«Հունիսի 7-ին էլի հեղափոխություն է լինելու»․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին
Նիկոլ Փաշինյանը՝ նոր հեղափոխության մասին
«Իմ տպավորությամբ՝ հունիսի 7-ին ընտրություններ չեն լինելու, էլի հեղափոխություն է լինելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելել՝ այդ մասին են վկայում քաղաքացիների խոսքերը, վերաբերմունքն ու էմոցիաները։
Ասում է՝ շատ բաների վրա իշխանությունը դեռ պետք է աշխատի, բայց քաղաքացիներն ուրախ են «խաղաղության համար, սոցիալական տնտեսական և քաղաքական ահռելի փոփոխությունների համար»։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագրի» սահմանադրական մեծամասնություն ունենալը «շատ իրատեսական» է համարում։ Համոզված է՝ կա քաղաքացիական բարձր գիտակցություն, և «ընտրակաշառքով Հայաստանում այլևս հնարավոր չէ հարց լուծել, հնարավոր է մի քանի ձայն փախցնել»։
Վարչապետը արձակուրդում է նախընտրական քարոզրշավին մասնակցելու կապակցությամբ, բայց որոշել է չխախտել ամենշաբաթյա ճեպազրույցների ավանդույթը։ Պարզապես այսօր այն տեցի ունեցավ ոչ թե կառավարության շենքում, այլ Երևանի բացօթյա սրճարաններից մեկում։
Ճեպազրույցում նա անդրադարձավ մի շարք օրակարգային հարցերի, այդ թվում՝ ընտրություններին վերագրվող աշխարհաքաղաքական համատեքստին, ՌԴ և Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերություններին, նոր ատոմակայանին և ոչ միայն։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- «ՌԴ-ն պատրաստվում է հետընտրական խժդժություններ կազմակերպել Հայաստանում»․ կարծիք
- Հայաստանի քաղաքական ուժերը մինչ քարոզարշավի մեկնարկն արդեն մեծ գումարներ են ուղղել Meta-ում գովազդին
- «Եվրոպացի առաջնորդները վստահում են Փաշինյանին»․ կարծիք Թբիլիսիից
«Չունեն աշխարհաքաղաքական համատեքստ»․ ընտրությունների մասին
Հայաստանի վարչապետի դիտարկմամբ՝ ՀՀ-ից դուրս գտնվող ուժերն ու քաղաքական գործընթացի մասնակիցները փորձում են աշխարհաքաղաքական ենթատեքստ հաղորդել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին։
«Աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ չունեն այս ընտրությունները։ Չեն էլ կարող ունենալ՝ մի պարզ տրամաբանութամբ․ ՀՀ-ն որդեգրել է բալանսավորման և բալանսավորված քաղաքականություն: Մեր քաղաքականությունների մեջ ոչ մի դավադրություն, ընդդեմ գործողություն չկա»։
Վարչապետը նկատել է՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ պետք է ունենան այլընտրանք։
«Կա Եվրոպական միություն, կա Եվրասիական տնտեսական միություն, մեր ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե որ ռազմավարությունն է իր համար ամենահեռանկարայինն ու ձեռնտուն»,- հայտարարել է Փաշինյանը:
«Սանկցիոն ռեժիմի մեջ չենք մտնելու»․ ՌԴ ու Եվրամիության կասկածների մասին
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել իր՝ Ռուսաստան կատարած այցերից մեկից։ Նշել է, որ հանդիպումներից մեկի ժամանակ, որին մասնակցում էին «լրջագույն մարդիկ», ռուս գործընկերներից մեկն ուղիղ ասել է՝ ԵՄ հետ համագործակցությամբ Հայաստանը վնաս է հասցնում Ռուսաստանի շահերին։
Ի պատասխան Փաշինյանը վերահաստատել է Երևանի դիրքորոշումը, այն է՝ չկա ՌԴ շահերին վնասնելու մտադրություն կամ ցանկություն։ Բացի այդ, վարչապետ Փաշինյանը խնդրել է ներկայացնել գեթ մեկ օրինակ, որը ցույց է տալիս՝ Մոսկվայի շահերին հասցվել է «առարկայական վնաս»
«Գիտեք՝ ինչ էր պատասխանը։ Լռություն»,- լրագրողներին պատմել է վարչապետը։
Անդրադառնալով Եվրամիությանը՝ Փաշինյանը նկատել է՝ ԵՄ-ում կային կասծաներ, որ ՀՀ-ն շրջանցում է ՌԴ դեմ սահմանված սանկցիաները։ Այս հարցում ևս, ըստ նրա, թափանցիկ են եղել բոլոր գործընկերների հետ։ Վստահեցրել են՝ որևէ բան չենք ուզում անել Ռուսաստանի դեմ, բայց չենք ձեռնարկելու նաև քայլեր, որոնց հետևանքով Հայաստանը կարող է ընկնել սանկցիաների տակ․
«Եթե Ռուսաստանը կարող է սանկցիայի տակ լինել ու դիմանալ, ապա Հայաստանը չի կարող»,- ընդգծել է Փաշինյանը։
Ասում է՝ հայկական կողմին հաջողվել է փարատել նաև պատժամիջոցների շրջանցման վերաբերյալ Եվրամիության կասկածները։ ԵՄ ներկայացուցիչները մի քանի անգամ հրավիրվել են Երևան ու տեղում արձանագրել, որ ՀՀ-ն չի խախտում սանկցիաների ռեժիմը։
«Մտավախություն չունեմ»․ ռուսական ռազմաբազայի մասին
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշել է՝ մտավախություն չունի, թե ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել ՀՀ-ում կալանավորված ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու գործում։
«Անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում և Հայաստանի իրավազորության ներքո»,- ընդգծել է վարչապետը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են լինում, երբ ՀՀ-ում մարդիկ ձերբակալվում են ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի ներկայացրած հայտերի հիման վրա․
«Եղել են դեպքեր, երբ հայտը բավարարվել է, արտահանձնվել են, եղել է, որ հայտը չի բավարարվել, չի արտահանձնվել։ Մենք կայացնում ենք որոշումներ մեր օրենսդրության և գործին համապատասխան»։
Փաշինյանի փոխանցմամբ՝ նույն անձի վերաբերյալ միանգամից մի քանի երկրից հայտ ստանալու պարագայում արտահանձնման որոշումները կայացվում են «տրամաբանության շրջանակում»։
Նախօրեին Ռուսաստանի Պետդուման ընդունել է օրենքի նախագիծ, որով ՌԴ նախագահին իրավունք է վերապահվում ռուսական բանակն օգտագործել արտերկրում Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար, եթե նրանք ենթարկվեն ձերբակալման կամ քրեական հետապնդման այնպիսի օտարերկրյա դատարանների կողմից, որոնց իրավասությունը Մոսկվան չի ճանաչում:
«Ամեն ինչ անում են, որ ՀՀ և ՌԴ միջև էսկալացիա լինի»․ ընդդիմության մասին
Ըստ վարչապետի՝ քաղաքական հայտ ներկայացրած մի շարք ուժերի ղեկավարներ, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անում են, որ Երևանի և Մոսկվայի միջև էսկալացիա, վիճաբանություն լինի։
«Չի լինելու, նախ որովհետև Ռուսաստանի հետ վիճելը մեր մասշտաբը չի․ մենք փոքր, համեստ երկիր ենք։ Մեր խնդիրը չի, մեր մասշտաբը չի, մեր նպատակը չի։ Մյուս կողմից էլ մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, դա էլ եկեք չմոռանանք»։
Հիշեցրել է՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև անգամ ասել է, թե ինքն ակնկալում է, որ ՌԴ-ն խնդիրներ կստեղծի ՀՀ համար։
«Էժան սադրանքներ են, նրանց չի հաջողվելու դա անել»,- նկատել է Փաշինյանը:
«Քաղաքական ընտրություն չէ»․ նոր ատոմակայանի մասին
Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է՝ նոր ատոմակայանի վերաբերյալ առաջարկներ են ստացել ոչ միայն ՌԴ-ից, այլև Հարավային Կորեայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։
Ասում է՝ Հայաստանն ունի իր ռեսուրսը՝ արևային էներգիան, ուստի կարիք ունի ոչ թե 1000 ՄՎտ կամ 600 ՄՎտ հզորությամբ մեծ ատոմակայանի, այլ փոքր՝ մոդուլային ատոմակայանի։
«Մենք ցանկանում ենք ունենալ մոդուլային ատոմակայան, քանի որ անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր կլինի կառուցել նոր էներգաբլոկներ։ Եվ ամենակարևորը՝ մոդուլային կայանը չի կարող հանգեցնել Չեռնոբիլի նման վթարի»,- նկատել է նա։
Վարճապետ բացատրել է՝ մոդուլային կայանում վթարի դեպքում 1 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը չեն տարհանվում։
Փաշինյանի գնահատմամբ՝ սա ոչ թե քաղաքական ընտրություն է, այլ «մաքուր տնտեսական» հարց։
«Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր առաջարկները՝ թե՛ տեխնոլոգիաների, թե՛ գնի տեսանկյունից»,- ասել է վարչապետն ու շեշտել՝ շարունակելու են աշխատել այն երկրի հետ, որը ՀՀ համար լավագույն առաջարկը կներկայացնի։
«Ուղիղ տեղեկատվություն չունեմ»․ ՀՀ-Թուրքիա սահմանի բացման մասին
Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ուղիղ տեղեկատվություն չունի մոտակա օրերին Թուրքիայի կողմից Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հնարավորության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ արձանագրել է՝ եթե պարզվի, որ այդպիսի բան կա, ինքը շատ կուրախանա:
«Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա։ Եվ շատ լավ կլինի, որ դա տեղի ունենա, և դա տրամաբանորեն տեղի կունենա։ Երբ դա տեղի ունենա, ես կողջունեմ»,- նկատել է վարչապետը՝ շեշտելով, որ սահմանի բացումը միայն դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։
Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ ընդդիմության որոշ շրջանակներ վախի մթնոլորտ են տարածում սահմանների բացման վերաբերյալ։
«Նրանց ասածից ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը մի բան էլ լավություն են արել մեզ, որ սահմանը փակել են: Մինչդեռ 30 տարի Հայաստանը միջազգային հարթակներում բողոքել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրեն շրջափակել են»,- ամփոփել է Փաշինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Նիկոլ Փաշինյանը՝ նոր հեղափոխության մասին