Շաբաթական 44-49 ժամ՝ միայն ընտանիքի խնամքին․ ՀՀ-ում կանայք ավելի շատ են աշխատում
Ուսումնասիրություն ՀՀ-ում կանանց աշխատանքի մասին
Հայաստանում աշխատանքային տարիքի կանայք մոտ 4-5 անգամ ավելի աշխատանք են կատարում, քան տղամարդիկ։ Այդ մասին են վկայում «Ամերիա» ընկերության իրականացրած հետազոտության արդյունքները։
Հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվերով և Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ։ Ըստ այդմ՝ պարզ է դարձել, որ կանայք շաբաթական միջինը 15.3 ժամ տրամադրում են տնային գործերին՝ խոհանոց, մաքրություն, լվացք և 8.6 ժամ՝ խնամքին՝ երեխաներ, ավագ սերունդ և այլն։
«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ այդ ծանրաբեռնվածության բարձրակետը բաժին է ընկնում 30-35 տարեկան կանանց՝ հասնելով շաբաթական 44-49 ժամի:
«Սա չմոնետիզացված աշխատանք է, չի վճարվում։ Սակայն կանայք, նման աշխատանք կատարելով, արդյունք են ստեղծում, ինչը շատ կարևոր է և պետք է գնահատվի»,- նկատել է Ջրբաշյանը։
Համեմատական տանելով՝ նշել է, որ տղամարդիկ տնային գործերին տրամադրում են շաբաթական միջինը 3.6 ժամ, իսկ խնամքին՝ 2.2 ժամ, ինչը 30-40 տարեկանում հասնում է իր բարձրակետին՝ ընդամենը 8-11 ժամի։
- Ինչպես են կանայք Հայաստանում համատեղում ընտանիքի հոգսն ու երեխայի խնամքը կարիերայի հետ
- Սեռական ոտնձգությունն աշխատավայրում․ ինչո՞ւ է անպատժելի Հայաստանում
- Հայրության արձակուրդ. օրենքն ու իրականությունը հետխորհրդային երկրներում
Կանայք իրենց կատարած աշխատանքի 78%-ի համար չեն վճարվում
Իրականացված ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում աշխատանքի վրա, քան տղամարդիկ։ Մասնավորապես՝ նրանք ավելի շատ են ներգրավված տնային գործերում, ուստի ֆիզիկապես ավելի ծանրաբեռնված են։ Ընտանիքի խնամքին ուղղված այդ աշխատանքը, սակայն, վարձատրվող չէ։
Տիգրան Ջրբաշյանի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ կանայք իրենց կատարած աշխատանքի 78%-ի համար չեն վճարվում։ Ասում է՝ դա ծանրաբեռնվածության այն տոկոսն է, որը կինը ծախսում է տանը՝ ընտանիքի խնամքի վրա․
«Փաստացի ստացվում է , որ կանայք վճարվում են իրենց կատարած աշխատանքի 22%-ի դեպքում։ Տղամարդկանց պարագայում մոտ 11%-ը չվճարվող է, 89%-ը՝ վճարվող է»։
«Շատ կարևոր է, որ աշխատավայրերն ավելի ընտանիքամետ դառնան»
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն ասում է՝ տանը ունեցած շաբաթական 44-49% ծանրաբեռնվածությունը շատ հաճախ կանանց կանգնեցնում է ընտրության առաջ՝ ֆորմալ աշխատանք գտնե՞լ, մասնագիտական առաջխաղացում ունենա՞լ, թե՞ ընտանիք կազմել, երեխա ունենալ․
«Պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ կամ-կամը փոխարինվի և-և-ով։ Կինը կարողանա աշխատել, ունենալ ֆորմալ զբաղվածություն և կարողանա ժամանակ հատկացնել ընտանիքին»։
Հակառակ պարագայում, ըստ Սարգսյանի, կառաջանան ժողովրդագրական խնդիրներ։
Անդրադառնալով կանանց համար համապատասխան պայմանների ստեղծմանը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը խոսել է երեխաների խնամքի կենտրոնների, մանկապարտեզների, ինչպես նաև տարբեր ծառայությունների հասանելիության մասին։
Հայաստանում առկա է հեռավար աշխատանքի հնարավորություն, որից գործատուի համաձայնության դեպքում կարող են օգտվել նաև աշխատող մայրերը։ Բացի այդ, բոլորովին վերջերս կառավարությունը հաստատեց որոշում, որով սահմանեց «Ծնողական ժամ»։ Ըստ այդմ՝ աշխատող մայրերն ու հայրերը կարող են ավելի ուշ գալ կամ շուտ ավարտել աշխատանքը, եթե ունեն մինչև 12 տարեկան և առանձին դեպքերում՝ մինչև 18 տարեկան երեխաներ։ Մասնավորապես՝ կարգավորումը հետևյալն է՝
- մինչև 2 երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե,
- 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 1 ժամ,
- մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում ունեցող երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ (անկախ երեխաների թվաքանակից)։
Փորձագետներն այս փոփոխությունները բավարար չեն համարում։
Շեշտում է՝ շաբաթական 44-49 ժամ տանը ծախսելը նշանակում է, որ որոշ կանայք 2 դրույք են աշխատում, որովհետև գործատուի մոտ էլ աշխատում են շաբաթական 40 ժամ։
Ըստ Սարգսյանի՝ թե՛ տնտեսական, թե՛ մարդու իրավունքների առումով սա ճիշտ չէ, քանի որ կանայք իրենց համար ժամանակ չեն ունենում։ Բացի այդ, գերծանրաբեռնվածությունն ազդում է արտադրոողականության վրա՝ ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը։
Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարևորում է, որ աշխատավայրերն ավելի ընտանիքամետ դառնան։ Վստահ է՝ դա թույլ կտա, որ կանայք հանգիստ իրացնեն իրենց ներուժը, իսկ ընտանիքի հետ ծախսած ժամանակը լինի որակյալ։
«Պետք է գործատուն ընդունի, որ կա ընտանիք։ Չափազանց կարևոր է, որ կինը այդ մշտական մեղավոր լինելու զգացողությամբ առաջ չգնա։ Այսինքն՝ մեղավոր չզգա, որ ընտանիքի հետ քիչ ժամանակ է անցկացնում, տանն էլ չմտածի, որ աշխատավայրում գործ է կիսատ թողել»,- մանրամասնել է նա։
Բանախոսներն ընդգծել են՝ կանայք հասարակության մեջ շատ ավելի արտադրողական են․ շատ ավելի կրթված են։
Ուստի պետք է ունենան հնարավորություն աշխատելու, որ տնտեսությունը չզրկվի ավելի բարձր ավելացված արժեք ստեղծելուց։
Մյուս կողմից նկատել են, որ խոսքն այն մասին չէ, որ կանայք անպայման պետք է ֆորմալ աշխատանք ունենան կամ նրանց՝ տանը կատարած աշխատանքը պետք է վարձատրվի։ Ասում են՝ կանայք պետք է ունենան աշխատանքն ու ընտանիքի խնամքը կազմակերպելու ընտրության հնարավորություն։ Այդ հնարավորությունն ինքնին կարևոր կլինի ինչպես երկրի ու տնտեսության, այնպես էլ գործատուի և կոնկրետ տվյալ ընտանիքի համար։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ուսումնասիրություն ՀՀ-ում կանանց աշխատանքի մասին