Հայրության արձակուրդ․ Հայաստանում տղամարդիկ կարող են արձակուրդ վերցնել նորածիններին խնամելու համար
Հայ տղամարդիկ այժմ կարող են հայրության արձակուրդ վերցնել, ճիշտ է, դեռևս հինգ օրով, երեխայի ծնվելուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ սեպտեմբերի 16–ին։
Փոփոխությունները վերաբերում են նաև մայրերին։ Այժմ, եթե կինը երեխա է ունեցել և արձակուրդ չի գնացել, ապա նրա աշխատանքի պայմանները չեն կարող բարելավվել մեկ տարվա ընթացքում։ Նախկինում նման պարտավորությունն ընդամենը մեկ ամիս էր գործում։
•Միայնակ մայրերը Հայաստանում։ Կանանց պատմություններ, որոնք հանդգնել են նման բան անել
Ինչպե՞ս են անցել քննարկումները
«Հայրերին արձակուրդ կտրամադրվի՝ ըստ ցանկության, իսկ արձակուրդի ամեն օրվա վճարը հաշվարկվելու է միջին օրական աշխատավարձի հիման վրա», — սեպտեմբերի 9–ին կայացած քննարկումների ժամանակ պարզաբանել է փոփոխությունների հեղինակ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Այսպիսի պրակտիկան, ըստ պատգամավորի, աշխարհի շատ երկրներում է գործում։ Հայաստանում միայն խոշոր միջազգային ընկերություններում են նախատեսված սեփական այսպիսի կարգավորումներ։
«Բացի այդ, բոլորին հայտնի է, որ երեխայի ծնվելուց հետո շատ հայրերի վճարովի «հանգստյան օրեր» են տրամադրվում, որպեսզի նրանք կարողանան երեխային այցելել և տարբեր հարցերով զբաղվել», — ասել է Վարդանյանը։
Իրենց օրինական հայրական արձակուրդից հայ տղամարդիկ կարող են օգտվել արդեն 2021 թ–ի հունվարի 1–ից։
Փոփոխությունները վերաբերում են նաև այն մայրերին, որոնք խնամում են նորածնին՝ արձակուրդ չձևակերպելով։
«Ըստ փոփոխությունների՝ այդ անձանց համար մինչև մեկ տարեկանը երեխայի համար հոգ տանելու ողջ ընթացքում նրանց աշխատանքային պայմանները չեն կարող փոխվել առավել բարենպաստ պայմաններով՝ բացառությամբ պաշտոնի կամ կատեգորիայի անվանման», — հայտնեց Ծովինար Վարդանյանը։
Ըստ պատգամավորի՝ ընդունված փոփոխությունները կրճատում են հիմքերը, որոնցով մայրերին կարելի է աշխատանքից ազատել։ Օրինակ՝ եթե նախկինում գործատուները կարող էին կանանց աշխատանքից ազատել «պաշտոնին անհամատապասխանություն» կամ «ողջ օրվա ընթացքում աշխատանքի չգալու» ձևակերպման հիման վրա, ապա այժմ այդ հիմքերը չի կարելի կիրառել։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերը հայրական արձակուրդի մասին լուրը հիմնականում դրական են ընկալել։
Ահա մի քանի մեկնաբանություն․
«Հինգ օրը քիչ է, բայց էլի բան է»։
«Ես երբեմն զբաղվում եմ իմ երեխայով, սակայն տղամարդկանց 95%–ը դա չի անում։ Մեր ընկերությունում, օրինակ, մեկամսյա արձակուրդ են տրամադրում։ Սակայն հստակ ոչ մի տեղ գրված չէ, որ դա երեխայի համար հոգ տանելու համար է։ Այնտեղ գրված է, որ մենք հասկանում ենք, որ երեխա եք ունեցել և ի վիճակի չեք աշխատանքի վրա կենտրոնանալ, այդ պատճառով, ավելի լավ է, արձակուրդ գնաք»։
«Շատ լավ որոշում է։ Ափսոս, որ օրերը քիչ են։ Երեխայի ծնվելուց հետո պետք է առավելագույնս ձգտել օգնել կնոջդ, նրա համար հենարան լինել։ Իսկ երբ նման պահերին մարդիկ ասում են, թե դա տղամարդու գործ չէ, կինը պետք է երեխաներով զբաղվի, ես այդպիսի արտահայտությունները չեմ հասկանում և չեմ ընդունում»։
«Տարօրինակ արտահայտություն է․ հայ տղամարդը հայրության արձակուրդ է վերցրել։ Հայաստանի համար սա, իհարկե, անսովոր է։ Սակայն, հավանաբար, սա նույնպես կփոխվի։ 15–րդ դարում չենք ապրում, ի վերջո»։
«Ես դեմ եմ։ Երեխաներով կինը պետք է զբաղվի։ Մենք կարող ենք ինչ–որ բանով օգնել։ Բայց դրա համար արձակուրդ գնալն ինձ համար տարօրինակ է»։