Հայհոյանք՝ ի պատասխան հայհոյանքի․ Հայաստանի ԱԺ նախագահը խոսում է «սադրանքի» մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայհոյել է քաղաքացուն
Հայաստանում ակտիվորեն քննարկում են Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ վերջին աղմկահարույց միջադեպը։ Նախօրեին խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանին էր մոտեցել ակտիվիստ Միքայել Մարգարյանը։ Սիմոնյանը հրաժարվել էր նրա հետ զրույցից, ինչին Մարգարյանն արձագանքել էր վիրավորանքներով, ապա հայհոյանքով։ Ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայհոյել էր նրան։
Մարգարյանն ու վիճաբանության մեկ այլ մասնակից՝ «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Արսեն Վարդանյանը բերման էին ենթարկվել, ազատ են արձակվել այսօր՝ վարչական տույժից հետո։
Խորհրդարանի խոսնակը տեղի ունեցածը որակել է որպես «քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանք»։ Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նշել է՝ միջադեպին կարող են գնահատական տալ միայն իրավապահները, քաղաքացիներն ու կուսակցությունը՝ վարչության նիստում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն արդեն հասցրել է հայտարարել՝ հարցը վարչության նիստում քննարկելու անհրաժեշտություն չի տեսնում։ Լրագրոները պաշտոնյային հիշեցրել են ՔՊ Էթիկայի կանոնագրքի մասին, որն ընդունվել էր դեռևս 2025 թ․-ի վերջին։
«Մեզ միամիտի տեղ չդնեք էլի։ Մարդը եկել ա, հայհոյել ա ԱԺ նախագահին»,- արձագանքել է Ռուբինյանն ու լրագրողներին հորդորել ԱԺ նախագահին սադրած ընդդիմադիր քաղաքական գործչից ճշտել՝ իր կուսակցությունն ունի՞ էթիկայի կանոնակարգ, թե՞՝ ոչ։
Սա ՀՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ առաջին աղմկահարույց միջադեպը չէ։ 2023 թ․-ի գարնանը Ալեն Սիմոնյանը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու դեմքին։ Իրավաբաններն այդ ժամանակ բարձրաձայնում էին Սիմոնյանին խուլիգանություն կատարելու համար պատասխանատվության ենթարկելու մասին։ ԱԺ նախագահը, սակայն, որևէ պատասխանատվության չենթարկվեց։ Պատմությունն ավարտվեց Սիմոնյանի ներողությամբ։
Միջադեպի բոլոր մանրամասները՝ հակիրճ
- «ՀՀ անվտանգության երաշխավորը մեզ առաջնորդել է դեպի սպանդանոց»․ Նիկոլ Փաշինյան
- «Ընդդիմադիրները պատերազմի կուսակցություններ են»․ Հայաստանի ԱԺ նախագահ
- Ռոբերտ Քոչարյանը՝ վարչապետի թեկնածու․ ո՞վ կստանա ընդդիմության ձայների առյուծի բաժինը
Պարզաբանում կա, ներողություն՝ ոչ․ ի՞նչ է ասել Սիմոնյանը
Խորհրդարանի խոսնակը նույն օրը տեսանյութով ներկայացրել է միջադեպի մանրամասները։ Սիմոնյանը պատմել է, որ ճանաչել է ակտիվիստ Միքայել Մարգարյանին։ Վերջինս համացանցում բազմաթիվ տեսանյութեր է անում իր մասին, մինչև անգամ գնացել է իր երեխայի դպրոց։ Ուստի ցանկություն չի ունեցել շփվել նրա հետ և առաջարկել է հեռու մնալ՝ «միգուցե մի քիչ կոպիտ»։
«Երբ նա սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին, անընդհատ մոտ գալ ու սադրել, հենց ինքը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, ինչը երևում է տեսանյութում: Ես իրեն պատասխանեցի, փորձեցի հեռանալ։ Այդ ընթացքում ևս մեկ անձնավորություն մոտեցավ, ով, ինչպես հետո պարզվեց, ինչ-որ կուսակցության ղեկավար է: Նա եկել էր իր ընկերոջ «բարի համբավը» պաշտպանելու և սկսեց թռնել իմ ուղղությամբ, որին ոստիկանները հեռացրեցին»,- պատմել է Սիմոնյանը։
