Ադրբեջանում Ռամադանի ամիսը կանցնի կարանտինի կանոններով
Սկսվել է Ռամադանը՝ պարտադիր մահմեդական պահքի ամիսը, որին հետևում են նաև հավատացյալները Ադրբեջանում:
Այս շրջանում մահմեդականները արևածագից մինչև մայրամուտ խուսափում են ուտելիքից, խմիչքից և ծխախոտից:
Այն, որ այս տարի Ռամադանը համընկավ COVID-19 համավարակի և դրա հետ կապված հայտարարված կարանտինի հետ, նույնպես ազդել է պահքի կանոնների վրա:
Պահքի էության մասին
Ռամադանի ամսում ուտել և խմել կարելի է միայն արևածագից առաջ և մութն ընկնելուց հետո:
Պահքի նպատակն է մաքրել հոգին, ապացուցել քո հավատի ուժը և Ալլահի հավանությանն արժանանալ:
Ծոմ պահել կարող են և տղամարդիկ, և կանայք, որոշակի տարիքից նույնիսկ երեխաները:
Պահքի ժամկետները կախված են լուսնային օրացույցից, և ամեն տարի մի քանի օրով առաջ են ընկնում:
Պահքն ավարտվում է համանուն տոնով: 1993-ից ի վեր այդ տոնը Ադրբեջանում նշվում է պետական մակարդակով:
- Հայաստան. առաջին անգամ Զատկի պատարագն առանց հավատացյալների է անցկացվել
- Հիջաբ կամ աշխատանք. Ադրբեջանում մուսուլման կանայք բողոքում են խտրականությունից
Պահքը կարանտինի ընթացքում
Ռամադանի ժամանակ երեկոյան ընթրիքը կոչվում է «իֆթար», և այն պետք է սկսել ջրով և ունաբով: Սովորաբար պահքի ընթացքում շատ ռեստորաններում առաջարկվում է հատուկ «իֆթար-մենյու»: Նաև ընդունված է հյուրեր հրավիրել իֆթարի: Բայց այս տարի ռեստորանները փակ են, և Կովկասի մահմեդականների գրասենյակը հավատացյալներին կոչ է անում ձեռնպահ մնալ բազմամարդ խնջույքներից և իֆթար կազմակերպել միայն իրենց ընտանիքների հետ:
Այս պահին բոլոր մզկիթները նույնպես փակ են, այնպես որ հանրային աղոթքները ինքնաբերաբար անհնար են:
Հաշվի առնելով, որ ծոմապահությունն ինքնին օրգանիզմի համար բավականին լուրջ փորձություն է և կարող է թուլացնել իմունիտետը, սոցցանցերում բանավեճեր եղան այն մասին, թե արդյոք պետք է այս տարի ընդհանրապես մարդիկ ծոմ պահեն: Սակայն հոգևոր առաջնորդները «չչեղարկեցին» պահքը, այլ միայն նախազգուշացնում էին, որ միևնույն ժամանակ չպետք է մոռանալ առողջության մասին:
Բայց Ղուրանն ինքը ենթադրում է, որ ծոմապահությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առողջությունը թույլ է տալիս, և մարդը չի վնասի իրեն: Հարկավոր չէ, որ հիվանդները և թույլ մարդիկ ծոմ պահեն, ինչպես նաև հղի և կերակրող կանայք: Հին ժամանակներում ծոմապահությունից ազատվում էին նաև ճանապարհորդները, իսկ այժմ վարորդները, ովքեր ամբողջ օրը ղեկին են:
Ադրբեջանում կարանտինային ռեժիմը ավարտվում է մայիսի 4-ին: