Մանվել Գրիգորյանին կասկածում են զենքի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար, նաև զինվորի մթերաբաժինը գրպանելու մեջ" />

Հայաստանում ձերբակալված հայտնի գեներալին և խորհրդարանի պատգամավորին կզրկեն անձեռնմխելիությունից

Մանվել Գրիգորյանին կասկածում են զենքի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար, նաև զինվորի մթերաբաժինը գրպանելու մեջ

Հայաստանի գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին

Գրիգորյանը Հայաստանի՝ նախկին իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է: Նրան կասկածում են զենք-զինամթերքի ձեռքբերման և պահպանման  համար:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկումներ է անցկացրել Գրիգորյանի մասնավոր տանն ու ամառանոցում: Մեծ քանակությամբ զենքից զատ հայտնաբերվել են բանակի համար նախատեսված պահածոներ, անձնական հիգիենայի միջոցներ, ներքնազգեստ: Այդ մթերքն ու ապրանքները 2016թ-ի ապրիլին ղարաբաղյան սրեցման ժամանակ հավաքվել էր մարդկանց կողմից, նույնիսկ սոցիալապես անապահով քաղաքացիների, հասարակական և առևտրային կազմակերպությունների կողմից:

ԱԱԾ տեսանյութի կադրերում Հայաստանի բնակիչները տեսան նաև պատգամավորի տասնյակ մեքենաները, սեփականության բազմաթիվ վկայականներ: Պարզվել է նաև, որ գեներալը վագրերով, արջերով և ջայլամներով կենդանաբանական յուրօրինակ այգի ունի: Եվ այդ կենդանիներին կերակրել են զինվորների համար նախատեսված սննդով:

 Մանվել Գրիգորյանը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է ՀՀԿ խմբակցությունից: Նա գլխավորում է նաև «Երկրապահ» կամավորական միությունը, դրա կազմում են Ղարաբաղի պատերազմի շատ վետերաններ, ինչպես և ինքը՝ Գրիգորյանը:

Վաղը՝ խորհրդարանի արտահերթ նիստում պատգամավորները կքննարկեն Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի գործն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն բացահայտումն է անվանել:

«Ինչպես ես, այնպես էլ հայ հանրությունը չի տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի այս գործի բոլոր մասնակիցները բացահայտվեն և պատասխանատվության կանչվեն՝ անկախ նրանց կոչումներից, կարգավիճակից: Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ», – ասել է նա:

Ձերբակալումից հետո գեներալ Գրիգորյանին են հանդիպել Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Շարմազանովը հայտարարել է, որ, եթե գեներալը մեղավոր է, նա պետք է կրի իր պատիժը.

 «Ինձ համար այդ տեսանյութը ցնցող էր, անսպասելի էր և… Անկախ անձից, անկախ հայրենիքի առջև իրականացրածից սա դատապարտելի է: Դրան արդարացում չկա: Եթե քննությունն ապացուցի Գրիգորյանի մեղքը, նա պետք է պատասխանատվություն կրի օրենքի ողջ խստությամբ, այդպիսի հարցերում կարևոր չէ ոչ մի ավանդ, ոչ մի պաշտոն, ոչ մի քաղաքական կողմնորոշում. օրենքի առջև պետք է բոլորը լինեն հավասար»:

Իսկ մինչ այդ, Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է պաշտպանել նրան: Հրանտ Անանյանն իր այս որոշումը բացատրել է ֆեյսբուքյան իր էջում նրանով, որ գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

 «Երեկ վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել»:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հատուկ Զինված ուժերի համար արտադրված իրերն ու մթերքը ԵԿՄ-ին կարող էր փոխանցվել օրինական ճանապարհով:

«Ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են կամավորական խմբեր, որոնք մեկնել  են Արցախ և ՊԲ պաշտոնական մատակարարման վրա են եղել, այսինքն՝ հստակ ստացել են սնունդ, հանդերձանք և այլն»:

Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը չուներ հատկացումներ անելուց հետո վերահսկողական մեխանիզմներ: «Երկրապահը» միայն հաշվետվություններ էր տալիս: Ստացվում է, որ ստացվածի օգտագործման մասին հաշվետվությունները կեղծվել են:

Այս բոլոր իրադարձությունների ֆոնին Էջմիածնի քաղաքապետը՝ Մանվել Գրիգորյանի տղան՝ Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել: Նա Ֆեյսբուքում գրառում է արել.

«Ես՝ Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը՝ իմ կամքով»:

ԱԱԾ տեսանյութը բուռն կերպով քննարկվում էր սոցցանցերի օգտատերերի կողմից: Այդ բոլոր քննարկումները գրեթե նույն բովանդակությունն ունեն. մարդիկ շոկի մեջ են ստացված տեղեկատվությունից և հատուցում են պահանջում: Ահա մի քանի մեկնաբանություն.

«Ես նողկանքից վատացա: Ահա այսպիսի մարդկանց կողմից է ոչնչացվել մի փոքր երկիր, որը 30 տարի պատերազմական վիճակում է գտնվում: Հենց նմանների երեսից են հարյուր հազարավոր մարդիկ փախչել Հայաստանից, նրանց թալանից, ամենաթողությունից, հաշվեհարդարից: Ըստ ռազմական ժամանակի օրենքների՝ նման արարքի համար տեղում գնդակահարում են… Հատուցման ժամը եկել է: Եվ որքան ավելի շատ թպրտաք, այնքան ավելի վատ ձեզ համար: Պահանջում ենք խնջույքի շարունակությունն՝ Հանրապետական կուսակցության մյուս անդամների հասցեներով»:

«Մանվել Գրիգորյանն, իհարկե, մի թանգարանի ցուցանմուշ է, որը կոչվում է «Շան որդիներ և դրանց լամուկներ»: Սակայն մի՞թե որևէ մեկը չգիտեր այս մասին: Բոլորը գիտեին: Եվ հիմա, եթե փողոցներում հարցնես, ցանկացածը ևս 5-10 անուն կնշի, որոնց տեղն այդ նույն թանգարանում է»:


Կարդալ ավելին JAMnews-ում