Արդեն այսօր ԱԺ նախագահը հայտարարել է՝ կազմակերպված, ուղղորդված սադրանք է եղել և հավելել՝ «ինչքան մոտենանք ընտրություններին, այնքան նման դեպքեր շատ են լինելու»։
Պաշտոնյայի` քաղաքացուն հայհոյելու մասին հարցերին արձագանքել է հետևյալ կերպ․
«Հերիք ա մեզ դեմ տաք՝ դուք պաշտոնյա եք, դուք ԱԺ նախագահ եք, հերիք ա էդ դեմ տաք և համարեք, որ կարելի ա Ալենին, մյուսին, մյուսին ամեն ինչ [ասել] ․․․ չի լինելլու։ Որևէ մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը, կանոնագրքին, օրենքի նկատմամբ հարգանքին»,- պնդել է Սիմոնյանը։
«Օրենք խախտե՞լ է»․ ՔՊ վարչության անդամ
Ազգային ժողովի փոխխոսնակ, իշխող կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն ասում է՝ միջադեպը տեսնող ցանկացած մարդ հասկանում է՝ ինչ է տեղի ունեցել, ինչու և ինչպես։ Կարծում է՝ հավելյալ քննարկման կարիք չկա։ Խոսքն, այդ թվում՝ վարչության նիստում հարցը քննարկելու մասին է։
«Ձեր մատնանշած քաղաքական գործիչը եկել ու սկսել է սադրել ԱԺ նախագահին։ Դրա համար էլ ստացել է պատասխան»,- շեշտել է նա։
Ռուբինյանը հարցրել է՝ օրենք խախտե՞լ է Սիմոնյանը և պատասխանել՝ «եթե դա [սեռական բնույթի հայհոյանքը] օրենքի խախտում է, ուրեմն տղամարդիկ պետք է առնվազն հազար անգամ նստած-հելած լինեին»։
Լրագրողները մի քանի անգամ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սիմոնյանն օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է, ինչը վրդովվեցրել է Ռուբինյանին։ Դիտարկումներին նա արձագանքել է հեգնական մեկնաբանությամբ։
«Իշխանության ներկայացուցիչը պետք ա փորձի լինել հնարավորինս զուսպ, հնարավորինս սուրբ։ Եվ այսպես շարունակ։ Պետք ա սպանի իր մեջ մարդուն, էգոն։ Երբ իրեն վիրավորում են, պետք ա փորձի չվիրավորել, երբ լրագրողներն են իրեն վիրավորում, պետք ա մեղմ ժպիտով ասի՝ հարգելի լրագրողներ, և պատասխանի իրենց հարցերին։ Երբ լրագրողները տալիս են անտակտ հարցեր, անազնիվ, տենդենցիոզ հարցեր, պետք ա համբերատար նստի և սպասի, ժպտալով ասի՝ հաջորդ հարցը»,- նկատել է նա։
Էթիկայի կանոնագրքի սահմանումները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի կանոնագրքի համաձայն՝ կուսակցության անդամները պարտավոր են՝
- «հարգալից և արժանապատիվ վերաբերմունք դրսևորել բոլոր անձանց՝ միմյանց, գործընկերների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիների հետ հարաբերություններում,
- մերժել ատելության խոսքը, վիրավորանքը, ոտնձգությունը, ահաբեկումը կամ որևէ այլ ճնշման ձև՝ ինչպես առերես, այնպես էլ առցանց հաղորդակցության ընթացքում»։
Բացի այդ, նշվում է, որ կուսակցությունը մերժում է հանրային միջավայրում բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական գործընթացներում․
«Կուսակցության անդամները՝ հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում՝ ներառյալ սոցիալական մեդիաներում, ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն և հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաև խթանել հանդուրժողականություն»,- սահմանում է փաստաթղթի 4-րդ դրույթը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ ԱԺ նախագահը հայհոյել է քաղաքացուն