25 տարի է անցել վրաց-աբխազական պատերազմի ավարտից։ Վրաստանում սեպտեմբերի 27-ը նշում են որպես Սուխումիի անկման օր
Վրաստանում այսօր հիշում են երկրի նորագույն պատմության ողբերգական օրը՝ Սուխումի անկման 25-ամյա տարելիցը, երբ վրացական բանակը լքեց Աբխազիայի մայրաքաղաքը։
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր պետական հաստատություննում խոնարհվել են դրոշները։
Ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակը հարգելու համար Թբիլիսիի Հերոսների հուշահամալիր էին եկել զոհվածների ընտանիքի անդամներն ու հարազատները։
Այստեղ էին նաև պատերազմի մասնակիցներն ու Վրաստանի կառավարության ներկայացուցիչները, փոխանցում է Նովոստի-Գրուզիան։
• Աբխազիայում զինված հակամարտությունը սկսվել է 1992 թ-ին, տևել 13 ամիս և 13 օր և ավարտվել 1993 թ-ի սեպտեմբերի 27-ին աբխազական և հյուսիսկովկասյան զորքերին վրացական զինված ուժերի պարտությամբ։ Որոշ տվյալների համաձայն՝ զինված հակամարտությունը խլել է մոտ 13 հազար մարդու կյանք, փախստական է դարձել մոտ 300 հազար մարդ, առավելապես վրացիներ։
• 2008 թ-ին՝ օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի կառավարությունն Աբխազիան ճանաչել է որպես անկախ պետություն։ Վրաստանի կառավարությունն, իր հերթին, այդ տարածքն օկուպացված է հայտարարել։