«Կեցցե՜ Ադրբեջանը, կեցցե՜ ոստիկանությունը»․ Բաքվի ուժայինները իրենց սատարող կեղծ ֆլեշմո՞բ են կազմակերպել
Բաքվի կոնսերվատորիայի ուսանողները ֆլեշմոբ են անցկացրել և պատշգամբից միասին «Ադրբեջանին և ոստիկանությանը փառաբանող» երգ երգել։ Սակայն այդ ակցիան քննադատություն է առաջացրել սոցիալական ցանցերում, քանի որ շատերը կարծում են․ ֆլեշմոբն իրականում կազմակերպել էր ոստիկանությունը։
Սոցցանցերում գրում են, որ ոստիկանությունը փորձում է բարելավել իր իմիջը, որը շատ է տուժել հունիսի սկզբին տեղի ունեցած միջադեպից հետո։ Այն ժամանակ ոստիկանությունը ծեծել էր Բաքվի շենքերից մեկի բնակիչներին այն բանի համար, որ նրանք չեն ուզել ենթարկվել կարանտինի պահանջներին, որը սահմանվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
• Թաքցնե՞լ կորոնավիրուսը, թե՞ անտեսել։ Թե մեկը, թե մյուսը։ Պատմություն Բաքվից
Ֆլեշմոբն այնպիսի տեսք ուներ, կարծես մարդիկ պարզապես կանգնած են իրենց պատշգամբներում, ոստիկաններին նվիրված երգ են երգում, իսկ հետո՝ ծաղիկներ նետում նրանց։ Ամեն ինչ այնպիսի տեսք ուներ, կարծես քաղաքացիները ոստիկանությանն աջակցություն են հայտնում։
Սակայն շուտով պարզվեց, որ իրականում պատշգամբում երգում էին Ազգային կոնսերվատորիայի ուսանողները՝ մուղամի մրցույթի հաղթողները։
Կարանտինի պատճառով կոնֆլիկտ ոստիկանության հետ
2020 թ–ի հունիսի 8–ին Բաքվի Յասամալի շրջանում ոստիկանությունը 11 մարդ էր կալանավորել կորոնավիրուսի համավարակի պատճառով հաստատված կարանտինի կոպիտ խախտման համար։
Հանգստյան օրերին բոլորին արգելված էր տնից դուրս գալ։ Որպես այդ միջոցի դեմ բողոքի նշան մարդիկ իրենց պատշգամբներից աղբ էին նետել ոստիկանների վրա։
Կալանքներն ուղեկցվել են ոստիկանների դաժանությամբ և բռնությամբ։ Ձերբակալվածները 10, 15 և 30 օրվա ազատազրկման են դատապարտվել։
Վերջին երկու շաբաթում Ադրբեջանում սրընթաց կերպով աճում է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը։ Վերջին մեկ օրում գրանցվել է 547 նոր դեպք, ընդհանուր առմամբ, հունիսի 26–ի դրությամբ վարակվել է 14 852 մարդ։ Նրանցից 180–ը մահացել են, 8 059–ն ապաքինվել։
Հունիսի 21–ից Ադրբեջանում կրկին խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվել։ Փակվել են առևտրի կենտրոնները, սրճարանները, շատ բիզնեսներ։
Բաքվի և մի քանի քաղաքների ու շրջանների բնակիչներին կարելի է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ օրական երկու ժամով, նախապես sms–թույլտվություն ստանալով։
Բաքվում շատերը համաձայն չեն այս սահմանափակումների հետ։ Մասնավորապես, բողոքում են երկու ժամվա սահմանափակման դեմ, քանի որ այդ ժամանակահատվածում հնարավոր չէ հասցնել կարևոր գործեր անել, օրինակ՝ բժշկի գնալ։
Բնակչության զգալի մասը նաև չի հավատում վարակման պաշտոնական վիճակագրությանն ու հերքում է անգամ համավարակի փաստը։
Երկու իրադարձություններն էլ՝ ոստկանների վրա աղբ նետելն ու պատշգամբներից երգելը, տեղի են ունեցել Բաքվի այդ նույն Յասամալի թաղամասում։ Թեև տեղացիները վստահ են, որ ֆլեշմոբը բեմադրված էր ոստիկանության կողմից, պաշտոնական հաստատում չկա։
Որոշ մեկնաբանություններ սոցցանցերից․
«Որքա՞ն եք ձգելու՝ կեղծավորություն անելով»։
«Անհաջող ներկայացում էր»։
«Ինձ շատ դուր եկավ։ Հիանալի նախաձեռնություն է։ Սկզբից ծեծեք, հետո ստիպեք երգել»։
«Եկեք ուրախանանք, որ նրանք այդքան գեղեցիկ ձայն ունեն։ Ի՞նչ կա որ․ խնդրել են, նրանք էլ երգել են։ Ես էլ կերգեի, եթե ձայն ունենայի»։