Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը. նախապատմություն ու կանխատեսումներ
Այսօր Համբուրգում կկայանա նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպումը: Մինչ այս նրանք միայն հեռախոսազրույցներ են ունեցել:
Հանդիպումը կկայանա G20 գագաթնաժողովի կուլիսներում, որը կմիավորի աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների առաջնորդներին:
Թրամփի և Պուտինի հանդիպմանը նախորդող իրավիճակը չափազանց բարդ է: ԱՄՆ-ում միանգամից մի քանի հետաքննություն է անցկացվում ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության և այդ երկրի հետ Թրամփի շրջապատի հնարավոր կապերի վերաբերյալ:
Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ, ելույթ ունենալով Վարշավայում, Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն Արևելյան Եվրոպայի և ԱՄՆ դաշնակից երկրների համար ապակայունացնող գործոն է:
Ռուսաստանում պետական լրատվամիջոցներում հակաամերիկյան անողոք արշավ է ընթանում: Սակայն քաղաքական գործիչների և դիվանագետների արտահայտություններն ավելի զուսպ բնույթ են կրում: Հանդիպման նախօրեին ռուսական ԱԳՆ-ն հայտարարել է, որ «լիարժեք» հանդիպման և այնպիսի արդիական խնդիրների, ինչպիսին է Սիրիան և Ուկրաինան, քննարկման հույս ունի:
Նախկինում երկու երկրների նախագահներն այսպես են արտահայտվել միմյանց մասին.
Թրամփը՝ Պուտինի մասին
2016թ-ի ապրիլի 28
«Նա ինձ հանճար է անվանել… շատ սիրալիր է նրա կողմից»:
2016թ-ի սեպտեմբերի 7
«Շատ ուժեղ առաջնորդ է… շատ ավելի ուժեղ, քան մեր նախագահը»:
2017թ-ի մարտի 19
«Ես նրան անձամբ չգիտեմ, բայց շատ բարդ տղա է…»
Պուտինը՝ Թրամփի մասին
2015թ-ի դեկտեմբերի 17
«Վառ մարդ է, տաղանդավոր, գտել է դեպի ընտրողների սիրտ տանող ճանապարհը»
2016թ-ի դեկտեմբերի 4
«Նա բիզնեսում հաջողության է հասել, ուրեմն խելացի մարդ է»:
2017թ-ի հունիսի 1
«Նա ավանդական քաղաքական գործիչների թվին չի պատկանում, նա թարմ հայացքներ ունի»:
Հիշեցնենք, որ Համբուրգում համաշխարհային առաջնորդների հանդիպումն անցկացվում է ոստիկանության և գլոբալիզացիայի հակառակորդների փողոցային միջև դաժան բախումների ֆոնին: Հուլիսի 7-ի տվյալներով՝ 70 ոստիկան է տուժել: Ձերբակալված հակագլոբալիստների թիվը դեռևս անհայտ է: