Պետության հաշվին բուժում և դրամական նպաստներ Հայաստանում՝ արցախյան պատերազմի վիրավորներին
Հայաստանում որոշվել է պետական օգնություն տրամադրել զինծառայողներին, որոնք վիրավորվել են Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։
Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ կառավարությունն ամբողջությամբ իր վրա է վերցնում նրանց բուժման բոլոր ծախսերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է հայտեր ընդունել և շուտով կսկսի 500 հազար դրամի փոխհատուցում տրամադրել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են Արցախյան պատերազմի ընթացքում։
Արցախում մասշտաբային ռազմական էսկալացիան սկսվել է սեպտեմբերի 27-ին։ Այն տևել է 44 օր և ստացել «Արցախյան երկրորդ պատերազմ» անվանումը։ Հրադադարը հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից համատեղ հայտարարության ստորագրմամբ։
Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ գրեթե ավարտվել են հատկացումները բոլոր պահեստազորայիններին, որոնք զորակոչվել են արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։
Ընտանիքներին, որոնք անհետ կորածներ ունեն, կես տարի ամսական 300 հազարական դրամ կվճարվի։ Այս հատկացումները սկսվել են 2020 թ-ի դեկտեմբերից։
Եթե անհետ կորած զինվորականը չհայտնաբերվի և մահացած ճանաչվի, նրա ընտանիքն արդեն մշտական նպաստ կստանա Զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության հիմնադրամից։ Նույնպիսի օգնություն կստանան գերիների ընտանիքները մինչև նրանց հայրենիք վերադառնալը։
Օգնություն վիրավորներին
500 հազար դրամ միանվագ օգնություն է նախատեսված այն վիրավորների համար, որոնք հաշմանդամություն չունեն։ Նրանք, ովքեր ավելի լուրջ վիրավորում են ստացել, և դա հանգեցրել է հաշմանդամության, ավելի խոշոր գումարներ կստանան։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մինչև ապրիլի 15-ն առցանց հայտեր կընդունվեն։ Դրանք կարելի է ուղարկել օոliոe.ssa.am կայքի միջոցով՝ անցնելով «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» բաժին։
Անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումից հետո յուրաքանչյուրին, ով հայտ է ներկայացրել, նախարարությունը կհաղորդի որոշման մասին․ արդյոք նրան օգություն հասնում է, թե ոչ։ Այնուհետև գումարը կփոխանցվի նշված բանկային հաշվեհամարին։
Վճարումներ պահեստազորայիններին
Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հաղորդել է, որ գրեթե բոլոր պահեստազորայինները, որոնք զորակոչվել են Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, արդեն ստացել են համապատասխան հատկացումները։
Միայն 3-4%-ի միջոցները դեռ չեն վճարվել։ Բանն այն է, որ որոշ պահեստազորայիններ չեն տրամադրել իրենց անձնական տվյալները կամ զորամաս հասնելուց հետո ժամանակին չեն հաշվառվել։ Հենց ստացվեն անհրաժեշտ տեղեկությունները՝ հատկացումները կփոխանցվեն նշված հաշվեհամարներին, վստահեցնում է նախարարը։
Ո՞վ է վճարում բուժման համար
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ վիրավորվածների բուժման ծախսերն իր վրա է վերցնում պետությունը։ Այս մասին փետրվարի 10-ին հաղորդել է Հայասատնի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ընդ որում, նախարարի խոսքով, պետությունը ֆինանսավորում է ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր բուժումը։ Որոշ զինծառայողներ կարող են պետության հաշվին բուժում ստանալ արտասահմանում։ Այդ նպատակով ՊՆ-ն հայտեր և ցուցակներ է ներկայացնում առողջապահության նախարարությանը կից հանձնաժողովին, և այնտեղ արդեն վերջնական որոշում է կայացվում այս հարցով։ Հանձնաժողովին արդեն ներկայացվել է 12 այդպիսի հայտ։