Վրաստանում բացվել են ընտրատեղամասերը․ երկրում ՏԻՄ ընտրություններ են
Վրաստանում սկսվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Քվեարկությունը մեկնարկել է 08:00-ին և տևելու է ողջ օրը։ Ընտրատեղամասերը կփակվեն 20:00-ին։ Այդ ողջ ընթացքում արգելված է քաղաքական կուսակցությունների գովազդն ու քարոզչությունը։
Հոկտեմբերի 2-ի ընտրություններին գրանցված է 43 ընտրական սուբյեկտ։ Կհաղթի այն թեկնածուն, որը քաղաքապետի ընտրություններում կհավաքի ավելի քան 50 ձայն։ Միաժամանակ, ընտրական բարեփոխման որդյունքում կիրառվում է 40 տոկոս շեմը քաղաքային խորհրդի մեծամասնական թեկնածուների ընտրության համար։
Քաղաքական գործիչներն արել են իրենց ընտրությունը, ընտրատեղամաս էր եկել նաև «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր և երկրի ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, սակայն առանց մեկնաբանությունների լքել է այն։
«Դրոա» կուսակցության առաջնորդ Ելենա Խոշտարիան լրագրողներին հայտարարել է, որ այսօրվա ընտրությունները կկանխորոշեն Վրաստանի ապագան։
«Սա հանրաքվե է ոչ թե ընդդիմության, այլ, առաջին հերթին, երկրի համար։ Այսօր քաղաքացիների ձեռքում է գլխավոր ուժը, որը մենք անվանում ենք իշխանության աղբյուր։ Երբ մարդիկ են որոշում՝ արդյոք նրանց դուր է գալիս իրենց կյանքը, թե՝ ոչ։
Բացի այդ, մարդիկ մեծ և բազմազան ընտրություն ունեն։ Նրանք կարող են ընտրել ցանկացած ընդդիմադիր կուսակցություն և իրոք այն բանի հիմք դնեն, որ ոչ մի կառավարություն չկենտրոնացնի իշխանությունն ու չճնշի ժողովրդին։ Այդ պատճառով էլ, այո, այս ընտրությունները երկար ժամանակով կանխորոշելու են երկրի ապագան», — ասել է Ելենա Խոշտարիան։
Հաղորդվում է նաև առաջին միջադեպի մասին։ Գլդանիի ընտրատեղամասերից մեկում լեզվակռիվ է տեղի ունեցել դիտորդի և ոստիկանության միջև։ Դիտորդ Շուշանա Մացաբերիձեն հայտարարում է, որ քրեական ոստիկանության ներկայացուցիչերը հավաքվել են ընտրատեղամասի մոտ և չեն պահպանում թույլատրված հեռավորությունը։
Իրավապահները հայտարարում են, որ տեղում են գտնվում անվտանգության նկատառումներով, թեև տեղամասային ընտրական հանձնաժողովի ղեկավարը նրանց չի կանչել։