Կորոնավիրուսն Ադրբեջանում․ 13-րդ մահն ու անվստահությունը վիճակագրության նկատմամբ
Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է տասներեքերորդ հիվանդը։ Նա 87 տարեկան էր և տառապում էր շաքարախտով և սրտի իշեմիկ հիվանդությամբ։
Գրանցվել է նաև վարակման 49 նոր դեպք, վարակվածներից 62–ն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։
Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվն այս պահին կազմում է 1197 մարդ, ապաքինվածներինը՝ 351։
Լրատվամիջոցներում գրեթե ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե որտեղ և ինչպես են վարակվում մարդիկ։ Սակայն իշխանությունները պարբերաբար փնովում են բնակչությանը կարանտինային ռեժիմը խախտելու համար։
Ապրիլի 14–ին, ինչպես և 12-ին, ապաքինվածների պաշտոնական թիվը գերազանցել է վարակվածներինը։ Սակայն Ադրբեջանում շատերն ընդհանրապես չեն հավատում վիճակագրությանը։ Կատակում են, որ հաշվարկներով զբաղվում է Մազահիր Փանահովը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ոչ պոպուլյար ղեկավարը, որը զեղծարարի համբավ ունի։
JAMnews–ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը կարծում է, որ ժողովուրդն, ընդհանուր առմամբ, չի հավատում պաշտոնական տվյալներին, ինչին էլ դրանք վերաբերեն․
«Չեմ կարող դատել, թե արդյոք ուռճացված է վիճակագրությունը, թե նվազեցված, կամ ընդհանրապես որևէ կերպ այն մեկնաբնել։ Սակայն 2020 թ–ի փետրվարյան խորհրդարանական ընտրություններից հետո մարդկանց մեծ մասը վերջնականապես կորցրեց վստահությունն իշխանությունների հնչեցրած թվերի նկատմամբ»։
Այս պահին Ադրբեջանում խիստ կարանտինային ռեժիմ է հայտարարվել․ փակ է մետրոն, այգիները, պուրակները, գրեթե բոլոր առևտրային օբյեկտները, կազմակերպություններն ու ձեռնարկությունները։
Փողոց դուրս գալու համար պետք է տեղեկանք ունենալ աշխատավայրից կամ իշխանությունների sms-թույլտվությունը, որը տրվում է օրական մեկ անգամ երկու ժամով։ 65 տարեկանից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է դուրս գալ տնից։
Ընդ որում, երկրում մինչև հիմա արտակարգ դրություն չի հայտարարվել, ինչն այդ արգելքներն, ըստ էության, ապօրինի է դարձնում։