2021 թ.-ին Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարն արժեցել է 21 մլրդ դրամից ավելի
COVID-19-ի դեմ պայքարում 2021 թ.-ին Հայաստանը ծախսել է ավելի քան 21 միլիարդ դրամ:
Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները, սակայն, չեն ներառում մյուս գերատեսչությունների՝ նույն ուղղությամբ արված ծախսերը:
Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 129-ով, մահացել է 4 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս հիվանդությունը խլել է 7997 մարդու կյանք:
Ամենօրյա վիճակագրությունից բացի հունվարի 7-ին առողջապահական գերատեսչությունը ներկայացրել է նաև տվյալներ նախորդ տարի COVID-19-ի դեմ պայքարում կատարված ծախսերի մասին:
Համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման համար 2021 թ.-ին՝ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը Հայաստանը ծախսել է ավելի քան 21 միլիարդ դրամ:
ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակված հաշվետվության համաձայն այս գումարը ծախսվել է հետևյալ ուղղություններով՝
- վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր՝ 10.883.977.658 դրամ,
- բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)՝ 2.602.441.347 դրամ,
- բուժաշխատողների պարգևատրում՝ 82.948.723 դրամ, ինչպես նաև պատվաստման գործընթացի շրջանակներում տրվող լրավճար՝ 1.229.286.016 դրամ,
- պացիենտների և բուժանձնակազմի սննդի կազմակերպում՝ 763.752.705 դրամ,
- պաշտպանիչ միջոցներով հագեցվածության ապահովում՝ 65.767.369 դրամ,
- դեղորայքի և ԲՆԱ հագեցվածության ապահովում՝ 4.550.893.776 դրամ,
- բժշկական սարքավորումներով հագեցվածության ապահովում՝ 743.483.081 դրամ,
- բժշկական կենտրոնների վերանորոգում՝ 208.250.651 դրամ,
- այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ՝ 261.992.384 դրամ,
- պատվաստանյութի տեղափոխում Հայաստան՝ 185.638.114 դրամ։
Կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման ուղղությամբ աշխատանքներ են տանում նաև երկրի մյուս գերատեսչությունները: ՀՀ ԱՆ հրապարակած աղյուսակում, սակայն, ներառված են բացառապես առողջապահական գերատեսչության կատարած ծախսերը:
Գերատեսչությունից հայտնում են, որ համավարակով պայմանավորված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն պարբերաբար, քանի որ գործընթացը շարունակական է: