Փակվում են դպրոցներն ու մետրոն․ Ադրբեջանում կրկին խիստ կարանտին է սահմանվում
Ադրբեջնում կրկին հայտարարել են կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի կապակցությամբ կարանտինի խստացման մասին։ Փակվում է Բաքվի մետրոպոլիտենն ու երկրի բոլոր ուսումնական հաստատությունները։ Իշխանությունները զգուշացրել են մոտակա օրերին այլ արգելքների ներմուծման մասին։
• Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի նոր հակառեկորդ
Այսօր Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը հայտարարել է կորոնավիրուսով վարակման 509 նոր դեպքերի մասին։ Երկու մարդ է մահացել, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 129 մարդ։Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր Ադրբեջանում կորոնավիրուսով է վարակվել 43 789 մարդ, որոնցից 621-ը մահացել է, 39 800-ն՝ ապաքինվել։
Ելնելով սանիտարահամաճարակային իրավիճակից, կորոնավիրուսով վարակվածների բուժման ակտիվ փուլում գտնվողների թվից և վարակի տարածման արագությունից՝ հետևյալ սահմանափակումներն են կիրառվում․
• հոկտեմբերի 19-ին ժամը 00:00-ից մինչև նոյեմբերի 2-ը ժամը 06:00-ն դադարեցվում են ուղևորափոխադրումները Բաքվի մետրոպոլիտենում;
• հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 2-ը երկրի բոլոր ուսումնական հաստատություններում արձակուրդ է հայտարարվում։
Ադրբեջանի նախարարների կաբինետի հրահանգով՝ պետական կառույցների աշխատակիցների թիվը կրճատվում է մինչև 30%, մնացածն անցնում են հեռավար աշխատանքային ռեժիմի։ Այս կանոնը խորհուրդ է տրվում կիրառել նաև մասնավոր հատվածում և այլ ոլորտներում գործող հաստատություններում և կազմակերպություններում։
Ռիսկի խմբում ներառված 65 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում փողոց դուրս չգալ առանց ծայրահեղ անհրաժեշտության։
Բնակչությունը զգուշացվել է նաև այլ արգելքների սահմանման մասին կորոնավիրուսով վարակվածների թվի հետագա աճի դեպքում։
Ողջ երկրում կարանտինային ռեժիմը գործում է մինչև 2020 թ-ի նոյեմբերի 2-ը։ Ավանդաբար, կարանտինի երկարաձգման մասին նոր որոշումներն ընդունվում են օրացույցային ամսվա վերջում։