Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունը շփման գծում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Դուշանբեում, որտեղ անցկացվում էր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Նրանք ոչ պաշտոնական շփում են ունեցել: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ ինքն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել երեք կետի շուրջ:
1.
Երկու երկրների առաջնորդները, մասնավորապես, պայմանավորվել են քայլեր ձեռնարկել շփման գծում միջադեպերը կանխելու համար.
«Մենք պայմանավորվեցինք մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տալ, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումը իջեցնելու վերաբերյալ: Ես այս պայմանավորվածության մասին տեղյակ եմ պահել Արցախի հանրապետության ղեկավարին, և այս պայմանավորվածությունը նրա համար նույնպես ընդունելի է եղել: Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն, որ հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ: Ես համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշերն իմ վարչապետ ընտրվելուց հետո եղել է ամենահանգիստ, ամենախաղաղ գիշերը»:
2.
Փաշինյանը ասել է նաև, որ զրույցի ընթացքում իրենք ևս մեկ անգամ արձանագրել են բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը.
«Մենք արձանագրել ենք, որ բանակցություններով պետք է կարգավորվի ղարաբաղյան հարցը»:
3.
Փաշինյանի և Ալիևի երրորդ պայմանավորվածությունը վերաբերում է օպերատիվ կապի համակարգի ստեղծմանը:
«Առայժմ դա համաձայնություն է: Իսկ թե ինչպիսին կլինի այդ կոմունիկացիոն կապը զուտ տեխնիկական առումով, այդպիսի կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ նրանք օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել»:
Սա երկու երկրների առաջնորդների առաջին զրույցն է, սակայն նրանք ծանոթացել են ավելի վաղ: Նրանց ծանոթացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հունիսին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ:
Փաշինյան-Ալիև առաջին երկխոսությունը
Փաշինյան-Ալիև առաջին կարճ երկխոսությունը
Posted by Ազատություն ռադիոկայան on პარასკევი, 28 სექტემბერი, 2018
Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք:
Հակամարտության կողմերը պարբերաբար հաղորդում են շփման գծում բախումների մասին և միմյանց մեղադրում սադրանքների համար: