Սա շարքի երկրորդ հոդվածն է: Այն ներկայացնում է բոլոր մանրամասները երկրում տեղի ունեցած անօրինականությունների դեմ պայքարի մասին " />

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում. JAMnews-ի նոր շարքը երկրի կառավարության առաջին քայլերի մասին

Սա շարքի երկրորդ հոդվածն է: Այն ներկայացնում է բոլոր մանրամասները երկրում տեղի ունեցած անօրինականությունների դեմ պայքարի մասին

Լուսանկարը՝ Տիգրան Պետրոսյանի

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 2018 թվականին թավշյա հեղափոխության արդյունքում կատարվեց իշխանափոխություն: Մայիսի 8-ին ՀՀ ազգային ժողովը վավերացրեց երկրում իրականացված հեղափոխության արդյունքները՝ վարչապետ ընտրելով Նիկոլ Փաշինյանին:

JAMnews-ը սկսել է շարք, որն անդրադառնում է հեղափոխական վարչապետի առաջին քայլերին: Այս հոդվածում.  Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մանրամասները՝ լուծումներով և հարցականներով:

•   Շարքի առաջին հոդվածում՝ ամեն բան կառավարության նոր կազմի մասին

 Հ

այաստանի առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկը՝ կոռուպցիան, վերածվել է երկրի ազգային անվտանգության սպառնալիքի: Կոռուպցիայի դեմ պայքարը երկրի բոլոր ժամանակների իշխանությունները հայտարարել են առաջնահերթություն, սակայն այդ պայքարին զուգընթաց գրանցել են միայն այդ երևույթի կայուն տարածում: Ներկայիս կառավարությունն առաջինն է, որ կոռուպցիայի դեմ իրական քայլեր է գործադրում: Բայց սկսենք հայտարարություններից:

Նիկոլ Փաշինանի հակակոռուպցիոն ելույթները

Մինչև վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից բազմիցս խոսել է կոռուպցիայի մասին՝ նախորդ իշխանությանը համարելով ամենակոռումպացվածը: Իսկ հունիսի 7-ին՝ արդեն վարչապետի պաշտոնում կառավարության ծրագիրը ներկայացնելիս, հայտարարել է.

«Մենք արմատախիլ ենք անելու կոռուպցիան և որոշումների կայացման կոռուպցիոն մեխանիզմները, և համոզված եմ, որ դա անելու ենք հեշտությամբ, որովհետև երբ երկրի ղեկավարը թաթախված չէ կոռուպցիայի մեջ և կաշկանդված չէ կոռուպցիոն որևէ խարդավանքով, սա արդեն կոռուպցիան ջախջախելու կարևորագույն նախապայման է»:

Հակակոռուպցիոն նոր հանձնաժղով

Հայաստանի յուրաքանչյուր նոր կառավարություն նախաձեռնել է հակակոռուպցիոն մարմնի ստեղծում: Մինչ օրս մեծ գումարներ են ծախսվել հակակոռուպցիոն կենտրոնների, քննարկումների, կոնֆերանսների վրա: Եվ արդարադատության նոր նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 18-ին, նշանակվելուց անմիջապես հետո հայտարարել է.

«Կառավարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին»:

Երևույթի դեմ պայքարն ակնհայտ է, սակայն հակակոռուպցիոն մարմին դեռևս չի ստեղծվել:

Բացահայտումների մեկ օրը

Հայաստանցիներն արդեն սովորել են ամեն օր լսել կոռուպցիոն բացահայտումների մասին:  Հուլիսի 16-ի օրինակով ներկայացնենք, թե սկանդալային լուրերի ինչ քանակ են սպառում հայաստանցիներն ամենօրյա ռեժիմով.

  • Հանքային ջրերի արդյունահանողները չեն մուծել մոտ 230 մլն դրամի բնօգտագործման վճարները:
  • ԱԺ նախկին պատգմավոր Մհեր Սեդրակյանի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի գազալցակայաններում 946 մլն դրամի խախտումներ են հայտնաբերվել:
  • ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը 13 մլն դրամ է օգտագործել 1300 ընտրողի կաշառելու համար:
  • Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարը 7 մլն 217 հազար դրամի վնաս է պատճառել պետությանը:
  • Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը 4,5 մլն դրամ է յուրացրել։
  • Երևանի թիվ 1 դպրոցում տնօրենը երկու աշխատողի հետ խոշոր յուրացում է արել:
  • Հանրապետական հավաքակայանի նախկին զինծառայողը՝ բժիշկների, զինկոմիսարիատների աշխատակիցների և պաշտոնատար անձանց հետ կոռուպցիոն համաձայնությամբ զինծառայությունից ազատել կամ տարկետում է ապահովել 4 տասնյակից ավելի զորակոչիկների՝ կեղծ ախտորոշումների հիման վրա:

Հատուկ գործողություններ և խուզարկություններ՝ խոշորների մոտ

Իրավապահ և հարկային մարմինները մայիսի 25-ից հուլիսի 18-ը հայտնեցին հետևյալի մասին.

  • «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն պետությանը չի վճարել 3,3 մլրդ դրամ:
  • «Սեքյուրիթի Դրիմ»  և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է 1 միլիարդ 16 միլիոն դրամ:
  • «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը 360 մլն դրամի հարկ է թաքցրել:
  • «Սպայկա» ՍՊԸ-ն  պետական բյուջե չի  վճարվել 2 մլրդ դրամ հարկ:
  • Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունները 2 միլիարդ դրամից ավելի գումար են հափշտակել:
  • Ճանապարհային ոստիկա­նու­թյան և ԴԱՀԿ աշխատակիցները մոտ 100 հազար տուգանք են գրանցել գույք ու եկամուտ չունեցող 478 անձանց անունով և մոտ 1.4 մլրդ դրամ հափշտակել:

Բացահայտումներ՝ «յուրայինների» մոտ

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր վարչապետ դառնալուն օգնած գործարար պատգամավորների նկատմամբ որևէ պարտավորություն չի զգում, և նրանց մոտ ևս բացահայտումներ արվեցին:

ԱԱԾ-ն հայտնեց, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը 8 մլրդ դրամի վնաս է պատճառել պետությանը:

• Հայաստանի ամենախոշոր սուպերմարկետներից մեկը տարիներ շարունակ խուսափել է հարկերի վճարումից 

Բացահայտումներ արվեցին նաև Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի գազալցակայաններում: Ծառուկյանը խորհրդարանական ֆրակցիաներից մեկի ղեկավարն է։

•   Հայաստանում քրեական գործեր են հարուցել հարկերի չվճարման մեղադրանքով, դրանցում շոշափվում են օլիգարխների անուններ

Իսկ գործերի գործը կարելի է համարել բացահայտումների շարքը, որ կատարվեց գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օբյեկտներում:

•  Հայաստանում ձերբակալված հայտնի գեներալին և խորհրդարանի պատգամավորին զրկեցին անձեռնմխելիությունից  

Որքա՞ն գումար է բերվել պետբյուջե

Կառավարության հուլիսի 10-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 միլիարդ 622 միլիոն դրամի վնաս, կամ չվճարված հարկը, որը պետք է վճարվի: 42 միլիոն դոլարի մասին է գնում խոսքը»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ թիվը կաճի, քանի որ դա ընդամենը 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է: Իսկ պետբյուջե դեռևս մտել է 800 մլն դրամ, քանի որ հաշվարկը նախնական է:

Գումարը՝ բյուջե, իսկ կոռուպցիոների՞ն

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Մեր նպատակը պետք է լինի ոչ թե ինչոր մարդկանց բանտերը լցնելը, այլ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմներ մշակելը»:

Այս ընթացքում բազմիցս հայտարարվել է պետությանը պատճառած վնասի հատուցման հիմքով քրգործերի կարճման մասին:

Հակադարձում բացահայտումներից հետո

Բացահայտումներից հետո մի շարք ընկերություններ պատիվ են պահանջում:

«Սպայկա», «Սեքյուրիթի Դրիմ», «Էլլիպս» ընկերությունները հայտարարել են, որ ՊԵԿ-ը ոչինչ էլ չի բացահայտել, այլ արատավորել է իրենց անունը:

Հարկեր չվճարած գազալցակայանների ղեկավարներն էլ հայտարարեցին.

«Քրեական գործերի հիմքերում դրվել են ակնհայտ անհիմն հաշվարկներ, որոնք խնդիր ունեն արդարադատության, իրավունքի գերակայության հետ»:

Պարարտանյութի սուբսիդավորման ծրագրով 38 մլն դրամ յուրացման համար մեղադրվող «Հրաշք այգի» ՍՊԸ-ն դիմում-բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին՝ ընկերության գործարար համբավին վնաս հասցնելու հայցով:

Արշավ՝ նախկին նախագահի հարազատների վրա

Հակակոռուպցիոն պայքար ծավալվեց նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանեկան շրջապատում: Ապօրինի հարստացման մեղադրանք առաջադրվեց նախագահի եղբայր Լևոն Սարգսյանին, նրա որդուն և դստերը: Նրանց տնից հայտնաբերեցին 6.6 մլն դոլարի ավանդի չեկեր: Երկրից չբացակայելու ստորագրությամբ նրանք ազատվեցին կալանքից:

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ սկսեց նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը և բերման ենթարկեց նրան ու որդուն՝ Հայկ Սարգսյանին, որը հետագայում ձերբակալվեց 10 տարվա վաղեմության գործով:

  Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կասկածվում է սպանության փորձի մեջ  

Ապօրինի հարստացման մեղադրանք առաջադրվեց նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ  Վաչագան Ղազարյանին: Նա միլիոնավոր դոլարների չհայտարարված գումարներ ուներ, ինչի մասին, ըստ իրեն, մոռացել էր հայտնել Էթիկայի հանձնաժողովին:

Եվրամիությունը՝ նոր կառավարության թիկունքին

Հայաստանում հեղափոխական գործընթացների ավարտից անմիջապես հետո

Եվրոպական Միությունը հայտարարեց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն պայքարին:

Հուլիսի 16-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն, աջակցելով նախորդ կառավարությանը, այնուամենայնիվ, հրաժարվել է մասնակցել նախորդ վարչապետին առընթեր հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև անկախ չէր համարում այդ կառույցը:

Բրյուսլ կատարած այցից հետո վարչապետ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի ակնկալիքը Եվրոպայից շատ ավելին է:

«ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի»:

Ի դեպ, հայտնի է նաև այս կապակցությամբ դեսպան Սվիտալսկու պատասխանը.

«Նոր կառավարությունը հայտարարել է, որ ԵՄի նկատմամբ ՀՀ քաղաքականության փոփոխություն չի լինելու, ուստի պետք չէ նաև սպասել Հայաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության փոփոխության»։

Դատավորների անկախություն

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առաջնային ոլոտներից է արդարադատությունը: Վարչապետ ընտրվելուց 10 օր անց Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր մտավ իր Ֆեյսբուկյան էջից և հայտարարեց.

«Յուրաքանչյուր դատավոր, ով փորձի կաշառք վերցնել, պետք է իմանա, որ իր հետևից գալու են: Բաղրամյան 26-ից [վարչապետի նստավայրի հասցեն – JAMnews] դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու, տիկնայք և պարոնայք: Որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորներին տալ որևէ հրահանգ՝ որևէ գործով»:

Պայքարի վտանգները

Հակակոռուպցիոն պայքարը ստացավ ժողովրդի միանշանակ աջակցությունն ու ոչ միանշանակ ընկալվեց գործարար շրջանակներում: Ստուգումներն ամենուր են, բիզնեսը սպասողական վիճակում է, ներդրումներ չեն արվում, տեղի են ունենում կրճատումներ:

Շատերը, ովքեր բիզնես են վարել նախորդ իշխանության ժամանակ, հիմա զգուշավոր են դարձել, և դա ազդում տնտեսության վրա:

Իսկ հակակոռուպցիոն պայքարը շարունակվում է:

JAMnews-ի այս նոր շարքի երրորդ հոդվածը կպատմի ընտրական օրենսգրքում բարեփոխումների մասին

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում