Բժշկական դիմակներն ավելի լավ են պաշտպանում, դրանց գները Հայաստանում էլի կնվազեն
Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 459–ով և դարձել 19157:
Բուժվածների թիվն ավելացել է 706-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 8 266։ 10 462-ը շարունակում են բուժում ստանալ։
Կորոնավիրուսից մահվան ևս 10 դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 319-ի։
Համավարակի սկզբից ի վեր կատարվել է 91943 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 951:
- Հայաստանի պարետատան նոր որոշումը․ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ կոչ է արել չկրել կտորից դիմակներ։ Նրա խոսքով, սովորական բժշկական դիմակները մի քանի անգամ ավելի լավ են պաշտպանում․
«Կտորից դիմակ կրելը պետք է պայմանավորված լինի միայն ֆինանսական միջոցների բացակայությամբ, ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով։ Դա շատ կարևոր է, հատկապես այն քաղաքացիներին պաշտպանելու համար, ովքեր ավելի խոցելի են։ Նույնիսկ ԱՀԿ–ն ասում է. եթե 60 տարեկանից բարձր ես և խոցելի խմբում ես, պարտադիր կրիր բժշկական եռաշերտ դիմակ, որը պաշտպանում է ջրի կաթիլը դուրս գալուց և ներս գալուց, արտաշնչելիս, փռշտալիս կամ հազալիս»։
Ինչ վերաբերում դիմակների գներին, ապա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով, խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակները վաճառվում են 100 դրամով։
«Ավտոմատ ապարատների միջոցով, այսօր նոր խմբաքանակը, երբ ստանանք, արդեն մեծածախ գինը նվազել է, դարձել է 60 դրամ։ Ընդ որում, տեղական արտադրության երկու ընկերությունն էլ գինն իջեցրել են։ Երբ նոր խմբաքանակն ստանանք, երկու հատի գինը առավելագույնը կդառնա 150 դրամ, այսինքն՝ մեկ դիմակը 70-75 դրամի շրջանակներում կվաճառվեն», — ասել է Գեղամ Գևորգյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ տարածաշրջանի կտրվածքով ուսումնասիրվել են դիմակների գները, պարզվել է, որ հարևան երկրներում իրավիճակը շատ չի տարբեվում Հայաստանից և ավելի բարվոք չէ։