Մայիսի 9-ին ընդառաջ ՌԴ-ում պատրաստվում են ինտերնետ կապի անջատումների
Կիսվել
Կիսվել
Ինտերնետի անջատումներ Ռուսաստանում
Լուսանկարը՝ Ռամիլ Սիտդիկովի / Reuters / Scanpix / LETA
Մայիսի 9-ի շքերթների և երթերի նախաշեմին Ռուսաստանի առնվազն 21 շրջաններում սպասվում են բջջային ինտերնետի լայնածավալ սահմանափակումներ։ Այս մասին հաղորդում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն, որը վերլուծել է հեռահաղորդակցության օպերատորների, բանկային ծառայությունների և տարածաշրջանային ԶԼՄ-ների նախազգուշացումները։
Պարբերականի տվյալներով՝ օպերատորներն ու ծառայությունները սկսել են բաժանորդներին ծանուցումներ ուղարկել տոնական միջոցառումների, շքերթների և «Անմահ գնդի» երթերի անցկացման շրջաններում ինտերնետի հնարավոր անջատումների մասին։ Ամենից հաճախ ծանուցումներում մատնանշվում է այն, որ սահմանափակումները կարող են ուժի մեջ լինել մայիսի 5-9-ը։
MTS, Yota, MegaFon, T2 և Beeline բջջային օպերատորները զգուշացնում են հնարավոր անջատումների մասին։ Նմանատիպ ծանուցումներ են հայտնվել նաև ՍբերՄոբայլի և Yandex Go-ի կայքերում։
Ավելի վաղ BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ այս տարի Մոսկվայում բջջային կապի «ավելի էական» սահմանափակումներ են սպասվում։ Այս տվյալների համաձայն՝ մայիսի 5-ին, 7-ին և 9-ին մայրաքաղաքում կարող է սահմանափակվել ոչ միայն բջջային ինտերնետի, այլև բջջային կապի, SMS-ների ուղարկման և, այսպես կոչված, «սպիտակ ցուցակների» գործունեությունը։
Մայիսի 4-ի երեկոյան հնարավոր սահմանափակումների մասին հաղորդագրություններ հայտնվեցին նաև Սանկտ Պետերբուրգում, Կազանում և Մոսկվայի մարզում:
Հետագայում տարածաշրջանային լրատվամիջոցները սկսեցին զանգվածաբար հաղորդել այլ քաղաքներում ինտերնետի անջատման ծրագրերի մասին։
«Նովայա գազետա Եվրոպա»-ն նման հաղորդագրություններ է հայտնաբերել նաև Աստրախանում, Վոլգոգրադում, Վորոնեժում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Կրասնոդարում, Նիժնի Նովգորոդում, Օմսկում, Պետրոպավլովսկ-Կամչատկայում, Սամարայում, Սարատովում, Տուլայում, Ուֆայում, Չելյաբինսկում և Յուժնո-Սախալինսկում։
Նմանատիպ հաղորդագրություններ են հայտնվել Կրասնոյարսկի և Սմոլենսկի տարածաշրջանային լրատվամիջոցներում, սակայն տեղական իշխանությունները հերքել են ինտերնետն անջատելու ծրագրերի մասին լուրերը։
Մշտադիտարկման նախագծերի տեղեկությունների համաձայն՝ սահմանափակումներ արդեն իսկ գրանցվել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Մայիսի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:30-ի սահմաններում, ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը հայտարարել է Մոսկվայում բջջային ինտերնետի անջատումների ավարտի մասին: Սակայն, ըստ Amnezia Pulse նախագծի, 15 րոպե անց սահմանափակումները դեռ ուժի մեջ էին։
Բջջային ինտերնետի խափանումների մասին հայտնել են նաև Սամարայի, Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի մարզերի, ինչպես նաև Պերմի երկրամասի բնակիչները։
Ընթացիկ սահմանափակումները պայմանավորված են Հաղթանակի օրվա տոնակատարությունների անվտանգության միջոցառումներով։
Անցյալ տարի՝ Հաղթանակի 80-ամյակի նախօրեին, Ռուսաստանի իշխանությունները առաջին անգամ փորձարկեցին Մոսկվայում ինտերնետի զանգվածային անջատումները։ Այդ ժամանակ դեռևս մայիսի 7-ի առավոտյան մայրաքաղաքի բնակիչները սկսեցին հայտնել բջջային հեռախոսակապի և ինտերնետի խափանումների մասին։