Թբիլիսիում կորած Շանայի Բրուքին մահացած են գտել
Երեկվանից Թբիլիսիում փնտրում էին Ավստրալիայի 31-ամյա քաղաքացի Շանայի Բրուքին, նրան ենթադրաբար, մահացած են գտել։
Ոստիկանությունը պնդում է, որ կնոջ մարմինը հայտնաբերվել է դեպքի վայրում, որտեղից կինը ենթադրաբար զանգահարել է և օգնություն խնդրել։ Դեռևս պաշտոնապես հաստատված չէ, որ դա հենց նա է, սակայն այս մասին արդեն հաղորդել են նրա ընկերներն ու կամավորները, որոնք մասնակցում էին որոնումներին։
Շանայի Բրուքին փնտրում էին մոտ 10 ժամ։ Հուլիսի 30-ին ժամը 16:00-ին մոտ նա զանգահարել է ընկերուհուն Ամերիկա և խոսել առօրեական թեմաներից։ Սակայն գրեթե կես ժամ անց Բրուքը զանգահարել է նույն ընկերուհուն և այս անգամ արդեն բղավել և օգնության կանչել։
Հայտնի է, որ այդ պահին Շանային զբոսնելիս է եղել Մթածմինդայի այգու մերձակայքում, որը Թբիլիսիի կենտրոնում գտնվող բլրի գագաթին է։
«Ձայնը լավ չէր լսվում, նա ինչ-որ մեկի հետ վիճում էր և պահանջում ձեռքերը քաշել։ Ըստ ամենայնի՝ նա հավաքել է հեռախոսի վերջին հեռախոսահամարը՝ օգնություն խնդրելու համար։ Շուտով զանգն ընդհատվել է»,- «Ֆորմուլա» հեռուստաալիքին պատմել է Շանայի Բրուքի ընկերուհի և գործընկերուհի Ռոս Թոմփսոնը։
Ոստիկանությունը, կինոլոգներն ու կամավորները սկսել են նրան փնտրել երեկոյան Մթածմինդայի այգու մերձակայքում՝ Օքրոքանիում, և շարունակել են որոնողական աշխատանքը ողջ գիշեր և առավոտյան մինչև այն պահը, երբ հայտնաբերվել է դին։ Բրուքն այդ վայրերում արշավների էր գնում, նա ֆիթնեսի սիրահար էր։
Շանայի Բրուքը Թբիլիսիում էր ապրում ավելի քան մեկ տարի և աշխատում էր որպես անգլերենի ուսուցչուհի։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել 143-րդ հոդվածով՝ «ազատությունից ապօրինի զրկելը»։