Հայաստանում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Վրաստանը հայ զբոսաշրջիկների համար սահմանը չի բացի
Հունիսի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 517-ով և հասել 10 009-ի։
Բուժվածների թիվն ավելացել է 25-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 427։ Շարունակում են բուժում ստանալ 6 368 մարդ:
Կորոնավիրուսից մահվան ևս 19 դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 158-ի։
- Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով
- Քաղաքական գործիչները՝ կորոնավիրուսի մասին։ Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
- Կարծիք․ Հայաստանին մեկ շաբաթից կարող է աղետ սպասվել վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով
Իսկ Վրաստանը հուլիսի 1-ից մտադիր է մասնակի բացել սահմանները որոշ երկրների զբոսաշրջիկների համար: Սակայն արդեն հայտարարվել է, որ Վրաստանը չի կարող բացել սահմանը այն երկրների համար, որտեղ կորոնավիրուսի տարածվածության բարձր ցուցանիշներ են արձանագրվում:
Խոսքն այդ թվում և Հայաստանի մասին է։ Այս մասին հաղորդել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում:
«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության գերատեսչությունն աշխատում է այդ ուղղությամբ: Կձևավորվեն երկկողմ համաձայնագրեր նվազագույն ռիսկեր ունեցող երկրների հետ: Մշակվում են և հստակեցվում գործընթացները՝ ինչպիսի թեստավորում պետք է անցնի զբոսաշրջիկը մինչև ժամանումը», — ասել է Գամկրելիձեն: