«Փաշինյանը վերարտադրվելու շանսեր չունի, ակտիվ մասնակցելու ենք ընտրություններին»․ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը՝ 2026 թ․-ի ընտրությունների մասին
2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը «վերարտադրվելու շանսեր» գրեթե չունի։ 5-րդ ալիքին տված հարցազրույցում նման պնդում է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա համոզմամբ՝ Փաշինյանն ընտրողների մի զանգվածի վրա շարունակում է ազդեցություն ունենալ, բայց նրանց թիվը շեշտակի նվազել է, իսկ վարչապետի վարկանիշն անկում է ապրել։
Անդրադառնալով իր կողմից ղեկավարվող ուժին՝ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը, նկատել է՝ պատրաստ են «ակտիվ և ծանրակշիռ» մասնակցություն ունենալ ընտրություններին։ Չի բացառել, որ նախքան ընտրությունները երկրում կարող են լինել իրավիճակներ, որոնք կարագացնեն իշխանափոխության գործընթացը։ Մանրամասներ, սակայն, Քոչարյանը չի հայտնել։
Կարծում է՝ «Հայաստան» դաշինքից բացի քաղաքական դաշտում կա ևս մեկ «մեծ միավոր»՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող նոր ուժը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ Քոչարյանի՝ «երկու մեծ միավորի» թեզը փաստերով չի հաստատվում։
««Հայաստան» դաշինքը գործնականում անգործունակ է։ Սամվել Կարապետյանի ուժը դեռ չի ծնվել։ Իսկ քաղաքական դաշտի «ֆունդամենտալ փոփոխությունը» դեռ սպասում է իր իրական դերակատարներին, ոչ թե պատրանքներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սուրենյանցը։
Երկրորդ նախագահի հայտարարությունները, փորձագիտական կարծիք
- Փաշինյանը ՀՀ-ում ամենավստահելի գործիչն է, բայց նվազած վարկանիշով․ IRI-ի հարցման արդյունքները
- Հոգևորականի օրագիրն ու ՀՀ-ում հեղաշրջման փորձը․ մանրամասնում է ՔԿ-ի նախագահը
- «Նախկիններն ուզում են ցույց տալ, թե մենք էլ ենք իրենց պես թալանչի»․ Փաշինյան
- Ի՞նչ ապօրինի գույք ունի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Քոչարյան․ «Սամվել Կարապետյանի նոր ուժը մեծ պոտենցիալ ունի»
Հայաստանի երկրորդ նախագահի համոզմամբ՝ ներկայիս իրավիճակում հնարավոր չէ ասել, թե ընդդիմադիր դաշտում ամեն ինչ իդեալական է։ Ասում է՝ կա ուժեղ մրցակցություն, որը «միշտ չէ, որ առողջ է»։
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ՀՀ քաղաքական դաշտում կա 2 մեծ միավոր՝ «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող նոր ուժը։ Երկրորդի մասշտաբներից տեղյակ չէ, բայց վստահ է` պոտենցիալը բավականին մեծ է․
«Փաշինյանը Սամվել Կարապետյանի համար բավականին աղմկոտ մուտք ապահովեց քաղաքական դաշտ։ Երևի կարծում էր՝ գործարար է, մեծահարուստ է, բանտային պայմաններում կկոտրվի, գործարքի կգնա»։
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը Հայաստանում երկամսյա կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։ Հուլիսին նա հայտարարել էր քաղաքական նոր ուժ ձևավորելու մասին։ Գործարարը չէր բացառել նաև ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։
Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» խմբակցությունն ի սկզբանե ողջունել էր Կարապետյանի ներկայացրած քաղաքական հայտը։ Համագործակցության պատրաստակամության մասին, սակայն, որևէ բան չէր հայտարարել, միայն նշել էր, թե՝ «ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները»։
Հարցազրուցավարը հետաքրքրվել է` արդյո՞ք Սամվել Կարապետյանը կկարողանա կառավարել երկիրը։ Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը շեշտել է․
«Այդ ծավալի բիզնես զրոյից ստեղծելը նշանակում է՝ մարդը կառավարման շնորհ ունի, ճիշտ մարդկանց հետ կարողանում է հարաբերություն ստեղծել։ Քաղաքական գործունեության փորձ չունի, բայց շատ մեծ համակարգեր կառավարելու փորձ ունի Սամվել Կարապետյանը։ [Նա նաև «Հայաստանի էլետրական ցանցեր» ընկերության սեփականատերն է։] Կստեղծեն քաղաքական թիմ ու կլրացնեն այն համապատասխան մարդկանցով։ Նրանք ասում են՝ տեխնոկրատներով, ինչը նորություն կլինի մեր քաղաքական դաշտում»։
Նախկին նախագահը Կարապետյանի կալանավորումը որակել է որպես «ֆանտաստիկ ապերախտություն» բարեգործի նկատմամբ, ինչպես նաև հարված բարեգործության ինստիտուտին։
Ինչ վերաբերում է գործարարին պատկանող ՀԷՑ-ի պետականացման գործընթացին, նկատել է՝ գործ ունենք «պետական ռեկետի հետ»։ Չի բացառել, որ համակարգը կօգտագործվի ընտրական նպատակներով․
«Միգուցե նպատակն այն է, որ գալիք ընտրություններին ժամանակավոր տնօրեն ունենան բաշխիչ ցանցերում և հետագայում օգտագործեն այդ համակարգը ընտրական պրոցեսների համար՝ հնարավորինս քամելով այդ ռեսուրսը»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի մեկնաբանությունը
«Համակ ուշադրությամբ հետևեցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ ակնկալիքով, որ կլսեմ լուծումներ, հանրային կոնսոլիդացիայի վերաբերյալ բանաձևեր:
Սպասումներս, ցավոք, չիրականացան, որովհետև Քոչարյանը չի կարողանում հաղթահարել սեփական քաղաքական դերի գերագնահատման բարդույթը:
Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե այսօր քաղաքական դաշտում ձևավորվել են երկու մեծ միավոր՝
- «Հայաստան» դաշինքը,
- Սամվել Կարապետյանի ստեղծվող ուժը։
Սակայն փաստերը բացարձակ այլ պատկեր են ցույց տալիս։
«Հայաստան» դաշինքի իրական վիճակը
2021 թ․-ի [արտահերթ խորհրդարանական] ընտրություններից հետո դաշինքը զրկվել է երկրորդ կուսակցությունից․ «Վերածնվող Հայաստան»-ը լքել է այն։
Քոչարյանի գործոնով պայմանավորված՝ ոչ միանշանակ իրավիճակ է ստեղծվել ՀՅԴ ներսում, որի վերնախավում և շարքերում կարծես գոյություն չունի միանշանակ կոնսենսուս երկրորդ նախագահի լիդերության շուրջ:
Ուրեմն, քաղաքական կամ ինստիտուցիոնալ առումով՝ ի՞նչ է «Հայաստան» դաշինքը:
Դաշինքը 2021 թ․-ից չի մասնակցել ոչ մի ՏԻՄ ընտրության, չկար Երևանի, Գյումրիի ընտրություններում, չի ներգրավվել ամենազանգվածային՝ «Սրբազան պայքարում», չի աջակցում իմպիչմենտի գործընթացին՝ բերելով ոչ լոգիկ բացատրություններ, արհեստական կոնտրաստ ստեղծելով իմպիչմենտի գործընթացի և 2026 թ․-ի ընտրությունների միջև:
Այսօր «Հայաստան» դաշինքը փաստացի գործում է միայն խորհրդարանական խմբակցության ձևաչափով և չունի կազմակերպված քաղաքական գործունեություն, ինստիտուցիոնալ կառույց:
«Հայաստան» դաշինքն այս պահին մեծ միավոր չէ, այլ խորհրդարանական մնացորդ:
Այս պարագայում, ո՞րն է «մեծ միավորը», որի մասին խոսում է Քոչարյանը։
Սամվել Կարապետյանի ուժի մասին
Քոչարյանը «մեծ միավոր» է համարում մի ուժ, որը դեռևս գոյություն չունի՝
- չկա գրանցված կուսակցություն,
- չկա գաղափարախոսություն կամ ծրագիր,
- չկա կառույց և հրապարակային գործունեություն։
Կարապետյանի միակ առավելությունը՝ ֆինանսական ռեսուրսը, դեռ ոչ մի կերպ չի վերածվել քաղաքական կապիտալի:
Սամվել Կարապետյանի ձևավորվելիք ուժն, անշուշտ, ունի պոտենցիալ, սակայն ինչպե՞ս կարելի է խոսել ազդեցության մասին, երբ ուժը նույնիսկ իրավաբանական հարթությունում չկա։
Քոչարյանի թեզի իրական ենթատեքստը
Քոչարյանը փորձում է ստեղծել տպավորություն, թե քաղաքական դաշտը բևեռացվում է իր շուրջը, բայց իրականում՝
- դաշնակցային դաշտում նրա մեկուսացումն ակնհայտ է,
- մյուս կուսակցությունները, անհատները խուսափում են նրա հետ նույն հարթակում հայտնվել,
- նրա հայտարարությունները ավելի շատ պահպանում են դերակատարության պատրանք, քան արտացոլում իրականությունը։
Քոչարյանը ոչ թե համախմբող, այլ դեկոնսոլիդացնող ուժ է, որի ներկայությունը բարդացնում է ընդդիմադիր ճամբարի հնարավոր համախմբումը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռոբերտ Քոչարյանը՝ 2026 թ․-ի ընտրությունների մասին