Ադրբեջանում կաշառակերության համար կալանավորվել են արտգործնախարարության բարձր պաշտոնյաներ
Ադրբեջանում հակակոռուպցիոն գործողության արդյունքում պաշտոնյաներ են կալանավորվել, որոնք կարևոր դիրք էին զբաղեցնում ԱԳՆ–ում։ Նրանք խոստովանել են հանցանքն ու մանրամասներ պատմել։
ԱԳՆ տենդերային հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլազադեն, տնտեսական բաժնի կառավարման հարցերի պետ Սալիմ Ալիզադեն և հյուպատոսական կառավարման բաժնի իրավաբանական–հյուպատոսական բաժնի պետ Նուրուփաշա Աբդուլաևը հուլիսի 3–ին կալանավորվել են կաշառք վերցնելու համար, հաղորդում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը։
Ըստ պետանվտանգության ծառայության՝ Մոլազադեն ու Ալիզադեն կասկածվում են փողերի յուրացման համար, որոնք նախատեսվում էին Ադրբեջանի ԱԳՆ տարբեր կառույցների աշխատանքի համար։ Բացի այդ, «անհրաժեշտ տնտեսական ապրանքների գնման ժամանակ կասկածյալները գործարարներից պահանջել են հաշիվների վրա փոխանցում անելիս գումարի մի մասը որպես կաշառք տալ»։
Կասկածյալների տները խուզարկելիս փաստաթղթեր են հայտնաբերվել իրավաբանական անձանց կաշառելու մասին և «աշխատանքի» դիմաց ստացած փող։
Ֆարհադ Մոլազադեի և Սալիմ Ալիզադեի դեմ քրեական գործ է հարուցվել «պաշտոնեական դիրքի չարաշահում», «վատնում» և «կաշառակերություն» հոդվածներով, Նուրուփաշա Աբդուլաևի դեմ՝ «կաշառակերություն» հոդվածով։
Ձերբակալվածներն իրենց հանցագործությունները խոստովանել են տեսախցիկի առաջ։ Լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում նրանք մանրամասն պատմել են իրենց գործողությունների մասին։ Այդ մանրամասներն էլ քննարկվել են սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։
Քաղաքագետ, «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ մեջբերելով Ֆարհադ Մոլազադեի խոստովանությունը․
««Նրանք փողը տալիս էին Սալիմին, նա բերում էր ինձ։ Ես տասը տոկոսն ինձ էի վերցնում, տասը՝ տալիս Սալիմին։ Մնացածը ծախսում էինք նախարարության խնդիրների լուծման վրա»։ Ֆարհադ Մոլազադեի՝ արտգործնախարարության դեպարտամենտի ղեկավարի հայտարարությունը, որին բռնել են կաշառք ստանալիս։ Վերջին նախադասությունը նշանակում է, որ ԱԳՆ–ն, ինչպես պարզվում է, իր խնդիրները լուծել է կաշառքների հաշվին։ Այ քեզ բա՜ն։ Այս ի՞նչ է կատարվում նախարարությունում, որն աշխարհում Ադրբեջանն է ներկայացնում։ Եվ հրաժարական տալու փոխարեն Էլմար Մամեդյարովը [Ադրբեջանի արտգործնախարարը – JAMnews] այսօր առցանց համաժողով է անցկացնում ինչ–որ եվրոպական կազմակերպության հե՞տ»։