Հայաստանի ՍԴ է ներկայացվել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում․ ի՞նչ սպասել
ՍԴ-ն կքննի ընտրություններն անվավեր ճանաչելու հարցը
Հայաստանում շարունակվում են հետընտրական զարգացումները։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ այսօր՝ հունիսի 19-ին դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ներկայացնելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում։
Օրենսդրության համաձայն՝ ՍԴ կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Դիմումը պետք է ներկայացվի արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը։
ՀՀ-ում կայացած ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփվել են հունիսի 14-ին։ Բացի «Ուժեղ Հայաստան»-ից ՍԴ դիմում ներկայացնելու մասին այսօր հայտարարել է «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը»։ Ավելի վաղ նման մտադրություն ունենալու վերաբերյալ հայտարարություններ էին հնչեցրել «Հայաստան» դաշինքը, «Միասնության թևեր», «Հանուն Հանրապետության» և ԴՕԿ կուսակցությունները։
Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացրած դիմումին, այն դեռևս պետք է անցնի համապատասխան ընթացակարգերով։ Սահմանադրական դատարանից հայտնել են, որ մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում պետք է որոշվի «դիմումի ընդունելիության հարցը»:
«Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո»,- ասված է հաղորդագրությունում։
Ի՞նչ որոշում կարող է կայացնել ՍԴ-ն․ ներկայացնում ենք հնարավոր սցենարները՝ ըստ գործող օրենսդրության
- «Պատերազմի սպառնալիքի և ռիսկերի կառավարում»․ մանրամասներ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
- Ինչպե՞ս կազդեն Հայաստանի ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի վրա․ հայացք Թբիլիսիից
- «Ռուսաստանը պարտվեց նաև ՀՀ-ում». վրացի փորձագետները՝ Փաշինյանի հաղթանակի մասին
- «ՌԴ «պլան Բ-ն» իրականացավ»․ կարծիք ՀՀ ընտրությունների նախնական արդյունքների մասին
Գործի քննությունն իրականացվելու է բանավոր ընթացակարգով
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված գործերի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով․
«Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը կարող է որպես հարակից պատասխանող ներգրավել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների»։
Դատավարությանը ցանկացած փուլում կարող են ներգրավվել նաև երրորդ անձինք՝ իրենց դիմումի հիման վրա։
Խոսքն այն կուսակցությունների կամ դաշինքների մասին է, որոնց իրավունքները շոշափվում են գործի քննության ընթացքում կամ դրա արդյունքում ընդունվելիք որոշմամբ։
«Այն դեպքերում, երբ ՍԴ որոշումը պարտադիր տարածվելու է նաև երրորդ անձանց վրա, ապա Սահմանադրական դատարանն ինքն է պարտավոր այդ անձանց ներգրավել դատավարությանը»,- սահմանված է օրենքի 77-րդ հոդվածում։
Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանն իրավասու է՝
- անհրաժեշտ ապացույցներ (փաստերի վերաբերյալ տեղեկություններ) ձեռք բերելը հանձնարարել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ դատարաններին և դատախազության մարմիններին,
- ձևավորել աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան ոլորտի փորձագետների:
Դատարանի որոշման, ինչպես նաև եզրակացության եզրափակիչ մասերը հրապարակվում են դռնբաց նիստում: Բուն գործի քննություննը դռնբաց է, եթե դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի կայացվել այն դռնփակ անցկացնելու որոշում։
Դատաքննության դռնփակ անցկացման որոշումը պետք է լինի հիմնավորված, մասնավորապես՝ հետապնդի «դատավարության մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակ»։
ՍԴ-ն կարող է ուժի մեջ թողնել կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
Օրենսդրության համաձայն՝ գործի քննությունից հետո Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ,
2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և
ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը,
գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 77-րդ հոդվածի համաձայն՝ քննության արդյունքում ՍԴ-ն իրավասու է անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները, եթե խախտվել են ընտրական իրավունքի սկզբունքները, որոնք սահմանված են մայր օրենքում՝ գործող Սահմանադրությունում։
Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
Նույն օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները, եթե՝
- «գործի քննության արդյունքում սպառվել են ապացույցներ ձեռք բերելու համար նախատեսված բոլոր միջոցները, սակայն ՍԴ-ն հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրությունների իրական արդյունքները,
- դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային փոխկապակցվածության մասին»։
Վերաքվեարկություն կամ նոր ընտրություններ․ ի՞նչ կհաջորդի անվավեր ճանաչելու որոշմանը
Հայաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԱԺ ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն:
Օրենսգրքի 101-րդ հոդվածը սահմանում է, որ վերաքվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 70 օր հետո անցկացվում է նոր հերթական ընտրություն:
Նոր հերթական ընտրության դեպքում Հանրապետության նախագահը քվեարկության օրը նշանակելու մասին հրամանագիրն ընդունում է ԱԺ ընտրությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո` 7-րդ օրը:
«Նոր հերթական ընտրությունն անցկացվում է նոր առաջադրմամբ և արտահերթ ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում»,- ասված է օրենսգրքում։
Ի՞նչ կլինի, եթե մինչև գործող ԱԺ լիազորությունների ավարտը նոր խորհրդարան չկազմավորվի
Եթե Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքները թողնի ուժի մեջ, ապա նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին։
Մայր օրենքի 90-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման ԱԺ լիազորությունների ժամկետի ավարտի օրը, մասնավորապես՝ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման պահին:
Բոլոր դեպքերում գործող ԱԺ լիազորությունների ժամկետի երկարաձգում նախատեսված չէ։
Եթե մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտը նոր ԱԺ չկազմավորվի, նորընտիր խորհրդարանն իր աշխատանքները կմեկնարկի միայն կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը կայանալիք առաջին նստաշրջանի բացման պահին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՍԴ-ն կքննի ընտրություններն անվավեր ճանաչելու հարցը