերի է անցնում․ մեկնարկել է ՀՀ մտնող երկաթուղու վերականգնումը
Թուրքիան վերականգնում է Աքյաքա-Գյումրի հատվածը
Թուրքիան մեկնարկել է Հայաստանի տարածք մտնող երկաթուղու Աքյաքա-Գյումրի հատվածի ենթակառուցվածքների վերականգնումը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ աշխատանքները կավարտվեն 2-3 ամսից։ Փոխանակման ծրագրով Թուրքիայում գտնվող հայ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը։
«Շինարարությունն սկսված է, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նկատել է Աքյաքայի քաղաքապետն ու հավելել, որ սկսված շինաշխատանքները Հայաստան-Թուրքիա սահմանի բացման նախապատրաստությունն են:
Թոփթաշի գնահատմամբ՝ սահմանի բացման պարագայում Թուրքիան կունենա Կովկասի հետ կապվելու ևս մեկ ճանապարհ, իսկ Հայաստանը հնարավորություն կստանա Թուրքիայի միջոցով կապվել Միջին Արևելքի հետ:
Մեկ այլ թուրք պաշտոնյա՝ Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի կառավարման խորհրդի նախագահ Քադիր Բոզանը հայ լրագրողներին տեղեկացրել է՝ վերջին շրջանում Ախալքալաք-Կարս երկաթուղային ճանապարհով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 400 տոկոսով։ Չի հստակեցրել՝ արդյո՞ք Հայաստանն արտահանում կամ ներմուծում իրականացնում է այդ ճանապարհով։
Ամիսներ առաջ՝ մայիսի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ախալքալաք–Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ՀՀ ներմուծումների համար» և դա որակել մեծ իրադարձություն երկրի տնտեսական կյանքում։
Մանրամասները՝ ստորև
- «Ռուսաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում»․ ՀՀ փոխարտգործնախարար
- ՀՀ-ն ավելացնում է երկաթուղու սուբսիդավորումը․ ՌԴ-ին կոնցեսիայից զրկելու հարցը կմնա ապագային
- «Երկաթուղիների պետական կառավարումն ավելի ձեռնտու կլինի Հայաստանին»․ կարծիք
Ի՞նչ է հաղորդվում լրագրողների այցի մասին
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հայ լրագրողների խումբը Թուրքիա է մեկնել լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակներում՝ տեղում պարզելու, թե երկաթուղին գործարկելու ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում թուրքական կողմում։
Հայ լրագրողների խումբը Կարս քաղաքից գնացքով ուղևորվել է Աքյաքա քաղաք, մոտ 57 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ուղևորությունը տևել է մոտ 50 րոպե։
Աքյաքա կայարանից դեպի Հայաստան՝ Գյումրի երկաթուղային ճանապարհով ընդամենը 18-20 կիլոմետր է, որը հնարավոր կլինի անցնել 30-40 րոպեում, սակայն սահմանի փակ լինելու պատճառով Աքյաքայից դեպի Գյումրի հասնել ներկա պահին հնարավոր չէ։
Հայտարարվել է Աքյաքա-Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման մրցույթ
Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշի խոսքով՝ աշխատանքներ են տարվում ոչ միայն երկաթուղային, այլև ցամաքային ճանապարհի կառուցման ուղղությամբ․
«Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի մրցույթն արդեն հայտարարված է, և ակնկալում ենք, որ աշխատանքներն այնտեղ նույնպես կսկսվեն»:
Նրա գնահատմամբ՝ դա վկայում է երկու երկրների կառավարությունների՝ բարիդրացիական, բարեկամական հարաբերություններին միտված քաղաքականություն վարելու մասին։
Վստահ է՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից և երկկողմ տնտեսական համագործակցությունից շահելու են երկու երկրներն էլ։ Համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում, մասնավորապես՝ գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում։
Հայ լրագրողները զրուցել են նաև Հայաստանի հետ սահմանամերձ թուրքական բնակավայրերի բնակիչների հետ։ Նրանց մեծամասնությունն ակնկալում է, որ սահմանը կբացվի հնարավորինս շուտ։ Վտահ են՝ դրա արդյունքում տնտեսական նոր հնարավորություններ են բացվելու իրենց համար։
«Ակնկալում ենք, որ սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի»
Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը լավատես է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում։
Ասում է՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի։
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ աշխատանքներ են ընթանում սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու ուղղությամբ։
Ենթակառուցվածքները վերականգնման կարիք ունեն, սակայն երկաթուղու գործարկման համար այս պահին ամենալուրջ խոչընդոտը, ըստ նրա, սահմանի փակ լինելն է։
2026 թ․-ի տարեսկզբին որոշ հայկական ԶԼՄ-ներ տեղեկություններ էին տարածել, որ փետրվարի 1-ին ՀՀ-Թուրքիա սահմանը կբացվի երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար: Հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը նման պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս 2022 թ․-ի հուլիսին: Հայկական կողմում գտնվող «Մարգարա» անցակետը շահագործման պատրաստ է վաղուց՝ 2023 թ․-ի դեկտեմբերից։ Չնայած ձեռքբերված պայմանավորվածություններին՝ Թուրքիայի հետ սահմանը շարունակում է մնալ փակ։
Կարգավորման գործընթացում, սակայն, դրական տեղաշարժեր պարբերաբար արձանագրվում են։ Մասնավորապես՝ 2026 թ․-ի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական անձնագիր կրող քաղաքացիների համար դյուրացվել է վիզաների տրամադրման գործընթացը։ Մինչև 21 օր այցելության պարագայում նրանք էլեկտրոնային վիզա են ստանում առանց պետական տուրք վճարելու։
Համատեքստ
ՀՀ երկաթուղային համակարգը 2008 թ․-ից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից։ Այն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարի ժամկետով։ Կողմերի համաձայնության դեպքում այն կարող է երկարաձգվել ևս 10 տարով։
Երևանը երկաթուղու Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածների վերականգնման խնդրանքով դիմել է Մոսկվային։ Այս հատվածների վերականգնումը ՀՀ-ին թույլ կտա հասնել դեպի Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններ։ Հայկական կողմի խնդրանքը Ռուսաստանը մինչ օրս չի իրագործել, չի հայտնել նաև նման պատրաստակամություն։
Մյուս կողմից՝ Մոսկվան հստակ հայտարարել է՝ երկաթուղու կոնցեսիայից հրաժարվել չի պատրաստվում։ Հայաստանի իշխանությունները չեն բացառում նաև երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու և երրորդ երկրի հանձնելու սցենարը։
Այս տարվա հուլիսի սկզբին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը մեկնարկել է այն գործընթացները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը, իսկ մնացած հատվածների մասով քննարկումները կշարունակի, այդ թվում՝ ՌԴ գործընկերների հետ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թուրքիան վերականգնում է Աքյաքա-Գյումրի հատվածը