Հայաստանում պահանջում են կրկին կալանավորել կոռումպացված գեներալին
Հայաստանում Առաջին ատյանի դատարանը որոշել է 25 մլն դրամ (55 հազար դոլար) գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Դրան ի պատասխան գեներալի հայրենի Էջմիածին քաղաքում փողոց էին դուրս եկել հարյուրավոր վրդովված մարդիկ։ Նրանք բողոքում էին դատարանի որոշման դեմ և պահանջում կրկին կալանավորել նախկին պատգամավորին։
Ի՞նչի համար է մեղադրվում Գրիգորյանը
Հայաստանի գլխավոր դատախազը սկզբից միջնորդություն էր ներկայացրել Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին, քանի որ նա կասկածվում էր զենքի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար։ Գրիգորյանն Ազգային ժողովի պատգամավոր էր Հանրապետական կուսակցությունից։
Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել էր նրա առանձնատունը։ Մեծ քանակությամբ զենքից բացի այնտեղ հայտնաբերվել էին նաև բանակի համար նախատեսված պահածոներ, անձնական հիգիենայի պարագաներ, ներքնազգեստ։ Այդ ամենը Ղարաբաղում 2016թ-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ուղարկել էին ողջ աշխարհի հայերը՝ հասարակ քաղաքացիները, անգամ սոցիալապես անապահովները, տարբեր հասարակական և առևտրային կազմակերպությունները։
Հայաստանի ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի կադրերում մարդիկ տեսան նաև Գրիգորյանի մեքենաների պարկը՝ տասնյակ ավտոմեքենաներով, այդ թվում՝ հազվագյուտ, անշարժ գույքի սեփականության բազմաթիվ վկայականներ։
Պարզվեց նաև, որ գեներալը յուրօրինակ կենդանաբանական այգի ունի՝ վագրերով, արջերով և ջայլամներով։ Եվ այդ կենդանիներին կերակրել են զինվորի մթերաբաժնով։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի գործն անվանել էր անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն բացահայտումը։
ԱԱԾ տեսանյութը բուռն քնարկվում էր սոցցանցերի օգտատերերի շրջանում։ Մարդիկ շոկի մեջ էին նրանից, թե ինչ էին իմացել, և հատուցում էին պահանջում։
Ինչո՞ւ են Գրիգորյանին բաց թողել
Խափանման միջոցը փոխելու առիթը եղել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։ Նրա փաստաբանը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել էր այն մասին, որ իր վստահորդը մահվան եզրին է։ Մանվել Գրիգորյանն օնկոլոգիական հիվանդություն ունի։
Պաշտպանող կողմը կարծում է, որ ոչ մի իմաստ չկա Գրիգորյանին բանտում պահելու, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի խոչընդոտի օբյեկտիվ հետաքննությանն ու մտադիր չէ երկիրը լքել։
• Կոռուպցիայի դեմ պայքար Հայաստանում․ JAMnews-ի՝ նոր կառավարության առաջին քայլերի մասին շարքից
Ինչո՞ւ էին մարդիկ փողոց դուրս եկել
Դատարանի որոշման հաջորդ օրը Էջմիածնի դժգոհ քաղաքացիները փակեցին Երևան-Էջմիածին և Երևան-Արմավիր մայրուղիները։ Նրանք հանդիպում էին պահանջում արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի հետ։ Մարդիկ բացատրություն էին պահանջում դատարանի որոշման վերաբերյալ։
Այնուհետև բողոքի ակցիաները շարունակվեցին մայրաքաղաքում։ Արդյունքում, ցուցարարներին հաջողվեց հանդիպել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Նա հաղորդեց, որ գլխավոր դատախազությունն արդեն որոշում է կայացրել բողոքարկելու Առաջին ատյանի դատարանի վճիռը․
«Մենք կարծում ենք, որ նրա հիվանդություններն այնպիսին չեն, որ անհամատեղելի լինեն կալանքի տակ մնալու հետ։ Այդ հիվանդությունների համատեղելիությունը պարզելու համար, որոնցով տառապում է մեղադրյալը, փորձաքննություն է անցկացվել, փորձաքննության եզրակացությունը դեռ չկա»։
Գլխավոր դատախազը հաղորդել էր նաև, որ ինքը վստահ չէ, որ ազատության մեջ գեներալ Մանվել Գրիգորյանը ճնշում չի գործադրելու քննության վրա․
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ, լինելով ազատության մեջ, Մանվել Գրիգորյանը կարող է օրենքով պահանջվող վարք չցուցաբերել։ Եվ մենք հիմնավորում ենք մեր այդ ենթադրությունները»։
Սոցցանցերի արձագանքը
Օգտատերերն, ընդհանուր առմամբ, բացասաբար արձագանքեցին Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշմանը։ Ահա մի քանի տիպիկ մեկնաբանություն Ֆեյսբուքից․
«Վերջ, նոր կառավարություն։ Այլևս հավատ չկա, բոլորը փողի հետևից են վազում»։
«Եթե բաց էիք թողնելու, ինչո՞ւ էիք նրա կալանավորումը ողջ աշխարհին ցուցադրում»։
[custom-related-posts title=”ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ” order_by=”title” order=”ASC” non