Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն օգտագործում է Polyface-ը՝ դեմքերի ճանաչման ծրագիր, որը մշակվել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական Papillon բաժնետիրական ընկերության կողմից, մասնավորապես՝ բողոքի ցույցերի մասնակիցներին նույնականացնելու և նրանց հետևելու համար։ Նման պնդումներ է արել AlgorithmWatch միջազգային հետաքննական պարբերականը։
Պարբերականի փոխանցմամբ՝ համակարգը գտնվում է Ռուսաստանի իրավազորության ներքո, ինչը մեծացնում է ռիսկը, որ ՌԴ անվտանգային ծառայությունները հասանելիություն կստանան Վրաստանի քաղաքացիների կենսաչափական տվյալներին։ Նշվում է, որ դա սպառնալիք է ստեղծում ինչպես երկրի ազգային անվտանգության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար։
AlgorithmWatch-ը նշում է, որ Papillon-ը գտնվում է Շվեյցարիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո։
Ընկերության տեխնոլոգիաները հիմնականում օգտագործվում են Ռուսաստանի իրավապահ մարմինների և Մոսկվային մոտ գտնվող պետությունների, այդ թվում՝ Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից։
«Ռուսաստանը, որը ներկայումս Վրաստանին մատակարարում է մարդկանց հետևելու տեխնոլոգիաներ, երկիր ներխուժեց 2008 թ․-ի օգոստոսին, ինչից հետո Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչեց որպես անկախ պետություններ»,— հիշեցնում է պարբերականը։
Հոդվածի համաձայն՝ վերջին 11 տարիների ընթացքում Polyface համակարգը թարմացվել է հինգ անգամ և 2024 թվականի հոկտեմբերին ստացել է անժամկետ լիցենզիա։ 2018 թվականի թարմացման պայմանագրով նախատեսված էր, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության օպերատորներին կվերապատրաստեն հենց ռուս մասնագետները։
AlgorithmWatch-ի տվյալներով՝ 2025 թվականի հունիսի սկզբին Վրաստանի ՆԳՆ-ն ձեռք է բերել ծրագրի վերջին թարմացումը՝ Polyface 3.7.0-ը։
Պարբերականը պատմում է, որ այս տարբերակը հիմնված է ալգորիթմի վրա, որը մշակվել է ռուսական 3DiVi ընկերության կողմից։ Այն տեղակայված է Նովոսիբիրսկում և ֆինանսավորվում է Ռուսաստանի պետական հիմնադրամի կողմից։ Հայտարարվում է, որ ծրագիրը կարող է բարձր թողունակությամբ լուսանկարներ անել մեծ հավաքույթների ժամանակ՝ նույնիսկ թույլ լուսավորության պայմաններում, և նույնականացնել նույնիսկ դիմակ կրող կամ դեմքը մասամբ ծածկած անհատներին։
Հենվելով մրցութային փաստաթղթերի վրա՝ AlgorithmWatch-ը նաև հաղորդում է, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը վերացրել է համակարգի օպերատորների թվաքանակի սահմանափակումը: Մինչև 2025 թ․-ը համակարգում միաժամանակ կարող էր աշխատել առավելագույնը 30 օպերատոր։ Նոր պահանջի համաձայն՝ նախարարությունը խնդրել է լիցենզիա անսահմանափակ թվով օպերատորների համար, ինչը պարբերականի գնահատմամբ՝ վկայում է լայնածավալ բողոքի ցույցերի ժամանակ մարդկանց հետևելու ընդլայնված հնարավորությունների մասին: