Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը
Ֆրանսիայի Սենատը ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը: 305 պատգամավոր կողմ է քվեարկել և միայն մեկը՝ դեմ։
Փաստաթուղթն ինքնին իրավական ուժ չունի և խորհրդատվական բնույթ է կրում, ինչպես և Սենատի բոլոր բանաձևերը: Այժմ Ֆրանսիայի կառավարությունը պետք է որոշում ընդունի․ այն կարող է ի գիտություն ընդունել փաստաթուղթը, բայց պարտավոր չէ այն կյանքի կոչել:
Բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, լայնամասշտաբ աջակցություն ցուցաբերել դրա խաղաղ բնակչությանը: Այստեղ խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ կատարված ռազմական հանցագործությունները հետաքննող միջազգային հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին:
Փաստաթուղթը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ջանքեր գործադրել բանակցային գործընթացը վերսկսելու համար՝ ապահովելով 1994 թվականին նախանշված սահմանները։ Այստեղ խոսվում է նաև հայկական բնակչության անվտանգությունը և տեղահանվածների վերադարձի իրավունքը ապահովելու մասին:
Ֆրանսիացի խորհրդարանականները կարծում են, որ այս փաստաթուղթը կօգնի կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
Բանաձևի զեկուցող, սենատոր Բրունո Ռետայոն իր ելույթում ասել է, որ հակամարտությունը դադարեց տեղային բնույթ կրել այն բանից հետո, երբ զավթողական և իսլամիստական քաղաքականություն վարող Թուրքիայի նախագահը զանգվածային և վճռական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին.
«Ես մեջբերում եմ հենց Էրդողանի խոսքերը. «Լեռնային Ղարաբաղը դարձել է իսլամի երկիր և վերադարձել է կիսալուսնի տակ»: Որքա՞ն էլի ագրեսիա է անհրաժեշտ, որպեսզի Եվրոպան ի վերջո հայտարարի իրական պատժամիջոցներ՝ դիվանագիտական, բայց և առավելապես՝ տնտեսական: Ե՞րբ մենք կդադարենք միամիտ լինել»:
Բանաձևի նախագիծը Սենատ է ներկայացվել նոյեմբերի 18-ին, տարբեր խմբակցությունների հինգ պատգամավորների կողմից:
Հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծ է ներկայացվել նաև Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ: Այն առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ դրա բնակչությանը Ադրբեջանի կողմից ռազմական սպառնալիքից պաշտպանելու համար: