Հայ մասնագետները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտություններ իրականացնել
Օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 23-ով և դարձել 40433:
Մահացել է ևս 5 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 796-ի։
Առողջացել է ևս 96 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 32 616։
Շարունակում է բուժում ստանալ 6 793 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 176 354 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ ընդամենը 340:
COVID Antibody նախագծի շրջանակներում hայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտություններ իրականացնել։ Այս մասին տեղեկացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը․
«Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին», — գրել է Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում։
Հետազոտության մեջ կարող են ընդգրկվել այն քաղաքացիները, ում կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս գիտական հետազոտությանը, պետք է լրացնեն հղումը, այցելեն հիվանդանոց և անցնեն անվճար արյան նմուշառում։
«Մեր հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։ Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։ Նպաստեք գիտության զարգացմանը՝ միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը Covid19-ի նկատմամբ: Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ», — տեղեկացնում է Արմեն Մուրադյանը։