«ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա»․ Փաշինյան
Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի լինել-չլինելու մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է Ռուսաստանի հովանու ներքո գործող Եվրասիական տնտեսական միությանը։ Շեշտել է, որ չնայած հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներին՝ ՀՀ-ն շարունակելու է կառույցի հետ սերտ աշխատանքը։
Փաշինյանի խոսքով՝ պաշտոնական Երևանը չի առաջնորդվում այն կանխավարկածով, թե ԵԱՏՄ շուկայում «ինչ-որ մի անշրջելի բան է տեղի ունեցել», և Հայաստանն այդ ուղղությամբ էլ չի նայելու։
«Շատ ակտիվ աշխատելու ենք: Եվ համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե չլինեն լուծումներ, դա լրիվ ուրիշ բան է նշանակում՝ առաջին հերթին, Եվրասիական տնտեսական միության համար։ ԵԱՏՄ-ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է՝ Եվրասիական տնտեսական միություն չկա»,- ընդգծել է Փաշինյանը։
Լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում վարչապետը նկատել է՝ կարելի է հասկանալ, եթե խնդիրն ունի ժամանակավոր բնույթ։
«Լավ, կարող է մեկ ամիս խնդիր լինի, երկու ամիս խնդիր լինի, երեք ամիս խնդիր լինի։ Բայց չորրորդ ամսում, եթե խնդիրը դեռ կա, նշանակում է՝ ԵԱՏՄ-ն չկա։ Եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ի՞նչ անենք»,- հայտարարել է նա։
Ի՞նչ է հայտարարել վարչապետ Փաշինյանը, նաև նախապատմություն
- Պուտինը չի շտապում շնորհավորել Փաշինյանին․ Մոսկվայի պարզաբանումը, կարծիքներ Երևանից
- ՌԴ ԱԴԾ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ FIP-ի բացահայտումը
- «Հակված չենք լարվածության»․ Երևանի արձագանքը Մոսկվայից հնչող հայտարարություններին
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում էլ է տեղի ունենում դիվերսիֆիկացիա, բայց առանց հայտարարելու
Փաշինյանի համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը պետք է հստակ պատասխանի հետևյալ հարցին՝ ինքը կա՞, թե՞ չկա․
«Մենք ասում ենք, որ ինքը կա։ Եվ մենք՝ որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել»։
Հայաստանի վարչապետի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, Եվրասիական տնտեսական միության մի քանի երկրներում առնվազն շատ լուրջ անհանգստություն է առաջացնելու։
«Մենք կառավարության նիստերում խոսում ենք դիվերսիֆիկացիայի այս պրոցեսների մասին։ Ես համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության մի շարք երկրներում այս պրոցեսն առանց հայտարարելու տեղի է ունենում։ Այն, ինչ տեղի է ունենում, նրանք գնահատելու են որպես ռիսկ, որը իրենց առջև կանգնած է»,- մանրամասնել է Փաշինյանը։
Կան քննարկելու հարցեր, այդ թվում՝ առանց Հայաստանի ընդունված հայտարարությունը
Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ Եվրասիական տնտեսական միության ձևաչափում կան քննարկելու հարցեր։ Ասում է՝ առաջիկա առիթն օգտագործելու է այդ քննարկումը բացելու համար։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունի նաև Հայաստանի վերաբերյալ հայտարարության առնչությամբ, որն ընդունվել էր իր բացակայության պայմաններում։ Շեշտում է՝ պետք է հասկանալ, թե դա գործնականում ինչ է նշանակում․
«Մենք պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է այսպիսի որոշումներ կայացնել, ուղղակի արթնանալ որոշումներ կայացնե՞լ։ Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն այո է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին»։
Այդ պարագայում, ըստ վարչապետի, Հայաստանը կանի համապատասխան հետևություններ․
«Պետք է լինի շատ հստակ պատասխան՝ ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չկա։ Եթե կա, մենք կդիրքավորվենք։ Եթե չկա, առանձնապես դիրքավորվելու կարիք էլ չի առաջանալու»։
2026 թ․-ի մայիսի 29-ին կայացել էր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ, որին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել նախընտրական քարոզարշավի պատճառով։ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներն ընդունել էին հայտարարություն, որով Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։
Ի պատասխան ՀՀ վարչապետը նկատել էր՝ ներկա պահին հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։ Նաև հավելել էր․ «Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է»։
Միության քայքայումը կարող է դառնալ «անխուսափելի»
Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը հերթական անգամ վստահեցրել է՝ Հայաստանն իր առջև Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու խնդիր չի դրել։ Մյուս կողմից, նկատել է՝ չի կարող չմտահոգվել ստեղծված իրավիճակով։
Ինքը՝ Փաշինյանը, կարծում է՝ այն պետք է մտահոգի նաև միության անդամ մյուս երկրներին․
«ԵԱՏՄ մյուս անդամները ՀՀ փորձից մտահոգված չե՞ն։ Համոզված եղեք՝ մտահոգված են, որովհետև բոլորը հասկանում են, որ նույնը կարող է տեղի ունենալ իրենց հետ։ Եթե մենք հիմա արագ չկարգավորենք [իրավիճակը], սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի»։
Համատեքստ
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՌԴ-ն սահմանափակումներ կիրառեց հայկական պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման վրա։ Միաժամանակ արգելեց ՀՀ-ից ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը։ Որպես պատճառաբանություն մատնանշվում է որակական անհամապատասխանությունը։
Հայ փորձագետներն ու պաշտոնյաները խնդիրը դիտարկում էին նախընտրական տրամաբանության մեջ և ակնկալում, որ հունիսի 7-ից հետո այն կկարգավորվի։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են՝ ընտրություններից հետո կմեկնի, հանդիպում կունենան ու «բոլոր ընթացիկ հարցերը կլուծեն»։
Ընտրությունների վերջնական արդյունքներն արդեն ամփոփվել են։ Առաջատարը Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Մոսկվան, սակայն, չի շտապում․ Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով, չեն մեղմվել կամ վերացվել նաև կիրառված տնտեսական սահմանափակումները։
ՌԴ սահմանափակումների ֆոնին ՀՀ կառավարությունը տնտեսվարողներին աջակցող մի շարք ծրագրեր է ընդունել, արտահանումներ են իրականացվում դեպի ԵՄ երկրներ։
Ակնկալվում է, որ դրական զարգացումներ կլինեն նաև հաջորդ շաբաթ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի շրջանակում։ Վարչապետ Փաշինյանն այսօր հայտնել է՝ օրակարգի կարևոր հարցերից մեկը լինելու է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքի դյուրացումը Եվրամիության շուկա։ Հայտնել է՝ կա «բացառիկ հնարավորությունների» հավանականություն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի լինել-չլինելու մասին