Վրաստանի դատախազությունը հետաքննում է Ադրբեջանին տարածք փոխանցելու մասին գործը
Վրաստանի գլխավոր դատախազությունը քննում է ի վնաս Վրաստանի՝ Ադրեբջանի հետ պետական սահմանի մասին համաձայանագրի հարցը։
Գերատեսչության սեպտեմբերի 29-ի հայտարարությունում ասվում է, որ հետաքննություն է սկսվել արտասահմանյան պետությանը Վրաստանի տարածքի մի մասի փոխանցման փաստի առթիվ՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքի հատկանիշով։
«Հետաքննությունը սկսվել է 2020 թ-ի օգոստոսի 17-ին՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր տեղեկության հիման վրա, որը վերաբերոմ է Վրաստանի պետական սահմանների սահմանազատման կառավարական հանձնաժողովի գործունեությանը։ ՊՆ-ից ստացված տեղեկության համաձայն՝ հանձնաժողովը Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի որոշակի հատվածներ ապօրինաբար համաձայնեցրել է՝ ի վնաս իր երկրի տարածքային շահերի», — ասված է դատախազության հաղորդագրությունում։
Հայտարարությունում չի հստակեցվում, թե ինչ համաձայնության և ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, սակայն նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ սեպտեմբերի 24-ի հանդիպումից հետո Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ վրացական կողմը նոր քարտեզագրական նյութեր է ստացել Դավիթ Գարեջի վանական համալիրի մասին, որի շուրջ տարածքը երկու երկրների միջև վեճի առարկա է։ Հետևաբար՝ 2006-2007 թթ-ի վրաց-ադրբեջանական համաձայնագիրը կարող է վերանայվել։
Ինչպես հաղորդում է «Մտավարի արխի» հեռուստաալիքը, վրաց-ադրբեջնական սահմանի քարտեզները Վրաստանի ներկայիս կառավարությանն է փոխանցել Ռուսաստանում բնակվող օլիգարխ Դավիթ Խիդաշելին, որը փաստաթղթերը բերել է մոսկովյան արխիվներից։