Ադրբեջանում սպասվում է լիարժեք լոքդաունի ևս երկու օր։ Մարդիկ շատ դժգոհ են և նամակ են գրում նախագահին
Հաջորդ կիրակի և երկուշաբթի՝ հունիսի 14-15–ն, Ադրբեջանի խոշոր քաղաքների բնակիչներին կրկին կարգելեն տնից դուրս գալ, և փակ կլինեն բոլոր խանութներն ու դեղատները։ Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի այս միջոցն իշխանությունները փորձարկել էին անցյալ հանգստյան օրերին։ Եվ դա հանգեցրեց նրան, որ հասարակությունում լարվածության աստիճանն ավելի բարձրացավ։
Իմանալով, որ կառավարությանը կից օպերատիվ շտաբը, ոչինչ հաշվի չառնելով, որոշել է կրկնել այդ փորձարկումը, սոցցանցերի որոշ օգտատերեր կոլեկտիվ նամակ են գրել երկրի նախագահ Իլհամ Ալիևին լոքդաունը չեղարկելու խնդրանքով։
- Ի՞նչ տեսք ուներ Բաքուն «կարանտինային լոքդաունի» ժամանակ
- Կորոնավիրուսն ու օրենքը․ ադրբեջանական կարանտինի իրավաբանական կողմը
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս պահին Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 8191 դեպք է գրանցվել։ 4606 մարդ է ապաքինվել, 98–ը՝ մահացել, 3487–ը շարունակում է բուժումը։ Ամեն օր մոտ 300 նոր դեպք է բացահայտվում։
Ընհանուր առմամբ, հատուկ կարանտինային ռեժիմն Ադրբեջանում, որը պետք է ավարտվեր հունիսի 15–ին, երկարաձգվել է մինչև հուլիսի 1–ը։ Սակայն հունիսի 15–ին երկրի ներսում կվերսկսվեն որոշ ավիաչվերթներ։
Ի՞նչ էր կատարվում նախորդ հանգստյան օրերին
Շաբաթ և կիրակի օրերին (հունիսի 6-7) Ադրբեջանի խոշոր քաղաքների բնակիչները չէին կարողանում տնից դուրս գալ նույնիսկ աղբը դեն նետելու կամ շանը զբոսանքի տանելու համար։
Որոշ դեպքերում շտապօգնությունը հրաժարվում էր կանչերին գալ։ Դեղորայք գտնելը նույպես անհնար էր։
Բակերում պտտվում էին ոստիկանական մեքենաներ և կոպտորեն ձերբակալում կարանտինը խախտողներին։ Արդյունքում՝ Բաքվի բազմահարկ շենքերից մեկի բնակիչները որպես բողոքի նշան աղբ էին լցրել ոստիկանական մեքենայի վրա։
Առավոտյան այդ շենք էին ներխուժել հատուկջոկատայինները, որոնք ձերբակալել և տարել էին 11 մարդու։ Այդ ձերբակաության կադրերը համացանցում էին հայտնվել և հսկայական սկանդալ առաջացրել։ Սոցցանցերը կիսվել էին երկու մասի, ոմանք ատում են ոստիկանությանը, ոմանք էլ ձերբակալվածներին են մեղավոր համարում։
Ակտիվիստ և նախկին քաղբանտարկյալ Գիաս Իբրահիմովն այդ առնչությամբ ակցիա էր անցկացրել․ բարձրանալով իր շենքի տանիք՝ նա ժողովրդին կոչ էր արել դիմադրել ոստիկանական ամենաթողությանը։
Այդ ամենի ֆոնին կորոնավիրուսը շատերն ընկալում են որպես փոքրագույն չարիք։
Ի՞նչ է լիելու հիմա
Ի տարբերություն նախորդ լոքդաունի՝ թույլ կտան զբոսանքի տանել շներին և երթևեկել անձնական ավտոմեքենաներով։ Վերջինը՝ միայն բացառիկ դեպքերում։ Իսկ մնացած հարցերում ամեն ինչ նախկինի պես է լինելու։
Ադրբեջանում այս լուրը շատերն ընկալեցին սարսափով և կանխավ ընկճախտի մեջ ընկան։ Ոմանք լրջորեն մտավախություն ունեն, որ նման չարդարացված միջոցները ոստիկանության ամենաթողության ֆոնին կարող են ավելի լուրջ ցույցերի բերել, քան մինչ այժմ։
JAMnews–ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը կարծում է, որ․
«Օպերատիվ շտաբն իրեն պահում է Նիկոլայ Երկրորդ ցարի շքախմբի պես։ Իբր փորձում է պայքարել վարակի դեմ, բայց դրա փոխարեն մոտեցնում է հեղափոխությունը»։