Վրաստանում ռեստորաններն արագ թեստեր են առաջարկում հաճախորդներին։ Աշխատանքի տեսչությունը դեմ է
Ռեստորաններն ու «կանաչ կարգավիճակը» Վրաստանում
Վրաստանի աշխատանքի տեսչությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում ռեստորաններին կոչ է արել արագ թեստ չանցկացնել «կանաչ կարգավիճակ» չունեցող անձանց համար։ Գերատեսչության կարծիքով՝ միայն համապատասխան որակավորում և թույլտվություններ ունեցող լաբորատորիան կամ մասնագետն իրավունք ունեն այդպիսի թեստ անցկացնել։
Հայտարարությունում ասվում է, որ հանրային սննդի հաստատությունները վերջին օրերին ակտիվորեն տեղեկություններ են տարածում այն մասին, որ «կանաչ կարգավիճակ» չունեցողներին հաստատությունն արագ թեստավորում կանցկացնի մուտքի մոտ, որից հետո հաճախորդները կարող են ներս անցնել։
«Աշխատանքի տեսչությունը բացատրում և կոչ է անում սխալներ թույլ չտալ և ծառայության մատուցման այդպիսի մեթոդ չկիրառել», — ասված է հայտարարությունում։
Դեկտեմբերի 1-ից Վրաստանում գործարկվել է այսպես կոչված «կանաչ անձնագրերի» կամ «կանաչ կարգավճակի» հայեցակարգը։
Սա նշանակում է, որ, եթե դուք չունեք «կանաչ կարգավիճակ», այսինքն՝ չեք պատվաստվել երկու դեղաչափով, վերջին 72 ժամում ՊՇՌ թեստ կամ վերջին 24 ժամում արագ թեստ չեք արել և կորոնավիրուս չեք տարել, ապա ձեզ այլևս թույլ չեն տա մտնել սրճարաններ, ռեստորաններ, խաղատներ, կինոթատրոններ և մի շարք այլ հաստատություններ։
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ «կանաչ անձնագիր» է տրվում բոլոր նրանց, ովքեր երբևէ կորոնավիրուսով հիվանդացել են, սակայն աշխարհի տարբեր երկրներում «կանաչ» են ճանաչվում այն անձինք, որոնք վարակվել են վերջին վեց ամսում։
Ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ծերծվաձեն նույնպես քննադատել է անժամկետ «կանաչ անձնագիրը»։ Նրա խոսքով՝ ինքը չի ակնկալում, որ այսպես կոչված «կանաչ անձնագրի» գործարկումն ինչ-որ կերպ ազդելու է համաճարակի վրա։
Հատկանշական է նաև, որ Վրաստանում աստիճանաբար թափ է հավաքում պատվաստման դեմ շարժումը։ Դեկտեմբերի 5-ին Ռուսթավելու պողոտայում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել «կանաչ անձնագրերի» դեմ։