Կորոնավիրուս․ տեղաշարժի ազատություն ունեն միայն շների տերերն ու լրագրողները
Մոսկվայում և Մոսկովյան շրջանում ապրիլի 15–ից կտրուկ խստացվում են տեղաշարժի սահմանափակումները։ Մայրաքաղաքն ու շրջանը Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի արագ աճի առաջատարներն են, և սա համաճարակին հակազդելու փորձ է։
Սակայն, միաժամանակ, արտակարգ դրություն այդպես էլ չի հայտարարվել։
Փորձագետներն ասում են, որ այդ կերպ իշխանությունները մտադիր են խուսափել կանգնած բիզնեսին բյուջեից փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությունից։
Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում ապրիլի 12–ին վարակվել է 2,186 մարդ։ Նրանցից 1,306–ը Մոսկվայի բնակիչներ են։ Ընդհանուր առմամբ, ապրիլի 12–ի դրությամբ երկրում վարակված է 15,770 մարդ, մահացել է 130 մարդ։
Ապրիլի 12–ից արդեն Մոսկվայում հսկիչ անցակետեր են տեղադրվել, որոնք քաղաք չեն թողնում այլ շրջանների տրանսպորտը։ Սեփական մեքենայով դեռ կարելի է անցնել։
Սակայն ապրիլի 15–ից նրանք, ովքեր կորոշեն սեփական մեքենայով կամ հանրային տրանսպորտով երթևեկել, պետք է մեկանգամյա էլեկտրոնային անցաթուղթ ստանան (կազմված է տառերից և թվերից)։
- Պանդեմիա, Ռուսաստան․ վարակման բռնկում, բժշկությունը ծայրահեղ անպատրաստ է
- Կորոնավիրուսը Հյուսիսային Կովկասում․ վարակված են բոլոր շրջանները, մահացել է Ինգուշիայի հոգևոր առաջնորդը
- «Կարծում եմ, որ ոչ մի կորոնավիրուս չկա»․ սա ապացուցելու համար Վլադիկավկազում գրոհել են հիվանդանոցը
Ովքեր տանն ինտերնետ ունեն, կարող են գրանցվել Մոսկվայի քաղաքապետարանի կայքում և առցանց դիմել անցաթղթի համար։
Նրանց, ովքեր համացանց չունեն, անցաթղթի համարը հեռախոսով կթելադրի օպերատորը։
Այդպիսի անցաթուղթ ստանալու համար անհրաժեշտ է հիմնավորել տնից դուրս գալու պատճառը։ Դա կարող է լինել, օրինակ, բժշկի գնալը կամ տարեց ազգականներին այցելելը։ Իշխանություններն էլ արդեն իրավասու են ստուգելու հարցման արժանահավատությունը։
Ոտքով տնից կարելի է դուրս գալ առանց անցաթղթի, սակայն՝ միայն մինչև մոտակա խանութ կամ դեղատուն։ Կարելի է նաև շանը զբոսանքի տանել, բայց տնից ոչ հեռու, քան 100 մետր։
Պաշտոնական արտակարգ դրություն չկա՝ փոխհատուցում վճարել պետք չէ
Ռուսական լրատվամիջոցներն, իրավապաշտպաններն ու բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերի ռուսական տիրույթում խոսում են, որ այդ միջոցները, շատ հավանական է՝ անհրաժեշտ են, սակայն դրանք ապօրինի են։
Նման սահմանափակումները հնարավոր են միայն արտակարգ դրության պայմաններում։ Սակայն իշխանությունները հրաժարվում են հայտարարել այն։
Ինչպես նշում են փորձագետները, պատճառն այն է, որ այդ դեպքում իշխանությունները պարտավոր կլինեն փոխհատուցել մասնավոր բիզնեսի կորուստները։
Տներում պահվող շները գոհ են․ բոլորը մրցակցում են նրանց զբոսանքի տանելու հնարավորության համար
Մոսկվայի և շրջանի բնակիչները սոցցանցերում տեղադրում են հարևանների հաղորդագրությունների սքրինշոթերը, որոնք խնդրում են թույլ տալ նրանց զբոսանքի տանել իրենց շներին՝ մաքուր օդ շնչելու և միաժամանակ ոստիկանների կողմից չտուգանվելու համար, որ «անկարևոր գործով փողոցում ես»։
Մեծ արժեք են ներկայացնում նաև լրագրողների հետ ընկերական կապերը․ նրանց թույլատրվում է ազատ տեղաշարժվել։ Այդ պատճառով էլ բոլորը կապեր են փնտրում խմբագրությունում և խնդրում տեղեկանք տրամադրել, որ իրենք քաղաքում տեղաշարժվում են խմբագրական առաջադրանքի կատարման նպատակով։
