Վրաստանի ԱԳՆ․ վրացական դրոշի առկայությունը «3+3» հանդիպմանն անթույլատրելի է
Վրաստանն ու «3+3» ձևաչափը
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ երկրի պետական դրոշի օգտագործումը տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների՝ այսպես կոչված «3+3» ձևաչափի հանդիպմանն անթույլատրելի է, որին, գերատեսչության հաղորդմամբ, «համապատասխան արձագանք» է տրվել։
«Վրացական կողմը բազմիցս հայտարարել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը։ Մենք չենք քննարկելու Վրաստանի մասնակցությունն այդ ձևաչափին։ Մոսկվայում դեկտեմբերի 10-ին կայացած հանդիպմանն առկա էր վրացական դրոշը, ինչը մեզ համար, բնականաբար, անընդունելի է, և մենք դրան արձագանքել ենք՝ օգտագործելով համապատասխան դիվանագիտական խողովակները», — ասված է հայտարարությունում։
Դեկտեմբերի 9-ին Վրաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ երկիրը չի մասնակցելու Մոսկվայում դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպմանը և չի դիտարկելու «3+3» հարթակին միանալու հավանականությունը։
«3+3» ձևաչափի գաղափարն առաջ է քաշել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո։
Ձևաչափը նախատեսում է վեց երկրների՝ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ հարթակի ստեղծում, որպեսզի, ինչպես Էրդողանն է ասում, խաղաղություն հաստատվի տարածաշրջանում։
Ի սկզբանե, վրացական կողմը հրաժարվել է մասնակցել այդ ձևաչափին։
Սակայն Էրդողանը վերահաստատել է նախաձեռնության գաղափարը 2021 թ․ հունիսին Ադրբեջան կատարած այցի ժամանակ։
Այնուհետև Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հնարավոր է հասնել տարածաշրջանային համագործակցության միջոցով, և դա օգտակար կլինի ողջ աշխարհի համար։
«Ոչ միայն Ադրբեջանը, այլև տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ՝ Հայաստանը, ինչպես նաև ողջ աշխարհը կշահեն Կովկասում խաղաղությունից և անդորրից», — հայտարարել է Էրդողանը։