«Հուսահատ կերպով հնացած են»․ Փաշինյանը՝ Քոչարյանի պատկերացումների մասին
Փաշինյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանին
«Պարոն Քոչարյանի [ՀՀ երկրորդ նախագահ] գիտելիքներն ու իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են»,- ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով TRIPP-ի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:
Քոչարյանն ասել է, թե «Թրամփի ուղին» հայ-ամերիկյան նախագիծ է, «բայց նախատեսված Ադրբեջանի և Թուրքիայի համար»։ Երկրորդ նախագահի բնորոշմամբ՝ հայկական շահը այնտեղ չի երևում, ամերիկյանը՝ նույնպես։ Կարծում է՝ Վաշինգտոնն այդ նախագծի օգնությամբ ուզում է «վերահսկողության տակ վերցնել Իրանը»։
Այս հայտարարությունները վարչապետ Փաշինյանը «հնացած» պատկերացումների հետևանք է որակել։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի՝ «տնտեսական շահ չունենալու» մասին Քոչարյանի պնդմանը, Փաշինյանը նկատել է․ «ԱՄՆ-ն ամբողջությամբ կառուցված է տնտեսական տրամաբանության վրա», իսկ նախագահ Թրամփի «բոլոր որոշումներն ունեն տնտեսական հիմնավորում»։ Անդրադարձել է նաև Հայաստանի համար ակնկալվող օգուտներին։
«TRIPP նախագծով բազմամիլիոն, հարյուրավոր միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանում։ Ներդրումային խոշոր ծրագիր է, որը, իհարկե, անվտանգային խոշոր երաշխիքներ է բերելու իր հետ»,- ընդգծել է Փաշինյանը։
Ճեպազրույցի ժամանակ վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միացնելուն, ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցմանը, եկեղեցի-իշխանություն հակասություններին և ոչ միայն։
Կարևոր դրվագները՝ ստորև
- «Հայաստանը վերադառնում է այն արեալ, որից դուրս էր մղվել»․ կարծիքներ «Խաղաղության խորհրդի» մասին
- «ՀՀ-ն կվերականգնի երկաթուղային կապը Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ լինի դա ՌԴ հետ, թե առանց». կարծիքներ
- ԱՄՆ-ը մասնաբաժինը TRIPP-ում կլինի 74%․ Երևանի ու Վաշինգտոնի նոր հայտարարությունը
«Սպառնալիք չէ Հայաստանի համար»․ Ադրբեջանի էներգետիկ համակարգին միանալու մասին
Վարչապետի դիտարկմամբ՝ ՀՀ-ն ու Ադրբեջանն ունեն էներգետիկ ավելցուկ, ինչը նշանակում է՝ տարածաշրջանում շատ մեծ պոտենցիալ կա միջազգային շուկաներին հասանելիություն ստանալու իմաստով։
«Մեր երկու երկրների շահագրգռվածությունն այս հարցում այն է, որ արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն կստանանք։ Ադրբեջանն էլ, մասնավորապես՝ ավելի շահագրգռված է դեպի Նախիջևան էներգետիկ փոխանցումներ ունենալու համար»,- նկատել է նա։
Փաշինյանը հայտարարել է՝ ՀՀ էներգետիկ համակարգը միացած է Վրաստանին և Իրանին։ Կարծիք է հայտնել, թե «ճիշտ կլինի, որ այն միացած լինի նաև Ադրբեջանին և Թուրքիային»։
Շեշտել է՝ Հայաստանն առնվազն տրանզիտից կարող է օգուտներ, եկամուտներ ստանալ, ինչն էլ, իր հերթին, նոր հնարավորություններ կստեղծի նաև մասնավոր ընկերությունների համար։
Փաշինյանի գնահատմամբ՝ ՀՀ-ն այդտեղ սպառնալիքներ չի տեսնում, այլ միայն հնարավորություններ։ Բացի այդ, էներգետիկ համակարգերի միացումը կարող է դառնալ «խաղաղության ամրապնդման միջոց»։
«Ես նույնպես գոհունակություն եմ հայտնել»․ Ալիևին շնորհակալ լինելու մասին
Սոցցանցերի հայկական տիրույթում բուռն արձագանք էր գտել Դավոսի տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը։ Նա շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին «դրսևորած քաղաքական կամքի համար», որի նպատակը «միայն խաղաղությունն է եղել»։ Խաչատուրյանի բնորոշմամբ՝ «ոչ թե իշխանության մնալն է խնդիրը եղել, այլ խաղաղ ապրելը»։
Անդրադառնալով այդ թեմային՝ Հայաստանի վարչապետը նկատել է՝ ինքն անձամբ է հրապարակային կերպով գոհունակություն արտահայտել Ադրբեջանի նախագահի կայացրած մի շարք որոշումների հետ կապված․
«Եթե Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս հացահատիկ և դիզելային վառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում․․․ Ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում՝ դատափետենք»։
Փաշինյանի խոսքով՝ հայ հանրության առաջադրած մի շարք խնդիրներ լուծվել են։ Օրինակ է բերել, մասնավորապես՝ 4 հայ գերիների վերադարձը Բաքվից։
Արձագանքելով Լեռնային Ղարաբաղի կորստի վերաբերյալ դիտարկմանը՝ հերթական անգամ հայտարարել է, որ ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։
«Խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ, աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է։ Ճշմարտությունն այն է, որ ՀՀ-ն մերը չէր և այլևս մերն է»,- շեշտել է նա։
Միևնույն ժամանակ նկատել է՝ այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն կառավարության որդեգրած քաղաքականության հետ, կարող են հեղափոխություն իրականացնել։
«Որոշում կկայացվի բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո»․ նոր ատոմակայանի մասին
Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են՝ կառավարությունն արդեն կայացրե՞լ է որոշում նոր ատոմակայանի կառուցման շուրջ, համագործակցելու է ԱՄՆ–ի՞ հետ` հաշվի առնելով 2025 թ. օգոստոսի 8–ի վաշինգտոնյան համաձայնությունները։
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է՝ ԱՄՆ-ում ստորագրվել է մտադրությունների մասին 3 հուշագիր, դրանցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան․
«ՀՀ կառավարությունն իր համագործակցությունը զարգացնում է տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների` Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ»։
Ըստ նրա՝ որոշումները կկայացվեն բոլոր հնարավոր հարցերի պատասխանները ստանալուց հետո։
«Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն». կաթողիկոսի հեռացման մասին
Կառավարության ղեկավարը վստահեցրել է՝ պետությունը հակամարտության մեջ չէ Հայ Առաքելական եկեղեցու հետ․
«Կա եկեղեցու իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում։ Մենք թույլատրելի և օրինական բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»։
Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանը կաթողիկոսին հեռացնելու թեման օրակարգում է պահում: Սկզբում վարչապետը նշում էր, որ Գարեգին Բ-ն պետք է հեռանա, քանի որ խախտել է կուսակրոնության ուխտը, դուստր ունի: Ավելի ուշ այդ մեղադրանքին միացավ մեկ ուրիշը, թե, իբր, կաթողիկոսն «ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին»:
Վարչապետն ու թիմակիցներն անօրինական են համարում նաև կաթողիկոսին հեռացնելու օրակարգին միացած տարբեր եկեղեցականների կարգալուծության որոշումները։ Հայտարարում են՝ Գարեգին Բ-ն կաթողիկոս չէ, ուստի նրա որոշումներն էլ ուժ չունեն։
Լրագրողները եկեղեցի-կառավարություն զուգահեռ են անցկացրել և նկատել՝ նույն կերպ «ինչ-որ մեկը կարող է վիճարկել կառավարության լեգիտիմությունը»։
«Մենք ժողովրդից ստացել ենք այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ, և մենք Կտրիճ Ներսիսյանի [Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը] նման ինքնակոչ չենք»,- արձագանքել է Փաշինյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանին